Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվեց Հաշվեքննիչ պալատի մասին նախագիծը, որի հեղինակներն են Գագիկ Մինասյանը, Գալուստ Սահակյանն ու Սամվել Նիկոյանը:
Գագիկ Մինասյանն ասաց, որ Հաշվեքննիչ պալատը այլեւս ՎՊ-ի պես ԱԺ-ում չի հաստատելու իր տարեկան գործունեության ծրագիրը, այն լինելու է անկախ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ աուդիտորի արած աշխատանքը եթե լինի վստահելի, ոչ միայն լինի անկախ, այլեւ՝ երեւա այդպիսին, ուրեմն պետք է աուդիտորը պետական կառույցներում վերջին տարիներին աշխատած չլինի, դրանով կասկածի տակ է դրվում նրա անկախությունը, իր անձնական կապերը կխանգարեն. «Չե՞ք գտնում, որ պետք է նշվի որոշ պետական կառույցներում վերջին տարիներին աշխատած չլինելու հանգամանք, պետք է պետական որոշ կառույցներում աշխատած չլինի, որ անկախ լինի»:
Գագիկ Մինասյանը պատասխանեց, որ իրենք նախագծում նշել են, որ եթե հաշվեքննություն է իրականացնում, ապա ՀՊ անդամը պետք է այսպես կոչված ռոտացիայի ենթարկվի, ընդամենը 2 տարի կարող է հաշվեքննություն իրականացնել. «Սրանով մենք փորձել ենք փարատել այդ մտահոգությունը: Ինչ վերաբերում է նրան, որ ընդհանրապես երբեւէ որեւէ պետական կառույցում աշխատած չլինի, մենք այդպիսի նորմի չենք հանդիպել բոլոր այլ երկրների պալատները ուսումնասիրելով: Մենք չենք հանդիպել այդպիսի սահամանափակում»:
Թանդիլյանն ասաց, որ մեր ազգային առանձնահատկություններից ելնելով՝ փոքր ազգ ենք, գիտենք, որ լծակներ կան, գոնե սահմանափակում դրվի, որ եթե այն կառույցում պետք է հաշվեքննություն իրականացնի, որտեղ աշխատել է վերջին տարիներին, ապա չի կարող:
Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ: Թանդիլյանը նույնպես կողմ քվեարկեց՝ վերապահումով: Նա ասաց, որ լուրջ մտահոգություններ ունի, որ աուդիտորները իսկապես կլինեն անկախ ու եթե նրանց անկախությունը չապահովվի, դա կնշանակի, որ սա հերթական մարմինն է լինելու ձեւական:
Գագիկ Մինասյանն էլ արձագանքեց, որ այդ մտահոգությունն իրենք էլ ունեն, եւ վստահաբար, սա հերթական կառոււյց չի լինելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ