Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատի նախագահը կրկին փորձեց եւ շահեց. ԱԺ-ում չընդունված 2018-ի ծրագիրը հաստատվեց

Նոյեմբեր 24,2017 14:45

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը մոտ 20 օր առաջ քննարկեց Վերահսկիչ պալատի 2018-ի գործունեության ծրագիրը եւ բացասական եզրակացություն տվեց: Սա բացառիկ դեպքերից էր, որ հանձնաժողովը չէր հաստատել գործունեության ծրագիրը:

Այն ժամանակ զեկուցող, ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանն ու հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը սկսեցին բանավիճել ծրագրում առկա բառի՝ վերահսկողական գործառույթի շուրջ: Մինասյանն ասաց, որ ՎՊ-ն չի կարող վերահսկողական ֆունկցիա կատարել 2018-ի ապրիլից հետո, նոր Սահմանադրությամբ ՎՊ-ի իրավահաջորդը դառնում է Հաշվեքննիչ պալատը, որի վրա նման գործառույթ դրված չէ: Արա Նռանյանն էլ հակադարձեց, որ հիմա պետք է առաջնորդվեն գործող օրենքով, որը ՎՊ-ի համար նախատեսում է վերահսկողական գործառույթ, երբ կլինի նոր օրենքը, այդ ժամանակ կգործեն Սահմանադրության անցումային դրույթները:

Միմյանց չզիջելով՝ Նռանյանը պնդեց, որ ծրագիրը դրվի քվեարկության: Քվեարկությամբ էլ այն չհաստատվեց: Ստացավ բացասական եզրակացություն:

Սակայն այսօր նույն հանձնաժողովի նիստում Վերահսկիչ պալատը նորից ներկայացնում է 2018-ի գործունեության նույն ծրագիրը՝ «կրկին փորձիր» սկզբունքով: Այս անգամ էլ զեկուցողը շեֆն է՝ ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանը:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասաց, որ այս ընթացքում սահմանադրագետների հետ են խոսել եւ եկել լուծման. «Հաստատում ենք մի ծրագիր՝ նախկին Սահմանդրությամբ եւ գործող օրենքով, այդ հարցը փորձելու ենք լուծել ԱԺ որոշման տեսքով: ԱԺ-ն որոշում է հաստատել ՎՊ գործունեության տարեկան ծրագիրը, ապրիլից հետո ՎՊ-ն իրականացնելու է հաշվեքննություն»:

Յոլյանն ասաց, որ վերահսկողությունից հաշվեքննության անցնելու առումով բավականին կարեւոր փուլ պետք է անցնեն. «Լայն հնարավորություն է ընձեռնվում հաշվեքննության միջոցով ե՛ւ թիրախները հայտնաբերելու, ե՛ւ ամբողջական պատկերացում կազմելու, թե ինչ է կատարվում, որտեղ կա անարդյունավետություն, որտեղ՝ դրական ձեռքբերում: Աուդիտորների կայացման առումով բավականին աշխատանք է պետք կատարել»:

Սա վերջին անգամ է, որ ՎՊ տարեկան գործունեության ծրագիրը հաստատվում է ԱԺ-ում, քանի որ Հաշվեքննիչ պալատ է գործելու, որը լինելու է անկախ մարմին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930