Նոյեմբերի 15-ից Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսի բացումով պաշտոնապես մեկնարկել են Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը։ Ցուցադրության մեջ ընդգրկվել են կտավներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից:
Ճանաչված գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը կարծում է, որ երկրի այսօրվա մշակույթի մասին չի կարելի խոսել միայն Սարյանով:
«Անշուշտ, Սարյանը մեծ արվեստագետ է, բայց քո երկրի մշակույթը ներկայացնելիս պետք է առաջին հերթին ժամանակակից նկարիչներին ներկայացնես, որպեսզի մարդիկ տրամաբանական զարգացումը տեսնեին, չասեին, թե այսօր մնացել ես այն վիճակում, ինչ ունեիր ժամանակին: Կամ ի՞նչ է նշանակում, որ այսօր վերցնում ու դուդուկով հայկական մշակույթ ես ներկայացնում Ռուսաստանում»,-ասաց գեղանկարիչը:
Հավելենք, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը` դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի և Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Մասնակցել են նաեւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և մենակատարներ Հասմիկ Թորոսյանը, Սիրանուշ Գասպարյանը, Գևորգ Հակոբյանը և Միհրան Աղաջանյանը:
Հայաստանի մշակույթի օրերը» Ռուսաստանում եզրափակվել են «Հովեր» երգչախմբի և «Վահագն Հայրապետյան ջազ կվինտետի «Կոմիտասը եւ ջազը. ներդաշնության միաձուլում» համերգով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` ֆեյսբուքից: