«Ես ողջունում եմ, որ վերադառնում ենք կոմպլեմենտար քաղաքականության»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նա Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը երկար սպասված գործընթաց համարեց: Անդրադառնալով ռիսկերին՝ նա զուգահեռներ անցկացրեց տանը նստելու և ռիսկերից խուսափելու իրավիճակի հետ. «Մենք երևի կարծում ենք, որ տեղում դոփելը շատ ավելի անվտանգ է: Իրականում այդպես չէ, տեղում դոփելը միշտ հետ ընկնել է»:
Տիկին Ալավերդյանը փաստեց՝ մենք չենք մտնում ԵՄ, մեզ այնտեղ ոչ ոք չի էլ հրավիրում. «Այս առումով ես վտանգները տեսնում եմ կարողությունների չզարգացած լինելու մեջ, որը մենք ցուցադրել ենք արդեն մեզ համար ավելի ծանոթ միությունների մեջ՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և այլն: Այսինքն՝ այստեղ խնդիրն ամենևին էլ դրսերում չէ»: Ուստի Լարիսա Ալավերդյանը հորդորեց խանգարող հանգամանքը փնտրել մեր մեջ:
Հարցին՝ ինչքանո՞վ է հավանական, որ Հայաստանը կդառնա ԵՄ-ն ԵԱՏՄ-ին կապող օղակ՝ տիկին Ալավերդյանը պատասխանեց, թե դա շատ մեծ հավակնություն է. «Պետք չէ մեզ վրա վերցնել ավելին: Կարծում եմ՝ այստեղ մեր խնդիրն է քաղել դրականը երկու տեղից էլ: Դաշտում մեծ, խոշոր խաղացողները շատ անգամ են հեռու գնում իրարից: Գալիս է մի պահ, որ նրանք հասկանում են՝ դա վտանգավոր է, ու այդպիսի դեպքերում հենց Հայաստանի նման երկրները կարող են այդ դրական դերը խաղալ: Այդ առումով շատ հետաքրքիր խաղի մեջ ենք մտնում»:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց՝ ինքը գրեթե համոզված է, որ այս համաձայնագիրը կստորագրվի. «Նույն ցեխը երկու անգամ չեն մտնում, մեր իշխանությունները նույնպես միշտ չէ, որ այդպես կանեն: Վերջապես, բավականին երկար աշխատանք է եղել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ