Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շոպենիանա» բալետը վերադարձել է

Նոյեմբեր 24,2017 12:09

«Շոպենիանա» բալետը կրկին Օպերային թատրոնի բեմին է. նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ներկայացման վերականգնված պրեմիերան՝ Մ. Ֆոկինի բեմադրությամբ:

Ներկայացումից առաջ թատրոնում կազմակերպվեց ճանաչողական շրջայց և հանդիպում թատրոնի փորձավարների հետ: Նրանք պատմեցին ներկայացման մասին, պատասխանեցին ներկաների հարցերին: Նմանատիպ երկխոսությունը նպատակ ունի ապահովելու հանդիսատեսի և ստեղծագործական անձնակազմի հետ անմիջական շփումը:

«3-4 տարի առաջ «Շոպենիանա»-ն վերականգնել էինք: Այն ներկայացվեց մի քանի անգամ, հետո դուրս եկավ խաղացանկից: Հույս ունենք, որ այս անգամ երկար ժամանակ կմնա բեմին»,- նշեց Էլվիրա Մնացականյանը:

Փորձավարները կարևորեցին դասական ստեղծագործությունների դերը հատկապես երիտասարդ արվեստագետների կայացման գործում:

««Շոպենիանա»-ն այն ներկայացումն է, որից կարելի է շատ բան սովորել: Սա դասական բալետի հիմքն է: Բնականաբար, այն պետք է լինի բոլոր թատրոնների խաղացանկում: Այս ներկայացումը շատ է օգնում հետագայում»,- ասաց Էմմա Նահապետյանը:

Գլխավոր դերերում հանդես եկան Մերի Հովհաննիսյանը, Միլիտոն Կիրակոսյանը, Տաթևիկ Բոլշիկյանը, Արշալույս Մարգարյանը։ Դիրիժորը Հարություն Արզումանյանն է:

«Շոպենիանան» Ֆրեդերիկ Շոպենի երաժշտության հիման վրա ստեղծված բալետային սյուիտ է: Մեկ գործողությամբ բալետային ներկայացումն առաջին անգամ ներկայացվել է 110 տարի առաջ Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում:

Ստեղծագործությունը չունի հստակ և զարգացող սյուժե. ամեն ինչ տրամաբանորեն ենթարկված է երաժշտական մտքին և իմաստին: Ներկայացումը մեծ նշանակություն ունի համաշխարհային բալետային արվեստի պատմության մեջ: Այն հնարավորություն տվեց բալետային ներկայացումներում օգտագործելու դասական երաժշտական ստեղծագործություններ, որոնք պարի միջոցով արտահայտվելու համար չէին ստեղծվել:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին նաև «Կարմեն-Սյուիտ» և «Լորկիանա» բալետային ներկայացումները:

Թամարա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Լուսանկարը Օպերային թատրոնի կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930