Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիմադրության ճակատը ճանապարհային քարտեզ է գծում. «Հրապարակ»

Նոյեմբեր 24,2017 11:34

Ազատազրկման մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Ազգային դիմադրության ճակատն սպասում է հարմար պահի, որպեսզի ժողովրդին փողոց հանի։ Թե երբ կգա այդ պահը, ճակատում հստակ պատասխան չունեն։ «Դա կլինի, հաստատ կլինի, համոզված եղեք՝ ուշ չի լինի»,- ասում է ճակատի կազմակերպչական աշխատանքների համակարգող Պետրոս Մակեյանը։ Պարզվում է՝ նրանք մեծ հույսեր են կապել տարկետման վերացման դեմ ընդվզող ուսանողների պայքարի հետ՝ մտածելով, որ կարող է այն կայծ դառնալ մեծ բռնկման համար, «ճակատը հստակ ամենօրյա կապի մեջ է եղել տղաների հետ, եւ փորձել ենք հասկանալ, թե ինչպես են զարգանալու գործընթացներն ու ինչ հանգրվանի են հասնելու։

Հիմա էլ կապը կա, թե ինչ զարգացումներ կլինեն, կյանքը ցույց կտա»։ Այսինքն՝ պատրաստ էիք աջակցե՞լ ուսանողներին։ «Ես նորից եմ ասում՝ մենք անգամ խումբ էինք ձեւավորել, եւ կապ կար, քննարկում էինք, սպասում, թե ինչ հանգրվանի կհասցնեն իրենց պայքարը, հիմա էլ կապը կա, բայց մեծ անորոշություն կա այդ ճակատի հետ կապված»,- պատասխանեց Մակեյանը։

Մինչ պայքարի այլ օջախներ կբռնկվեն, ճակատում էլ ձեռքերը ծալած չեն նստում, սկսել են ճանապարհային քարտեզ գծել, թե ինչպես, ինչ ճանապարհով եւ ինչ մարտավարությամբ սկսել փողոցային պայքարը, որպեսզի հերթական անգամ այն չտապալվի, այլ տապալի վարչակարգին։ Հիշեցնենք, որ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը դեռեւս սեպտեմբերին կոչով դիմել էր հասարակական-քաղաքական գործիչների ու մտավորականների՝ Ազգային դիմադրության ճակատ ստեղծելու առաջարկով։ Սեֆիլյանի կոչի հասցեատեր 31 հոգանոց ցուցակի ոչ բոլոր անդամներն արձագանքեցին նրա կոչին։ Հիմնականում լռեցին ներկա եւ նախկին պաշտոնյաները, որոնցից մի քանիսի հետ, կարծես, Սեֆիլյանը հույսեր էր կապում, օրինակ՝ ՕՐՕ դաշինքի անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նույն դաշինքի անդամ, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, խորհրդարանում մանդատներ ունեցող «Ելք» դաշինքի անդամները։ Ու թեպետ Սեյրան Օհանյանի կինը ֆեյսբուքում ավետում է, թե ամբարտավան ռեժիմին քիչ է մնացել, նրա ամուսինն ընդհատակ է անցել ու չի միանում դիմադրության ճակատին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930