Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան շատ է քեզ տրված…

Նոյեմբեր 24,2017 10:18
oligarx

Երեկ իմացա, որ միջին կարգի մի պաշտոնյա իր «մուրազին» հասնելու հաջորդ իսկ օրը կռիվ է սարքել կայանատեղիում՝ պահանջելով, որ իր մեքենայի համար տեղ հատկացվի` իր նոր պաշտոնին համապատասխան: Դա եւս մի անգամ ապացուցում է այն պնդումը, որ մարդիկ պաշտոնի ձգտում են ոչ միայն փողի, այլեւ «պատիվ-հարգանքի» համար, ձգտում են «ամբողջ ծավալով» ցույց տալ իրենց, թեկուզ փոքր, իշխանությունը:

Մինչդեռ պետք է լինի հակառակը՝ որքան շատ է մարդուն տրված, այնքան հասարակ նա պետք է լինի, այնքան քիչ ցցվի եւ գլուխը կախ իր գործն անի: Բայց երբ խոսքը գնում է նյութական բարիքների եւ իշխանական լծակների մասին, մարդիկ չեն դիմանում գայթակղությանը եւ ցանկանում են առանձնանալ իրենց կենցաղի շքեղությամբ, փայլել իրենց վսեմ կերպարով, քարոզել իրենց գործերը: Դա, մասնավորապես, վերաբերում է PR-ին, ավելի ճիշտ՝ դրա «կացնային», հնացած ընկալմանը:

Եթե ես պաշտոնյա լինեի (ինչը, բնականաբար, երբեք տեղի չի ունենա), նշանակվելու կամ ընտրվելու առաջին իսկ օրը կդիմեի լրատվամիջոցներին եւ կասեի. «Հարգելի գործընկերներ, լուսաբանեք իմ գործունեությունը ինչպես որ ցանկանում եք՝ դրական, բացասական, չեզոք: Եթե կարծում եք, որ իմ հանդիպումները, նիստերը, ելույթները, խորհրդակցությունները ձեր սպառողներին չեն հետաքրքրում, ընդհանրապես մի՛ լուսաբանեք, իսկ եթե կարծում եք, որ հետաքրքիր են, նվիրեք դրան մի տող կամ չորս էջանոց «լավաշ», կես րոպեանոց կամ 10 րոպեանոց ռեպորտաժ՝ ինչպես որ դուք նպատակահարմար եք համարում: Հայտնեք այդ իրադարձության մասին դրա ավարտից 5 րոպե, 5 ժամ կամ 5 օր հետո՝ դարձյալ ելնելով «լրատվական ապրանք» վաճառելու ձեր շահերից»: (Պարզ է, որ խոսքը ոչ պետական լրատվամիջոցների մասին է): Նույնը խորհուրդ կտայի մեր օլիգարխներին, որոնց ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները անզուսպ փառաբանում են իրենց «շեֆի» բարեգործությունները:

Նույնը նաեւ՝ կենցաղում, առօրյա շփումներում. վստահ եմ՝ շահել հասարակության վստահությունը հնարավոր է համեստությամբ, զուսպ կեցվածքով: Դա, եթե խորը մտածես, այնքան էլ բարդ գործ չէ, որը, սակայն, պահանջում է որոշակի «զոհողություններ»: Բայց հենց այդ «զոհողություններին» մեր մանր ու մեծ պաշտոնյաները պատրաստ չեն: Եվ դա նույնպես բնական է. չէ՞ որ նրանք պաշտոնյա են դառնում հենց անզուսպ եւ անհամեստ լինելու համար:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Կայանատեղիներն ամենուրեք դիֆերենցված են, եթե խոսքը վերաբերում է ոչ թե հանրային, այ, որևէ կազմակերպության պատկանող կայանատեղին: Օրինակ, համալսարաննրն ունեն մի քանի դասակարգված գոտի. ա. պրոֆեսորների համար բ. ծառայողների համար գ. ուսանողների համար: Որոշ համալսարաններ ունեն մի քանի տեղ հատուկ Նոբելյան մրցանակակիրների համար՝այդպես էլ գրված է վրան: Ավելի շատ գովազդ է, որ այստեղ այդպիսի մարդ կա: Այս ամենն արվում է հասկանալի պատճառով՝ պրոֆեսորի ժամանակը և ուսանողի տարբեր արժեք ունեն: Այդ իսկ պատճառով պրոֆեսորը չպետք է ժամանակ ծախսի կայանատեղի փնտրելու համար: Ի՞նչ եք ամեն ինչից ՞փիլիսոփայություն՞ սարքում: Չկա՞ն թեմաներ:

  2. Նորիկ says:

    Հուսով լինենք, պարոն Աբրահամյան, որ հաջորդ սերունդն ամբողջությամբ կգիտակցի մեր սերնդի քարանձավային մտածողության, տգիտության եւ նախապաշարվածության աստիճանը և հետագայում կունենանք համեստությամբ,զուսպ կեզվածքով պաշտոնյաներ։”Յա, տակ դումայու”։)

  3. Լավատես says:

    Իսկ եթե ես պաշտոնյա լինեի (որը նույնպես հնարավոր չի՝ ոչ թե դա վատ բան է պաշտոնյա լինելը, այլ պարզապես դա կառավարելու տաղանդ ու շնորհք ու գիտելիք է պահանջում, ինչպես ցանկացած մասնագիտություն ու ամենակարեւորը՝ մարդ պետք է սիրի իր գործը, այնպես որ դա ամեն մարդու գործը չի), ամեն լրագրողի հետ գործ չէի բռնի, այլ միայն նրանց հետ, ովքեր իրենց լրագրողական մասնագիտության մեջ նույն մակարդակն ունեն, ինչ ես ունեմ որպես պաշտոնյա՝ բացառություն են կազմում սկսնակներն ու երեխաները, որոնց մասնագիտական ձիրքը բնական է պետք է խրախուսել։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930