Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երեխան պետք է անընդհատ փորձարկի ժողովրդավարությունը»

Նոյեմբեր 24,2017 13:30

Կրթության փորձագետը` «Երեխաների կարծիքով…» հետազոտության մասին

Վերջերս «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության՝ Վորլդ Վիժն Հայաստանի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համագործակցությամբ իրականացվել էր «Երեխաների կարծիքով…» խորագրով հարցում, որի շրջանակում ՀՀ 10 մարզերում եւ Երեւանում բնակվող 1200 երեխա պատասխանել էր իրենց անվտանգությանը, տարբեր մակարդակներում որոշումների ընդունմանը մասնակցելու հնարավորությանը վերաբերող հարցերի:

Ըստ հետազոտության արդյունքների, օրինակ, երեխաների 82%-ը կարծում է, որ քաղաքական գործիչներն ու որոշում ընդունողները պետք է կարեւորեն իրենց տեսակետը: Նշվում է, որ 70%-ը դպրոցում է սովորել երեխայի իրավունքներ, 32%-ը կոնվենցիայի մասին տեղեկացել է դպրոցում, 54%-ը տեղյակ է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիային, 82%-ը կարողացել է ընտանիքում կարծիք հայտնել մտահոգող խնդիրների վերաբերյալ նախորդ տարում, իսկ 26%-ը հնարավորություն է ունեցել խոսել համայնքային խնդիրների մասին: Երեխաների 76%-ը ցանկացել է իրենց մտահոգող խնդիրները փոխելու ավելի շատ հնարավորություն ունենալ, 64%-ը համոզված է, որ դպրոցին առնչվող խնդիրների վրա ազդելու հնարավորություն պետք է ունենա եւ այլն:
«Առավոտը» կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքի է հիշյալ հետազոտության մասին:

«Արդյունքները ներկայացվեցին Կոսովոյի, Շվեդիայի եւ Մոնղոլիայի հետ համեմատությամբ: Այդ երկրներում նույնպես այդ հետազոտությունն անցկացվել է եւ շատ պարամետրերով Հայաստանը բավականին լավ վիճակում է: Օրինակ, հենց այն ցուցանիշը. թե քանի տոկոսն է ծանոթ Երեխայի իրավունքների կոնվենցիային, կամ քանի տոկոսն է դպրոցից այդ մասին իմացել: Հայաստանն առաջին տեղում էր մի շարք պարամետրերով, իսկ ընդհանուր ցուցանիշներով երկրորդում էր, այսինքն՝ Շվեդիայից հետո Հայաստան, Կոսովո, հետո Մոնղոլիա: Որոշ ցուցանիշներով էլ Հայաստանը բոլորից առաջ էր: Սա շատ լավ հետազոտություն էր, որովհետեւ Երեխայի իրավունքների պաշտպանության առումով երեխայի լսելի լինելու իրավունքն է շոշափվել:

Հետազոտությունը հնարավորություն է տալիս լսել, թե ինչ են մտածում երեխաները, ինչ խնդիրներ ունեն…Ինչպես արդեն նշեցի, առանձին կետերով Հայաստանի պարագայում լավատեսական բաներ կային, որոնց հավատալը մի քիչ դժվար է: Օրինակ, այն, որ 70%-ն ասում էր, որ շատ գոհ է կամ գոհ է ուսուցման մեթոդներից: Գուցե դպրոցներում հարցումներ են անցկացրել, եւ գուցե շատ երեխաներ ազատ չեն մտածել»,-ասաց պարոն Խաչատրյանը:

Կրթության փորձագետի համոզմամբ, եթե նման հետազոտություններ հաճախակի արվեն, հաստատ իրավիճակ կփոխվի: «Երեխաները կամաց-կամաց կսովորեն ազատ մտածել, կտեսնեն, որ այն երեխաները, որոնք համարձակ բաներ էին գրել, չեն պատժվել: Այսինքն՝ ժողովրդավարությունը մի բան է, որ պետք է անընդհատ երեխան փորձարկի, կարծիք հայտնի, լսելի լինի, տեսնի, որ իր կարծիքը մի բան փոխեց, որպեսզի մյուս անգամ ավելի լավ արտահայտվի…Ժողովրդավարությունը միայն խոսելով չէ»,-հավելեց մեր զրուցակիցը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

23.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930