Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե կա աշխատանք, անպայման դժգոհություն էլ կլինի»

Նոյեմբեր 24,2017 12:30

Վստահեցնում է Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը

Վերջերս Կոմպոզիտորների միության նախագահ վերընտրվեց Արամ Սաթյանը:
Մեզ հետ զրույցում պարոն Սաթյանն ամփոփեց նախորդ 4 տարիների ընթացքում գրանցած հաջողությունները, խոսեց միության ներկայիս խնդիրների մասին:
«4 տարիների ընթացքում կատարվել է ահռելի աշխատանք: Մեր հաջողությունները թե՛ կազմակերպչական էին, թե՛ ստեղծագործական, կարելի է ասել՝ նաեւ շինարարական: Այս տարիների ընթացքում մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները ներկայացվեցին նաեւ Հայաստանից դուրս: Փառատոներ անցկացվեցին տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Ֆրանսիայում, Հունաստանում եւ այլուր»,- մեզ հետ զրույցում նշեց Արամ Սաթյանը:

Կոմպոզիտորների միության նախագահի պնդմամբ՝ շատ կարեւոր է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ներկայացումն արտասահմանում, որովհետեւ հենց դրա շնորհիվ է, որ աշխարհը ճանաչում է ժամանակակից հայ երաժշտությունը: Իր հաղորդմամբ՝ այս տարիների ընթացքում շատ կոմպոզիտորներ հնարավորություն ունեցան ներկայանալ արտերկրում:

«Մեզ համար մեծ հաջողություն է այն, որ բազմաթիվ արտասահմանյան կատարողներ ընդգրկել են իրենց ծրագրում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Շուտով Վրաստանում համերգներ կլինեն, որի ընթացքում վրացի կատարողները կներկայացնեն հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ»,- նշեց Արամ Սաթյանը:
Նրա խոսքերով, աշխատանքներ են տարվում նաեւ Լեհաստանի կոմպոզիտորների միության հետ համագործակցության նպատակով: Նախատեսվում են փոխադարձ համերգներ, այսինքն՝ հայ երաժիշտները կկատարեն լեհ կոմպոզիտորների, լեհ երաժիշտները՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նմանօրինակ նախագիծ անցկացվել է Ռուսաստանում, Չինաստանում:

Կոմպոզիտորների միության ջանքերով ստեղծվել է «Հայ կոմպոզիտոր» ամսագիրը, շուտով լույս կտեսնի 2-րդ համարը: Արդեն եթերում է Միության պաշտոնական առցանց ռադիոն:

Հարցին՝ համագումարի ընթացքում հնչած դժգոհությունները հաշվի կառնվե՞ն՝ Արամ Սաթյանը պատասխանեց. «Եթե կա աշխատանք, անպայման դժգոհություն էլ կլինի»:
Արամ Սաթյանի խոսքով՝ երբ Կոմպոզիտորների միությունը դարձավ հասարակական կազմակերպություն, պետության կողմից ֆինանսավորումն ընտրվեց միության ընթացակարգին ոչ համապատասխան: «Մենք առաջարկում ենք ծրագրեր եւ մասամբ ֆինանսավորվում նախարարության կողմից, ոչ թե այնքան, ինչքան ամբողջությամբ պետք է, այլ այնքան, ինչքան նախարարությունն է տրամադրում»,-նշեց մեր զրուցակիցը:
Արամ Սաթյանի կարծիքով՝ արդի հայ մշակույթը շատ դժվար կացության մեջ է. «Լավ կլիներ մշակույթի մասին օրենք ստեղծվեր, որովհետեւ այսպես շարունակելով՝ մենք առաջ չենք գնա: Ամեն ինչ չէ, որ պետք է անձնական տիրույթից անցում կատարի հանրային տիրույթ: Շատ հաճախ անձնականը բարձր արվեստ չի կարող լինել: Ամեն դեպքում ես պրոֆեսիոնալիզմի կողմնակից եմ: Բացի կրթվելը, հարկավոր է նաեւ հետեւել աշխարհում գոյություն ունեցող տենդենցներին, դրանց հետ զուգահեռներ տանել»:

 

Զրուցեց
ՄԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

«Առավոտ»

23.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930