Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջապես կպատվեն վաստակաշատ դերասանուհուն

Նոյեմբեր 24,2017 13:00

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր էլ կան ու ստեղծագործում են, ինչպես ընդունված է ասել՝ «հին պլեադայի» դերասաններ, որոնց փորձն ու գործը դպրոց է՝ թատրոն եկած երիտասարդների համար եւ կամրջում է թատրոնի երեկն ու այսօրը:

Լրանում է դերասանուհի Մերի Շահբազյանի ծննդյան 85 եւ բեմական գործունեության 65- ամյակները: Այսօր էլ սիրված արտիստին կարելի է հանդիպել թատրոնի խաղացանկային՝ Սունդուկյանի «Խաթաբալա», Նուշիչի «Տիկին Մինիստրուհին», Ցագարելիի եւ Ղանչելիի «Խանումի արարքները» ներկայացումներում: Բայց եւ խորհրդային, եւ նոր ժամանակներում պատկան մարմինների աչքից գուցե իսկապե՞ս վրիպել է դերասանուհուն կոչման ներկայացնելու կամ որեւէ պարգեւի արժանացնելու հանգամանքը: Այս առիթով թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն ասաց. «Մեր շատ սիրելի Մերին շատ շուտով երկու պարգեւի կարժանանա՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ Թատերական գործիչների միության ոսկե մեդալներին»:

Մերի Շահբազյանը Կարպ Խաչվանքյանի հետ՝ «Սիլվա» օպերետում (1971թ.):

«Առավոտը» արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանին, որը լավ ծանոթ է դերասանուհու ստեղծագործական ուղուն, խնդրեց հակիրճ ներկայացնել այն: «Մերին թատրոն եկավ երանելի այն տարիներին, երբ բեմում էին օպերետի ժանրի հզորները՝ Իզաբելա եւ Հայկ Դանզասները, Կարպ Խաչվանքյանը, Էդվարդ Համբարձումյանը, Ալլա Անդրիասյանը, Թադեւոս Սարյանը, Սվետլանա Գրիգորյանը եւ կար նրանից սովորելու բացառիկ հնարավորությունը: Շնորհաշատ դերասանուհին իրավունքով կանգնեց նրանց կողքին, եղավ արժանի խաղընկեր: Առաջին դերը, որ մեծ հաջողություն բերեց թատերական ինստիտուտից թատրոն եկած դերասանուհուն՝ Մայան էր՝ «Ծղնեթցի Մայան» վրացական օպերետում, այն էլ արդեն անվանի Կարպ Խաչվանքյանի, Արտաշես Արեւշատյանի, Էդվարդ Համբարձումյանի, Գրիգոր Սիմոնյանի խաղընկերությամբ: Առաջին բեմելը հուսադրող էր եւ թատրոնի ղեկավարությունը Մերի Շահբազյանին շնորհեց առաջնակարգ դերասանի կարգավիճակ»,- հայտնեց մեր զրուցակիցը: Ապա հավելեց. «Նա միակն է, որ կանացի կենտրոնական դերերից բացի, հաջողությամբ կերտում էր նաեւ տղաների կերպարներ, օրինակ՝ Մաթե տղան («Ծղնեթցի Մայան»), Ալյոշան («Հրաշալի օր»), Վանիկը («Շշմեցուցիչ հարված»): Նրա մարմնավորած դերերից կուզեի առանձնացնել մի քանիսը, որտեղ լայնորեն դրսեւորվում են արտիստի բեմական ճկունությունը, երաժշտականությունը, պարային ձիրքը՝ Ժոզեֆինան («Երազիկ»), Սաթենիկը («Երեւանյան վարդեր»), Օլգան («Հրաշալի օր»), Սոնան եւ Կեկելը՝ «Հին Թիֆլիսում» եւ այլն»:

Դերասանուհին եւ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը «Խաթաբալա»-ում (2000թ.):

Պարոն Առաքելյանի հավաստիացմամբ՝ Մերի Շահբազյանը հետաքրքիր ու ազատ է առավելապես բնութագրական դերերում, այդ թվում՝ Վհուկ («Կողպեքի գաղտնիքը»), Ռոզ («Չարշըլը Արթին աղա»), Շողիկ («Ուշ լինի, նուշ լինի»), Շուշո («Փարիզեցի փեսան»):
Ի դեպ, թատերարվեստի մարդիկ ասում են, որ Մերի Շահբազյանի արտիստական կենսագրության մեջ ճակատագրական նշանակություն է ունեցել Ջենիի դերը՝ Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» կատակերգության մեջ, որտեղ 34 տարի տիկինը եղել է Թոդորոսի անգերազանցելի դերակատար Կարպ Խաչվանքյանի անփոխարինելի խաղընկերը:

Վաստակաշատ դերասանուհին Կարպ Խաչվանքյանի ընկերակցությամբ «Երազիկ»-ում (1960թ.):

Տիկին Շահբազյանը եւ Ալեքսանդր Հովհաննիսյանը «Գլխի գինն է 50 միլիոն» ներկայացման մեջ (1957թ.):

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Էննիի կերպարում
(Բրանդոն՝ «Չարլեի մորաքույրը», 1961թ.):

«Առավոտ»

23.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մելանյա says:

    «Խանումի արարքների հեիղնակի անունը սխալ եք գրել, ոչ թե Ղանչելի, այլ Ցագարելի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930