Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդակցություն՝ Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման, պահպանության և արդյունավետ օգտագործման վերաբերյալ

Նոյեմբեր 23,2017 20:30

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման, պահպանության և ավելացման հարցերի շուրջ:

Նախ ներկայացվել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը: Նշվել է, որ ծրագրի հիմնական նպատակներն են՝ Սևանի իշխանի 2 ենթատեսակների պաշարների վերականգնումը լճում և ձկնաբուծության զարգացումը Հայաստանում՝ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ճանապարհով: Վարչապետին մանրամասն զեկուցվել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կողմից՝ լճի և դրա ավազանի էկոլոգիական խնդիրների  գույքագրման, էկոլոգիական վիճակի գնահատման և իշխանի պաշարների համալրման ուղղությամբ կատարված աշխատանքների (այդ թվում՝ մանրաձկան բացթողնման), արձանագրված արդյունքների, առկա խնդիրների և հետագա քայլերի մասին: Անդրադարձ է եղել 2016 թ. դեկտեմբերին շահագործման հանձնված Հայաստանում առաջին ջրի փակ շրջանառությամբ աշխատող 50 տ հզորությամբ մանրաձկան գործարանի աշխատանքներին և նշվել է, որ ներկայում ընթացքի մեջ է  գործարանի երկրորդ շենքի և բացօթյա ավազանների շինարարությունը: Նախատեսվում է կառուցել նաև սելեկցիոն տնտեսություն և բտման ավազաններ: Տեղեկատվություն է ներկայացվել նաև ծրագրի առաջին և երկրորդ փուլերի իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքների՝ կանխատեսվող արտադրական ծավալների, աշխատատեղերի և ներդրումների մասին:

Վարչապետը կարևորել է ծրագրի շարունակական իրականացումն ինչպես բնապահպանական խնդիրների լուծման, այնպես էլ շահավետ բիզնեսի կազմակերպման տեսանկյունից: Կարեն Կարապետյանը նաև առաջարկել է համապատասխան վերլուծություն իրականացնել և գնահատական ներկայացնել ներդրումների ծավալի, ժամանակացույցի, պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորությունների, կանխատեսվող ռիսկերի և հետագայում ակնկալվող շահութաբերության վերաբերյալ:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև Սևանա լճում սիգի և խեցգետնի պաշարների պահպանության և արդյունավետ  օգտագործման համալիր ծրագիրը, որի հիմնական նպատակը, ծրագրի հեղինակների խոսքով, ձկան և խեցգետնի պաշարների վերարտադրության ապահովումն է, պահպանությունն ու արդյունավետ  օգտագործումը և Սևանի ավազանում ավանդաբար ձկնորսությամբ զբաղվող համայնքների բնակիչների սոցիալական խնդիրների լուծումը: Այս համատեքստում արծարծվել են ձկնային պաշարների իրացման գործող սխեմային և ձկնապաշարների ապօրինի որսի դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ ձկնագողության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիր կա, և անհրաժեշտ է կարգավորել դաշտը: Նա հանձնարարել է լրամշակել ծրագիրը և ներկայացնել խնդրի լուծման տարբերակներ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930