Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին այսօր Բրյուսելում Արեւելյան գործընկերության անդամ երկրների լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում մի շարք հարցեր ուղղեցին ադրբեջանական լրագրողները: Նրանցից մեկը մասնավորապես հետաքրքրվեց, թե տեղյա՞կ է արդյոք հանձնակատարը, որ ԱլԳ անդամ երկու պետություններ հակամարտում են, եւ արդյոք այս պայմաններում հնարավո՞ր է սերտացնել նրանց համագործակցությունը: Մյուսը հարցրեց, թե ինչպիսին է ԵՄ դիրքորոշումը, իր ձեւակերպմամբ «հայ-ադրբեջանական-Լեռնային Ղարաբաղի հակամարտության» կապակցությամբ: Նույն հարցը հնչեցրեց ադրբեջանցի մեկ այլ լրագրող եւս:
Այս բոլոր հարցադրումներին ի պատասխան՝ Յոհաննես Հանն ասաց, թե այս գագաթնաժողովը նպատակ չունի անդրադառնալու երկկողմանի հարաբերությունների խնդիրներին՝ «Դա պետք է արվի այլ ձեւաչափերում: Եվ Եվրոպական միությունը մեծապես աջակցում է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին: Եվ կարծում եմ՝ այն փաստը, որ ձեր նախագահներն ու արտգործնախարարները վերջերս հանդիպեցին Ժնեւում՝ դրական նշան է»: Ընդգծեց՝ այս ուղղությամբ արվող քայլերին իրենք աջակցելու են:
Ի դեպ, ասաց նաեւ, թե հույս ունեն ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը ստորագրել հաջորդ տարի:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ԲՐՅՈՒՍԵԼ