Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետընտրական կրքեր ու բոյկոտ Մարմաշենում․ մի՞թե ՀՀԿ-ն այստեղ ընդդիմություն է դառնում

Նոյեմբեր 23,2017 20:00

Շիրակի մարզի խոշորացված Մարմաշեն համայնքում, որտեղ համայնքի ղեկավար է ընտրվել դաշնակցական Կարեն Արշակյանը, ավագանու անդրանիկ նիստը բոյկոտվել է․ նորընտիր ավագանու 11 անդամներից 6-ը դեմ են քվեարկել օրակարգին՝ պատճառաբանելով, որ նախապես ծանոթ չէին։ Այնուհետ 1 ժամ ժամանակ են խնդրել ու դուրս գալով՝ այլևս չեն վերադարձել։ Այդ նիստին, ի դեպ, մասնակցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը։

Շիրակի մարզում համառորեն լուրեր են շրջանառվում առ այն, որ բոյկոտի հետևում ՀՀԿ-ականներն են կանգնած, և որ այս համայնքում ՀՀԿ-ն պարտվելով, դառնում է ընդդիմություն։ Հիշեցնենք, որ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցում էին 4 թեկնածուներ, որոնցից երկուսը ՀՀԿ-ականներ են՝ Մարմաշենի նախկին գյուղապետ Աշոտ Եղոյանը և Քեթիի նախկին գյուղապետ Թորգոմ Սահակյանը։ Նրանք պարտվեցին դաշնակցական Կարեն Արշակյանին։ Ի դեպ, ՀՀԿ-ն պաշտոնապես սատարում էր Քեթիի նախկին գյուղապետ Սահակյան Թորգոմին։

Մենք այս թեմայի շուրջ զրուցեցինք Կարեն Արշակյանի հետ՝ պարզելու, թե որքանո՞վ են այդ լուրերը համապատասխանում իրականությանը։ «Ճիշտն ասած ձեռքիս տակ չկա ցուցակը, դեռ չգիտեմ ավագանու 6 անդամներից որ մեկն է Հանրապետական, որը Բարգավաճ, որն անկուսակցական, նրանք ընտրվել են տարբեր համայնքներից։ Չեմ կարող մեկնաբանել խոսակցությունները, բայց ինչո՞ւ պիտի Հանրապետականը ընդդիմություն լինի»։

Մեր դիտարկմանը՝ միգուց և այն պատճառով, որ մրցակից են եղել ձեզ՝ պարտություն կրելով, Կարեն Արշակյանն ասաց․ «Ուղղորդողներ կան, թե ոչ, ավելի ուշ կպարզվի, ժամանակ է պետք, բայց ես հույս ունեմ, որ մենք նորմալ աշխատելու ենք, ավագանու անդամները եկել են բարեկեցիկ կյանք ստեղծելու համար նաև ավագանու օգնությամբ, եթե ցանկություն չունեն, էդ ուրիշ բան է, բայց ժողովրդի կողմից են ընտրվել։ Իրենց պատշաճ տեղյակ պահվել է ավագանու նիստի մասին, բայց, քանի որ այս պահին միայն ես եմ աշխատող, օրակարգը մենք խփել էինք ամսի 18-ի երեկոյան, որ գային, վերցնեին, ում հարմար է եղել, եկել, վերցրել է, ծանոթացել են, ում հարմար չէր, չեն եկել, բայց, նորից եմ կրկնում, ես կարծում եմ մենք նորմալ կաշխատաենք միասին»։

Վաղն առավոտյան նոր նիստ տեղի կունենա։

ՀՀԿ տեղի կառույցից խոստացան պարզաբանում ներկայացնել ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930