Երևանի քաղաքապետարանում տեղի են ունեցել «Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի», «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի», «Երևան համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», ինչպես նաև տեղական վճարների դրույքաչափերի և տեղական վճարների գծով արտոնությունների սահմանման մասով որոշումների հետ կապված Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի հանրային լսումները, որը վարել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Լսումներին մասնակցել են շահագրգիռ անձինք և հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:
Հանդիպման ընթացքում քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն ընդհանուր դրույթներով ներկայացրել են որոշման նախագծերը:
Հանրային լսումների մասնակիցներն իրենց հերթին ներկայացրել են նախագծերի վերաբերյալ հուզող հարցերն ու առաջարկները:
Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, պատասխանելով բարձրացված բոլոր հարցերին, ընդգծել է, որ 2018թ. զարգացման ծրագրի հիմքում մայրաքաղաքի համաչափ զարգացման շարունակականության ապահովումն է:
Օրակարգի հարցերի նախագծերն առաջիկայում կներկայացվեն Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի քննարկմանը:
Երևանի քաղաքապետարան