ՊԲ-ի 2017թ. մարտական պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 20-23-ը, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ, անցկացվել են գումարտակային մարտավարական զորավարժություններ, որոնց ներգրավվել են կենտրոնական ենթակայության համազորային ու տանկային զորամասերի մի շարք ստորաբաժանումներ: Զորավարժության վերջին՝ մարտական հրաձգության փուլին, հետևել ու մասնակից և ուսուցանվող կազմին որոշակի մեթոդական ցուցումներ է տվել Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Մարտավարական զորավարժությունը թեմատիկ առումով ուներ հարձակողական բովանդակություն: Ուժեղացված տանկային ստորաբաժանման առջև խնդիր է դրվել տագնապով դուրս գալ կենտրոնացման շրջան, զբաղեցնել կրակային բնագիծ, կասեցնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասի պահպանության տեղամաս մխրճված հակառակորդի հարձակումը և, ջախջախելով վերջինիս, վերականգնել առաջնագիծը:
Զորավարժության ողջ ընթացքում իրականացվել է անընդհատ ու հստակ ղեկավարում, անձնակազմը գործել է ճշգրիտ, մարտավարական առումով գրագետ, կազմակերպվել է համակողմանի փոխգործակցություն, ինչի արդյունքում ուժեղացված տանկային ստորաբաժանումը գերազանց կատարել է իր առջև դրված մարտական խնդիրը՝ կրակային խոցման բարձր արդյունքներով:
—
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն