Այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անդրադառնալով խաղողագործության հետ կապված խնդիրներին ասաց, որ կազմակերպելու են չորս կլոր սեղան, որոնց ընթացքում քննարկելու են նաեւ խաղողի այգիներին մեծ վնաս հասցնող ֆիլոքսերայի հետ կապված խնդիրները. «Այն չի զարգացել, սակայն գոյություն ունի, եւ մասնագետների վերլուծության արդյունքում պարզվում է, որ բնակլիմայական պայմաններից նա չի զարգանում՝ ձմեռը ցուրտ է, ամռանը շոգ, այգիները ոռոգվում են, ինչն էլ թույլ չի տալիս զարգանալ, այնուամենայնիվ պետք է պատրաստ լինել բոլոր մարտահրավերներին։ Մենք Ֆաոյի հետ միասին տնկարան ենք հիմնել, որտեղ սկսելու ենք զարգացնել ֆիլոքսերա դիմացկուն տնկիները»:
Այսօր նախարարը եկել էր մասնակցելու «Գինու համաշխարհային միտումները եւ լավագույն փորձը․ հետեւություններ եւ առաջարկություններ Հայաստանի համար» միջազգային երկօրյա համաժողովին, որին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վաղը հուշագիր է ստորագրվելու Ֆրանսիայի Բորդոյի քաղաքի գինու թանգարանի հետ։ «Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի» տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքով, այս հուշագրի նպատակն է ներկայացնել հայկական մոտ 2000 շիշ գինիներ «Սիթի Դուվին» թանգարանում, որպեսզի միջազգային հանրությանը ծանոթացնել հայկական գինիների հետ»։
Իգնատի Առաքելյանի խոսքով․ «Մենք համոզված ենք, որ մեր գինեգործների համար այս ֆորումը նոր հարթակ կդառնա, որտեղ կկարողանան քննարկել գինեգործության ապագա զարգացման հարցերը, կկարողանան տեսնել միջազգային փորձը»։
Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են եկել 9 երկրների 30 միջազգային փորձառու մասնագետներ։ Ֆորումի նպատակը գինեգործության հետ կապված բոլոր խնդիրների քննարկումն է, եւ դրանց համար հնարավոր լուծումներ գտնելը, ինչպես նաեւ հայկական գինին միջազգային շուկայում արժանվույնս ներկայացնելը։ Նախարարը կարեւորեց նաեւ աշխարհագրական նշումներով գինինների մշակույթի ներդնումը Հայաստանում, որը թույլ կտա բարձրացնել հայկական գինու արժեքը միջազգային շուկայում։
Անի ԱՂԱՋԱՆՅԱՆ