Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինը բուրդ ա, ինչքան ծեծես՝ էնքան կփափկի, եթե կնոջը չծեծեն, կիմանա, թե այրի է» (Տեսանյութ)

Նոյեմբեր 23,2017 17:05

Այսօր կառավարության շենքի մոտ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան՝ «Ավանդույթը օրենքի կարգավորման հիմք չէ» խորագրով բողոքի ակցիա էր կազմակերպել: Կոալիցիայի անդամները դեմ են ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի վերջերս փոփոխված տարբերակին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին կառավարության նիստում հավանություն տրվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծին: Մինչ այս, օրենքի վերնագիրն էր՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»:

Կոալիցիայի անդամները բողոքի ակցիա էին անում «Ավանդույթը օրենքի կարգավորման հիմք չէ», «Ընտանեկան ավանդական արժեքի ամրապնդում՝ կինը բուրդ ա, ինչքան ծեծես՝ էնքան կփափկի», «Եթե կնոջը չծեծեն, կիմանա, թե այրի է» պաստառներով:

Aravot.am-ի հետ զրույցում կոալիցիայի անդամ Լիդա Մինասյանն ասաց, որ այս վերջին փոփոխությունները լիովին հակասում են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությանը.«Եթե այսպիսի օրենք ընդունվի, որի վերնագրում նշված է՝ ավանդական արժեքներ ու դրանց պահպանում, չենք կարող այդ օրենքներն իրականացնել: Եվ հետո, ի՞նչ ասել է ավանդական արժեքների պաշտպանություն: Մենք դեմ ենք այս օրենքին»:

Կոալիցիայի անդամ եւ իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանն էլ  Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ օրենքի վերնագրում եւ սկզբունքում ներառված ընտանիքում համերաշխության եզրույթը շատ խնդրային է.«Որովհետեւ թե՛ սա, եւ թե՛ ընտանիքում ավանդական արժեքների եզրույթների պահպանության եզրույթները նախ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից խնդրահարույց են, որովհետեւ դրանք բազմաթիվ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տալիս: Նույն համերաշխությունն ընտանիքում շատ անգամ պահպանվում է կամ փորձում են պահպանել կնոջը լռեցնելով եւ բռնությունը հանդուրժելու կոչեր անելով»:

Մանրամասն՝ տեսանյութում

Անահիտ Սիմոնյանի խոսքերով՝ Ընտանեկան բռնությունը փոխարինվել է ընտանիքում բռնություն տերմինով. Սա եւս խնդրահարույց է. «Ընտանեկան բռնություն եզրույթն արդեն մարդու իրավունքների շրջանակում հաստատված միջազգային իրավական տերմին է եւ ունի հստակ նշանակություն, եւ այս փոփոխությունն արդեն հակասություն է առաջացնում»:

Ըստ Սիմոնյանի, ավանդական արժեքները իրավական փաստաթղթի հիմքում դնելը հակասում է նաեւ կանանց նկատմամբ բոլոր ձեւերի խտրականության վերացման միջազգային կոնվենցիային, որը ՀՀ-ն վավերացրել է եւ ստանձնել է որոշակի պարտականություններ. «Մյուս փոփոխությունն այն է, որ ֆիզիկական բռնություն սահմանման մեջ բացակայում է ֆիզիկական ցավ պատճառել եզրույթը, այն փոխարինվել է ֆիզիկական տառապանք պատճառել եզրույթով: Սա մեզ համար շատ խնդրային է, որովհետեւ ֆիզիկական բռնության այն տեսակները, որոնք չեն հանգեցնում միջին եւ առանձնակի ծանր առողջության վնասին, փաստորեն այդ պարագայում, հստակ չէ, թե դրանք դիտարկվելու են արդյոք ֆիզիկական բռնություն, թե՝ ոչ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Կոալիցիայի անդամները պահանջում են, որպեսզի օրենքի նախագծից հանվեն ավանդական արժեքներ ու ընտանիքում համերաշխություն եզրույթները, իսկ օրենքի ընդունումն, ըստ կոալիցիայի, պարտադիր է:

«Օրենքը պետք է ընդունվի եւ այն պետք է համապատասխանի միջազգային բոլոր նորմերին եւ չափանիշներին, նախ եւ առաջ Հայաստանի կողմից իր քաղաքացիների կյանքը եւ առողջությունը լիարժեք կերպով պաշտպանելու պարտականությանը»,-ասաց Սիմոնյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930