Նոյեմբերի 21-ի Վանաձորի համայնքի ավագանու արտահերթ նիստով «Հայկական վերածնունդ» խմբակցության Վանաձորի կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ:
Նշված պաշտոնը նախկինում զբաղեցնում էր ՀՀԿ-ական Արտյոմ Գրիգորյանը: Արտահերթ նիստի ընթացքում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ Գրիգորյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն` իր տեղը զիջելով Փելեշյանին:
Այսօր լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին, թե ի՞նչ պաշտոն է առաջարկվել Արտյոմ Գրգորյանին. «Ինքը մեր առանցքային դերակատարն ու նաեւ մեր ընկերն է, պաշտոն չի առաջարկվել, մենք մտածում ենք, որ իր ուժերն օգտագործենք քաղաքի տնտեսության կամ ընդհանրապես համայնքապետարանի աշխատակազմի համար: Ինքն արդեն փորձ ունի, եւ այդ փորձն ու գիտելիքները պետք է օգտագործենք»:
Մամիկոն Ասլանյանը ժամանակից առաջ ընկնել չցանկացավ, սակայն տեղեկացրեց, որ որեւէ պաշտոն Արտյոմ Գրգորյանին անպայման կառաջարկվի: Իսկ այս պահին շրջանառվում է քաղաքապետի խորհրդականի պաշտոնը. «Շատ բան կարող է շրջանառվել, խոսակցություն եղել է, բայց դեռ որոշված չէ: Երբ որ մենք վերջնական հասկանանք, կասենք»,- եզրափակեց Ասլանյանը:
Լուսանկարը՝ Արտյոմ Գրիգորյանի ֆեյբուքյան էջից
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ