Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչը`  աղմուկ հանած թղթադրամների մասին. «Փողը նկարչություն չէ, կարեւորը ֆունկցիան է»

Նոյեմբեր 23,2017 16:29

2018 թվականից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ: ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։ Ըստ այդմ` 1000-դրամանոցը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000-դրամանոցը՝ Տիգրան Պետրոսյանին, 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: 100000 դրամանոց թղթադրամներ այլևս չեն թողարկվի:

Թղթադրամների էսքիզները բուռն քննարկման առարկա են դարձել սոցցանցերում, շատ օգտատերեր, ծաղրի ենթարկելով դրանք, առաջարկել են թղթադրամի իրենց տարբերակը` իրենց ու հայտնի մարդկանց նկարներով (Շեր, Տիգրան Մուկուչյան, Սամվել Մարտիրոսյան):

Արվեստագետ Սահակ Պողոսյանն, օրինակ, նկատել է, որ վաղուց անցել են ժամանակները, երբ դրամի վրա ինչ-որ մեկի պատկերը պետք է լինի:

Արեւելագետ Վարդան Ոսկանյանն էլ գրում է , թե հայկական ֆեյսբուքը քննարկում է նոր փողերի դիզայնը, ու չկա մեկը, որ խոսի աշխատավարձերում ու թոշակներում դրանց քանակի` եկող տարի լրիվ նույնը մնալու մասին:

Aravot.am-ը Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանից հետաքրքրվեց` իբրեւ նկարիչ, ի՞նչ կարծիքի է 2018-ից շրջանառության մտնող նոր թղթադրամների տեսքի մասին:

«Փողն առաջին հերթին նկարչություն չէ, կարեւորը նրա ֆունկցիան է: Թղթադրամի նշանակությունն այն է, որ կեղծիքից կարողանա խուսափել: Իսկ դիտարկելով որպես գեղագիտական արժեք, ասեմ, որ այնտեղ առանձնապես վատ բան չեմ տեսնում: Գուցե հնարավոր էր ավելի լավ անել, բայց վատ էլ չէ: Թղթադրամները  հստակ գունային տարբերություններ ունեն: Օգտակար կլինի 2000-անոցի առկայությունը»,-ասաց  Նկարիչների միության նախագահը:

Նա հիշեց նաեւ հին խորհրդային դրամները. «Սովետական ռուբլիների դիզայնը համաշխարհային մշակույթի մեջ մտած բան էր, ամեն ինչ շատ ճիշտ էր արված: Դրանք չափերով էլ էին տարբեր, գույներով էլ: Շատ հեշտ էր տարբերել  մեկ ռուբլին, երեքը, հինգը… Օրինակ հայկական դրամների պարագայում 1000 դրամանոցը եւ 5000-անոցը բավականին նման են եւ հաճախ շփոթում են, դա անթույլատրելի սխալ էր: Նոր նմուշների դեպքում  բոլոր դրամները հստակ տարբերվում են գույներով, ինչն արդեն լավ է: Լավ կլիներ չափերով էլ տարբերվեին, որովհետեւ կան  շատ երկրներ, որտեղ փողերը չափերով տարբերվում են»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930