Երեւանի սուպերմարկետներում եւ մանրածախ առեւտրի կետերում այսօր ձվի գինը տատանվում էր 64-ից 100 դրամի սահմանում։ Վաճառողներն ասում են, որ ձվի գնի բարձրացումը նկատվել է մոտ 2 շաբաթ առաջ։ Պատճառը չգիտեն, թե որն է։ Մանրածախ առեւտրի կետերի վաճառողները Aravot.am-ի լրագրողի հետ զրույցում ասացին` «Եղել է, որ ստացել ենք 65 դրամանոց ձու, որը վաճառել ենք 70 դրամով, այժմ 65 դրամանոց չենք ստանում, միայն ստանում ենք 71 դրամանոց ձու, որը վաճառում ենք 75 դրամով»։
Արտադրողները, որոնք խանութներին ձու են մատակարարում, թանկացման պատճառը չեն նշել:
Այսօր «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ ինքն էլ հստակ տվյալներ չունի, թե ինչո՞ւ է բարձրացել ձվի գինը։
Պարոն Սաֆարյանը չբացառեց, որ ձվի գնի բարձրացումը կարող է կապված լինել թռչնակերի` կոմբիկերի գնի բարձրացմամբ եւ նաեւ այս տարվա երաշտի հետ: Վազգեն Սաֆարյանը վստահեցրեց, որ կուսումնասիրի եւ առաջիկա օրերին տվյալներ կներկայացնի, թե ինչո՞ւ եւ ինչքանո՞վ է բարձրացել ձվի գինը։
Արփինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ