2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Մուշեղ Շուշանյանը ներկայացրեց իր պաշտպանյալ Գառնիկ Հովակիմյանի խափանման միջոց կալանքը փոխելու՝ ազատ արձակելու, կամ գրավով փոխարինելու միջնորդություն:
«Գառնիկ Հովակիմյանի կալանավորումն անօրինական է, ինչը հաշվի առնելով, նա պետք է ազատ արձակվի։ Միշտ կալանքը հիմնավորվել է «ստանդարտ» ձևակերպումներով, թե ամբաստանյալը կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ, կամ՝ կատարել այլ անօրինական գործողություններ։ Չկան փաստական տվյալներ, որ իմ պատշպանյալը կարող է թաքնվել կամ խուսափել դատարան ներկայանալուց: Բացակայում է նրան անազատության մեջ պահելու հանրային շահը։ Ապստամբության իրավունքը իրացրած մեր պաշտպանյալները ենթակա չեն կալանավորման։ Սա հաշվեհարդար է, նրանց պահում են որպես ռազմագերիներ և պատանդներ»,-համոզմունք հայտնեց Մուշեղ Շուշանյանը: Նա նույն միջնորդությունը ներկայացրեց նաեւ ամբաստանյալներից Արթուր Սողոմոնյանի համար:
Մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանը եւ Արթուր Չախոյանը միջնորդությունների դեմ առարկեցին՝ ընդգծելով մեղսագրվող արարքների բնույթը եւ քննությունից թաքնվելու հավանականությունը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց երկու միջնորդությունն էլ մերժել: Իսկ դա նշանակում է, որ նշյալ ամբաստանյալները շարունակելու են մնալ կալանավորված: Այնուհետեւ նույն փաստաբանի կողմից ներկայացվեց նաեւ ամբաստանյալ Արթուր Մելքոնյանի խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդություն, որը եւս մերժվեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ