Ինչպես տեղեկացրել ենք, սփուռքահայ գործարար Քրիստիան Գելիջին, որը Գյումրիում ՀՀ կառավարության օժանդակությամբ կառուցում է «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկա, հսկայական պարտքեր ունի ինչպես շինանյութի խանութների տերերին, այնպես էլ շինարարության վրա աշխատող բանվորներին ու արհեստավորներին։ Միայն «Մ․Մետալ» ՍՊԸ տնօրեն Մկրտիչ Հովհաննիսյանին պարտք է 11 միլիոն 99 հազար դրամ, որը կուտակվել է այս տարվա հունիս ամսից։
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Մկրտիչ Հովհաննիսյանն ասաց․ «Ես ընթերցեցի ձեր նյութը, որտեղ «Սաստեքս» ընկերության տնօրեն Ներսեսը հավաստիացնում է, թե մինչև այս ամսվա վերջ իմ պարտքի 80 տոկոսը կփակեն ։ Մի քանի օր էլ համբերատար կսպասեմ, եթե չկատարեն իրենց խոստումը, ստիպված եմ դիմել իրավապահներին, պարտքի չափը քիչ չէ, գիշեր-ցերեկ հոգիներս դուրս է գալիս այդ գումարն աշխատելու համար, չեմ պատրաստվում լռել։ Չեմ լռելու նաև այն պատճառով, որ մեր պետությունն էլ հսկայական լավություն է արել իրենց․ մարզային հիվանդանոցի շենքն՝ իր հարակից տարածքներով, նվեր է տվել, որ հետագայում փող աշխատեն։ Նրանք էլ գործարան կառուցելով, 400 աշխատատեղ բացելու խոստում տալով՝ իբրև թե լավություն են անում մեր քաղաքի ժողովրդին, եթե այդ նույն քաղաքի բանվորների, շինանյութերի խանութների տերերի գումարները չեն տալիս, դա սոված քաղաքին լավություն եղա՞վ, թե՞ վատություն։ Գյումրու շինանյութի խանութների 90 տոկոսին փող են պարտք, ումից ինչ վերցրել են, պարտք են մնացել»,-նեղվում է գործարարը։
Ի դեպ, նրա հավաստմամբ, իր հրապարակային բողոքից հետո , իրավապահներից ոչ մի արձագանք չի ստացել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ