Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտին են մոտենում «Հայաստանի թվային օրակարգ 2030» ռազմավարության մշակման աշխատանքները

Նոյեմբեր 23,2017 15:14

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը «Թվային օրակարգ» ռազմավարության մշակման ընթացքի և դրանից բխող՝  2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ էր: «Նախկինում անդրադարձել ենք թվային օրակարգի կարևորության  և այդ ոլորտում կառավարության համակարգված քաղաքականության իրականացման հարցին։ Նշվածի շրջանակում ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարության մշակման աշխատանքները։ Միաժամանակ, անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման և դրանց իրագործման աշխատանքները, հատկապես այն ոլորտներում, որտեղ թվայնացման գործընթացի իրականացումն առաջնահերթ է»,-նշել է վարչապետը։

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 3-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտի՝ թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածություններ։ Հանձնարարվել է նաև 2-շաբաթյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի Թվային փոխակերպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամի կարծիքը ստանալու համար։

«Մասնավորապես, անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ ոլորտներում թվային գործիքների ներդրմանը՝ կառավարման փոխգործունակության պլատֆորմի և հանրային ծառայությունների կառավարման «մեկ պատուհանի» ներդրում, բնական ռեսուրսների և հողերի կառավարում, խոշորացված համայնքներում պետական (մասնավորապես` սոցիալական), համայնքային և այլ ծառայությունների էլեկտրոնային եղանակով մատուցում և դրա ենթակառուցվածքների ձևավորում,  տեսչական մարմինների էլեկտրոնային կառավարում և այլն»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ թվային միջավայրի ձևավորման շրջանակում՝ համապատասխան միջազգային աջակցության ստացման գործընթացների կազմակերպումն անհրաժեշտ է իրականացնել բացառապես «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ։

Կառավարության ղեկավարը  հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարել է  առաջարկությունները ստանալուն պես ամփոփել և 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թ. թվայնացման գործողությունների ծրագիրը՝ նշելով միջոցառումների կատարման հստակ ժամկետներ և պատասխանատուներ։

Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականն իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ էր:  «2016 թվականի մարտ ամսին կառավարության կողմից հիմնադրվել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամը, որն իրականացնում է համապատասխան նախագծերի կարգավորման բնագավառների վրա ազդեցության գնահատումը, մասնավորապես՝ անդրադառնալով հիմնավորվածությանը, այլընտրանքային տարբերակների սահմանման, նախագծի ընդունման հետ կապված ծախսերի և օգուտների հաշվարկման հարցերին և, արդյունքում,  նախագիծը տրամադրելով մշակող մարմնին համապատասխան առաջարկություններ։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ առանց հստակ պատճառաբանություններ ներկայացնելու հիմնադրամի կողմից տրամադրված առաջարկությունները չեն ընդունվել»,-նշել է վարչապետը: Նա հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարել է  գործնականում ապահովել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության արդյունքում ներկայացված առաջարկությունների լիարժեք ուսումնասիրումը և վերլուծումը, իսկ դրանք մերժելու դեպքերում՝ ներկայացնել հստակ հիմնավորումներ։ Հանձնարարվել է նաև 1-ամսյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել  «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի 2018 թ. տարեկան գործողությունների շրջանակում՝ կարգավորման ազդեցության ենթակա իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հաշվի առնելով կառավարության ծրագրով հաստատված միջոցառումները և գերակա խնդիրները։ Վարչապետն ընդգծել է, որ հիմնադրամն այն օղակն է, որը պետք է բոլոր ռիսկերը գնահատի և համապատասխան վերլուծություն տրամադրի:  Նա  կառավարության անդամներին առաջարկել է հստակ ձևակերպել իրենց այն առաջնահերթ խնդիրները, որոնց վերաբերյալ հիմնադրամը  պետք է վերլուծություն ներկայացնի:

Կառավարությունը կաջակցի տարերային աղետներից  տուժած համայնքների բնակիչներին

ՀՀ մարզերում կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից տուժած համայնքների բնակիչներին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ գումար կհատկացվի տուժած համայնքների հողօգտագործողների վնասված տարածքների 2017 թ. հողի հարկի և օգտագործված ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով:

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2017 թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով:

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝  առաջարկվում է 12.000,0 հազար դրամ տրամադրել ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում 4 ընտանիքի և 32,324,1 հազար դրամ՝ ՀՀ Շիրակի մարզի   գյուղական բնակավայրերում 8 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման համար:

Լոռու մարզում ևս կներդրվի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծախսարդյունավետ ենթահամակարգ

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման (ԿԿԹԿ) հայեցակարգին:  Հիմնավորման համաձայն՝    մարզի 107 համայնքներից ներկայում աղբահանության ծառայություններ մատուցվում են ընդամենը 59 -ում:     Ըստ այդմ, մարզում նախատեսվում է ներդնել ԿԿԹԿ եվրոպական չափանիշներին բավարարող ծախսարդյունավետ, բնապահպանական և սանիտարահիգիենիկ առումով պատշաճ ենթահամակարգ, որի ծառայություններում ներգրավված կլինի մարզի ողջ բնակչությունը: Արդյունքում ակնկալվում է, մասնավորապես,  նվազեցնել և չեզոքացնել  մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասական  ներգործությունը:  Ի պատասխան վարչապետի հարցի՝ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ բոլոր մարզերում այդ համակարգի ներդրումը նախատեսվում է ավարտել մեկ տարվա ընթացքում:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ թույլատրել է  ՀՀ Արարատի մարզպետին օրենքով սահմանված կարգով լուծել մարզպետարանի և մի շարք ընկերությունների միջև կնքված պայմանագրերը: Հիմնավորման համաձայն՝ Արարատի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների իրագործման ուղղությամբ իրականացվելիք  ծրագրերի շրջանակում նախատեսվում էր հիմնանորոգել  Ավշար համայնքի մանկապարտեզը:  Մինչդեռ պարզվել է, որ մասնաշենքը հնարավոր չէ վերանորոգել և պետք է կառուցել նոր մասնաշենք:  Վարչապետը հորդորել է նվազագույնի հասցնել նման դեպքերը. «Որքանո՞վ ենք երաշխավորված, որ նման դեպքեր այլևս չեն լինի: Ինչ-որ աշխատանք ենք անում, գումարներ ծախսում ու հետո պարզում, որ աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ: Անհրաժեշտ է հետազոտել, թե որտեղ է եղել մեր բացթողումը, սխալը»:

Գործադիրն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշումներ: ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին նվիրաբերած հողամասում նախատեսվում է  կառուցել  համայնքային շուկա: Այդ հարցը բարձրացրել են նաև տեղի քաղաքացիները՝ վարչապետի Նոյեմբերյան կատարած այցի ժամանակ: Այն կկառուցվի երեք տարվա ընթացքում, ներդրումը կկազմի 35 մլն դրամ:  Վարչապետը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուշադրությունը հրավիրել է խնդրի վրա, առաջարկել է հետևել  աշխատանքների ընթացքին, որպեսզի նոր շուկան ճարտարապետական  ճիշտ լուծումներ ունենա:

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքին նվիրաբերած տարածքն էլ կվերանորոգվի, որտեղ կտեղակայվեն համայնքի վարչական ներկայացուցչությունն ու գրադարանը: Տարածքում նախատեսվում է նաև հիմնել  երեխաների ցերեկային խնամքի կենտրոն (նախակրթարան) և կառուցել մանկական խաղահրապարակ:

Օրենսդրական նախաձեռնություններ

Կներդրվի առավել ճկուն և երկարաժամկետ տնտեսական աճը խթանող հարկաբյուջետային կանոնների համակարգ

Հավանության է արժանացել «ՀՀ բյուջետային  համակարգի  մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի նպատակը ՀՀ պետական ֆինանսների կառավարման բնագավառում հարկաբյուջետային քաղաքականության սկզբունքների հստակեցումն է` լրացուցիչ իրավական կանոնակարգումների միջոցով պետական բյուջեի նախագծի կազմման և պետբյուջեի կատարման գործընթացներն առավել կանոնակարգված և ճկուն դարձնելու համար:  Այդ նպատակին հասնելու համար, նախագծերով առաջարկվում է օրենքով ամրագրել որոշակի կանոններ, որոնք կսահմանափակեն  առաջիկա տարվա պետական բյուջեի պակասուրդի մեծությունը կապիտալ ծախսերով, ինչպես նաև ընթացիկ ծախսերի աճը կախվածության մեջ կդնեն նախորդ տարվա արդյունքներով կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերության փաստացի արձանագրված ցուցանիշի մեծությունից: Նախատեսվում է, որ սահմանափակումները չեն գործի բացառիկ դեպքերի առկայության պարագայում:

Նոր մոտեցումներ՝  ստվերային շրջանառությունները կրճատելու նպատակով

Հավանություն է տրվել ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ  օրենքների նախագծերի փաթեթին: Հիմնավորման համաձայն՝ օրինագծերի փաթեթը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա, որը տրվել է ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստին: Հանձրարարվել էր քննարկել հարկային և մաքսային օրենսդրական դաշտի վերանայման այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ստվերային տնտեսությունները հարկային դաշտ բերելուն, սեփական եկամուտներն ավելացնելուն: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում են նոր մոտեցումներ՝ տնտեսության մեջ առկա ստվերային շրջանառությունները կրճատելու նպատակով: Մասնավորապես՝            ԵԱՏՄ անդամ երկրներից իրականացվող ներմուծումների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների տեղափոխումն իրականացնել ապրանքների հետագծելիությունն ապահովող և հարկային մարմին տեղեկատվություն հաղորդող էլեկտրոնային սարքերի կիրառությամբ: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է 2018 թ. հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի կիրառության հետ կապված ապահովել օրենսգրքի և հարակից օրենքների, դրանց հասկացությունների, կարգավորումների ու հղումների համապատասխանեցումը, օրենսգրքով սահմանված նոր կարգավորումների սահմանումը հարակից օրենքներով:

Հավանության է արժանացել կառավարության մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծի կարգավորման նպատակը մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ամբողջական կիրառության մեջ մտնելը  օրենսգրքով սահմանված առանձին իրավական նորմերի վերանայումն է` դրանցում բովանդակային, խմբագրական, ինչպես նաև տերմինաբանական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու ճանապարհով: Նախագծով, մասնավորապես, շահաբաժինների հարկման մասով առաջարկվում է` հարկել միայն  ընդհանուր ժողովի կողմից հայտարարված շահաբաժինները՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին հարկի առաջացման նորմը հանելով, հարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2017 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկել ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2018 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկերի վճարումից չխուսափելու համար՝ հարկային օրենսդրության իմաստով որպես շահաբաժնի վճարում համարել նաև անտոկոս կամ ցածր տոկոսով տրված փոխառությունները և այլն: Վերոնշյալ երկու օրենսդրական նախաձեռնությունները կմիավորվեն և  ԱԺ կներկայացվեն մեկ փաթեթով:

Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն միտված է բիզնես միջավայրի բարելավմանը, գործարարների համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելուն: «Ավելին, մոտ ժամանակները մենք նորից քննարկելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և այլ գերատեսչությունների բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունները: Ամենակարևորը, որ ուզում եմ տեղյակ պահել գործընկերներին, այն է, որ բոլոր այն նախաձեռնություններում, որտեղ ՊԵԿ-ը հնչեցնում է խնդիրներ պոտենցիալ ոչ օրինապահ բիզնեսին օրինական դաշտ բերելու վերաբերյալ,  միշտ առաջնորդվել ենք հետևյալով՝ մերժվում են բոլոր այդ նախագծերն ու  առաջարկությունները, որոնք կարող են օրինապահ բիզնեսմենի համար խնդիրներ ստեղծել: Այսինքն՝ միակ չափանիշը մեզ համար բոլոր օրենքներում, նախաձեռնություններում այն է, որ օրինապահ բիզնեսմենի համար որևիցե խոչընդոտ չստեղծվի»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նախատեսվող բոլոր փոփոխությունների վերաբերյալ հնարավորինս տեղեկացնել հանրությանը:

Նախատեսվում է սահմանափակել ընթերակաների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների քանակը

Գործադիրը հավանություն է տվել  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Արդյունքում ակնկալվում է բարձրացնել քննչական գործողությունների կազմակերպման արդյունավետությունը՝ վերացնելով առանց իրավաչափ նպատակի ընթերականեր ներգրավելու կարգավորումները: Նախագծով առաջարկվում է սահմանափակել ընթերակաների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների քանակը, որպես այլընտրանք նախատեսելով տեսաձայնագրառումը և մասնագետների կամ փորձագետների մասնակցությունը, ինչը կապահովի քննության արդյունավետությունը և օբյեկտիվությունը:

Կբարձրանա բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը

Հավանություն է տրվել նաև կառավարության մեկ այլ օրենսդրական նախաձեռնությանը՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի վերաբերյալ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել բաժնետիրական ընկերությունների կառավարման ռիսկերը, կատարելագործել հակակշիռների և զսպման մեխանիզմը, բացահայտել բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների շահագրգռվածության և շահերի բախման դեպքերը: Արդյունքում՝ օրենքի որոշ դրույթներ կհամապատասխանեցվեն կորպորատիվ կառավարման միջազգային պրակտիկայում ընդունված առավել արդիական սկզբունքներին: Միաժամանակ, նախագծի ընդունման դեպքում հնարավոր է բարելավել «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքը, մասնավորապես` այլ հավասար պայմաններում ապահովելով «Ներդրողների պաշտպանվածություն» ցուցիչով առաջընթաց` 53-ից 32-րդ տեղ:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի  վերաբերյալ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 12-ին ժամը 10:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:

Հայաստանի  տարածքում տվյալների պահոց կստեղծվի

Գործադիրը հաստատել է ՀՀ տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագիրը, միջոցառումների ժամանակացույցը և պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը:  Տվյալների պահոցը սահմանելու է խաղի ընդհանուր կանոններ, ձևավորելու է թվային համակարգերի և ծառայությունների տրամադրման միասնական չափանիշներ ու ստանդարտներ, արդյունավետ կերպով ներդնելու է տեղեկատվական համակարգերի անվտանգության և պաշտպանության նորագույն միջոցներ: Հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին հանրապետությունում էլեկտրոնային կառավարման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։  Մասնավորապես, տեղեկատվական համակարգեր են ներդրվել մի շարք պետական կառավարման մարմիններում՝ հնարավորություն ընձեռելով քաղաքացիներին և իրավաբանական անձանց իրենց գործառույթները պետության հետ իրականացնել էլեկտրոնային եղանակով: Այն նպաստում է պետական ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի և կոռուպցիոն ռիսկերի նվազմանը: Ներկայումս այս բարեփոխումների հաջորդ փուլը նախագծելու և իրականացնելու աշխատանքներ են իրականացվում։ Մասնավորապես, կառավարությունը հանձնարարել է պետական կառավարման մարմիններին ներկայացնել իրենց բնագավառներում թվայնացման ուղղությունները, որոնք հիմք կհանդիսանան հետագա թվայնացման միասնական ուղղությունների մշակման համար։  Ի պատասխան վարչապետի հարցի՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մանրամասներ է հայտնել կենտրոնի ստեղծման ժամանակացույցի վերաբերյալ. «Մենք հիմա քննարկում ենք հարցը մի քանի մասնավոր ընկերությունների հետ: Նախնական հաշվարկներով՝ արժեքը սկսվում է  10 մլն դոլարից: Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում  պետությունն ապահովում է ենթակառուցվածքներով և շենքով, մնացած ներդրումներն անելու է մասնավորը: Մենք նախատեսում ենք մինչև օգոստոս մրցույթն ավարտել»:

Կբարելավվի գործարար միջավայրը

Հարկային և ֆինանսական հաշվառման նպատակներով ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարվող ծախսերը որպես կապիտալ ծախսեր ճանաչելու՝ գործող մոտեցումները միասնականացնելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հարկման նպատակով հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերը, որպես կապիտալ ծախսեր որակելու հատկանիշ, հիմք է ընդունվելու հիմնական միջոցի մասի կամ բաղադրիչի փոխարինումը: Ընդունված որոշումը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը:

Գործադիրը հաստատել է արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգը: Նախագծով առաջարկվում է կարգավորել արտադրող կամ ներմուծող չհանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մոտ առկա՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդների դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:

ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկման ապահովմամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է նաև «Ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը որոշելու առանձին հարցերի վերաբերյալ» որոշում: Արդյունքում կհաստատվեն ռոյալթիների հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի առավելագույն և մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ տրանսպորտայինը) առավելագույն սահմանաչափերը:

Կառավարության որոշմամբ «Մուլտի Սոլար» ՍՊԸ-ն կօգտվի ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: «Մուլտի Սոլար»-ը նախատեսում է Աբովյան քաղաքում կառուցել ամբողջովին նոր արևային վահանակների արտադրության գործարան՝ կատարելով շուրջ 967 մլն ՀՀ դրամի չափով ներդրում: Արդյունքում  2018-2020 թթ. կստեղծվի մոտ 97 աշխատատեղ` 192 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930