ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
Սույն թվականի նոյեմբերի 16-ին, ՀՀ Կառավարությունը՝ 1433 – Ա որոշմամբ հավանություն տվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերտառությամբ օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերի փաթեթներին, որոնցում տեղ են գտել մի շարք փոփոխություններ՝ նախկինում հանրային քննարկման ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծի համեմատությամբ:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) ողջունում է Լրամշակված նախագծում տեղ գտած մի շարք բարելավումներ, ինչպիսիք են հոգեբանական բռնության դրսևորումների մեջ հղիության արհեստական ընդհատման հարկադրանքի ներառումը, անտեսման, որպես ընտանեկան բռնության առանձին տեսակի նախատեսումը, ռեաբիլիտացիոն ծրագրերի սահմանումը և դրանց կիրառման դեպքերի մատնանշումը, պաշտպանական որոշումները երկու անգամ երկարաձգելու հնարավորության սահմանումը, գործի փաստական հանգամանքների ի պաշտոնե (“ex officio”) պարզումը քաղաքացիական դատարանի կողմից՝ պաշտպանական որոշումների կայացման ժամանակ և ընտանեկան բռնության մասնավոր մեղադրանքի գործերը ex officio կարգով շարունակելու ընթացակարգ սահմանող նորմերի նախատեսումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում:
Միաժամանակ, Կոալիցիան իր խորին վրդովմունքն է հայտնում լրամշակված նախագծում տեղ գտած այն համակարգային փոփոխությունների կապակցությամբ, որոնք խեղաթյուրում են նախագծի բուն իմաստը և զգալիորեն թուլացնում դրա արդյունավետությունը: Մասնավորապես.
- Միջազգային իրավական փաստաթղթերում, այդ թվում նաև ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերում և դրանց ընդհանուր հանձնարարականերում[1] և անհատական որոշումներում, տարածաշրջանային իրավական փաստաթղթերում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում, Եվրոպայի խորհրդի բանաձևերում և այլ փաստաթղթերում օգտագործվող և միջազգային հանրային իրավունքում իր ուրույն նշանակությունը ունեցող «ընտանեկան բռնություն» տերմինը փոխարինվել է «ընտանիքում բռնություն» արտահայտությամբ, որն անգամ ամենալայն մեկնաբանման դեպքում չի կարող արտահայտել ընտանեկան բռնությանը տրված միջազգային իրավական բովանդակությունը՝ դրանով իսկ թուլացնելով օրենքի գործողության շրջանակն ու արդյունավետությունը:
- Ընտանիքում համերաշխության վերականգնման ապահովումը որպես օրենքի նպատակ ներառելը Նախագծում փոփոխում է օրենքի բուն ուղղվածությունը՝ բռնության ենթարկված անձանց պաշտպանությունից դեպի համերաշխության վերականգնում: «Համերաշխությունը» սուբյեկտիվ ընկալման տեղիք տվող տերմին է. այն կարող է դրսևորվել նաև կնոջ՝ ամուսնու կողմից կիրառվող բռնությունների հետ հաշտվելով: Գտնում ենք, որ այս սկզբունքի ներառումը հակասում է օրենքի իրավական որոշակիության սկզբունքին և մարդու, որպես բարձրագույն արժեքի, իրավունքները ստորադասվում են հասարակության այլ անդամների կողմից սուբյեկտիվ կերպով գնահատվող «ընտանիքի համերաշխությանը»:
- Այս համատեքստում մեր կողմից բազմիցս բարձրաձայնվել է դեռևս նախկին նախագծով ներմուծված հաշտարարության ինստիտուտի կիրառման խնդրահարույց լինելու մասին հարցադրումը: Միջազգային փորձից ելնելով կարելի է փաստել, որ հաշտարարության ինստիտուտի կիրառումը արդյունավետ է կողմերի հավասարության պարագայում, ինչը բացակայում է ընտանեկան բռնություն գործադրած և ընտանեկան բռնության ենթարկված անձանց միջև հարաբերություններում: Ընտանեկան բռնության գործերով հաշտարարության կիրառման խնդրահարույց և ոչ արդյունավետ լինելու վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև ՄԱԿ-ի Կանանց նկատամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոմիտեն՝ իր 33-րդ ընդհանուր հանձնարարականում:[2]
Դեռ ավելին, լրամշակված նախագծով հաշտարարության փոխարեն կիրառվում է «հաշտեցում» տերմինը, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում արվող փոփոխություններով հստակեցվում է, որ հաշտեցումը տարբերվում է հաշտարարությունից. հաշտարարության կանոնները այս դեպքում կիրառելի չեն, իսկ հաշտեցումն իրականացվելու է լիազոր մարմնի մշակած կարգով՝ Աջակցման կենտրոնների կողմից: Այսինքն, հաշտեցման կանոնները, ընթացակարգերը և «հաշտեցնողների» նկատմամբ ներկայացվող պահանջները դեռևս անհայտ են:
Միաժամանակ, որևէ տրամաբանության չի ենթարկվում առավելագույնը 20-oրյա ժամկետով կիրառվող անհետաձգելի միջամտության որոշման կիրառման ժամանակահատվածում հաշտեցման ընթացակարգի իրականացումը, առավել ևս, որ անհետաձգելի միջամտության որոշումը ոստիկանը կարող էր կայացնել միայն ընտանիքի անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով, եթե ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի նկատմամբ բռնություն է կիրառվել և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին: Այսինքն, նույնիսկ բռնության կրկնման հիմնավոր ենթադրության դեպքում, ընտանիքի հաշտեցումն ավելի կարևոր է դասվում, քան ընտանիքի անդամի անվտանգությունը, և պետական մարմինը (Աջակցման կենտրոնը) պարտավորվում է դիմումի առկայության դեպքում իրականացնել «հաշտեցման» գործընթացը:
Կոալիցիան այս նորմը գնահատում է, որպես ինքնանպատակ, պնդելով, որ այն ոչ միայն չի ենթարկվում տրամաբանության կանոններին, այլ նաև հակասում է ՀՀ կողմից ՀՀ ահմանադրությամբ և բազմաթիվ միջազգային պայմանագրերով ստանձնած իր պոզիտիվ պարտավորություններին՝ պաշտպանելու իր քաղաքացիների կյանքը, անվտանգությունն ու անձնական անձեռնմխելիությունը:
- Ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդումը և ընտանիքում համերաշխության վերականգնումը, որպես ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունք ներառելը Նախագծում հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ «ավանդական արժեքների» սահմանումը ՀՀ իրավական որևէ փաստաթղթում բացակայում է: Այն նաև հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքներին և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 5-րդ հոդվածի ա/ կետով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:
- Խնդրահարույց է նաև ընտանիքի անդամների սահմանումը լրամշակված նախագծով: Մասնավորապես, ընտանիքի անդամների մի մասի դեպքում (տատ, պապ, քույր, եղբայր…) օրենքի պաշտպանությունը տարածվում է միայն համատեղ բնակվելու դեպքում: Ինչ վերաբերում է ավելի մոտ ընտանիքի անդամներին (ամուսին, ծնող, երեխա…), որոնց ցանկը սահմանված է Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի ա/ կետում, ապա այստեղ սահմանումը որոշակի չէ և կարող է երկիմաստ մեկնաբանման առիթ տալ: Հաշվի առնելով, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է իրավական ակտի բառացի մեկնաբանություն, տվյալ ձևակերպմամբ սահմանման դեպքում հնարավոր է, որ «անկախ համատեղ բնակության հանգամանքից» արտահայտությունը մեկնաբանվի որպես միայն նախկին ամուսնու ծնողներին վերաբերելի պայման: Այսինքն, կստացվի, որ համատեղ չբնակվող ամուսինների նկատմամբ օրենքի պաշտպանական մեխանիզմները չեն կարող կիրառվել: Նախկին նախագծի սահմանումն ավելի լայն էր և թույլ էր տալիս ներառել ընտանիքի բոլոր անդամներին՝ անկախ միասին բնակվելու հանգամանքից, ինչն հնարավորություն էր տալիս առավել պաշտպանել ընտանեկան բռնության զոհերին:
- Լրամշակված նախագծում «ֆիզիկական բռնության» սահմանումից հանվել է ֆիզիկական ցավ պատճառելը և ներառված է միայն դիտավորությամբ ֆիզիկական տառապանք պատճառելը: Միաժամանակ, «ֆիզիկական տառապանք» տերմինը չի օգտագործվում ոչ ՀՀ քրեական օրենսգրքում, ոչ էլ ունի որևէ այլ սահմանում: Փաստացի, ընտանիքի անդամին ֆիզիկական ցավ պատճառելը դուրս է մնում ֆիզիկական բռնության սահմանումից, դրանով իսկ պաշտպանության հնարավորությունից զրկելով, օրինակ, այն կնոջը, ում ամուսինը նրան ապտակել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ, սակայն բացակայում են ծեծին կամ առողջությանը վնաս պատճառելու հանցակազմի հատկանիշները:
- Լրամշակված Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետի համաձայն, հոգեբանական բռնությունը սահմանվում է որպես դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը… Բռնություն համարվելու համար, իհարկե, սպառնալիքները չպետք է կրեն հումորային բնույթ կամ լինեն չափազանց անիրական: Սակայն դրանց իրական լինելու պայմանը սահմանման մեջ ներառելը կարող է անհամաչափ բեռ դնել բռնության զոհ դարձած անձի համար՝ հիմնավորելու սպառնալիքների իրական լինելը: Նույն կերպ բռնության սպառնալիքի պայմաններում ապրող կանայք տարիներ շարունակ չեն կարողանում պաշտպանություն ստանալ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի շրջանակներում, քանի որ դժվարանում են հիմնավորել սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգը:
Ելնելով վերոգրյալից, Կոալիցիան, որպես տարիներ շարունակ ընտանեկան բռնության ենթարկվող կանանց հետ աշխատող և վերջիններիս խնդիրները բարձրաձայնող կազմակերպություն պահանջում է.
- վերականգնել Նախագծի նախկին անվանումը և «ընտանիքում բռնություն» տերմինի փոխարեն օգտագործել «ընտանեկան բռնություն» տերմինը,
- Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետից հանել «ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդման և ընտանիքում համերաշխության վերականգնման» արտահայտությունը,
- Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի ա/ կետում «անկախ համատեղ բնակության հանգամանքից» արտահայտությունը տեղափոխել «ամուսին» բառից առաջ,
- «ֆիզիկական բռնության» սահմանման մեջ ավելացնել «ֆիզիկական ցավ պատճառելը»,
- «հոգեբանական բռնության» սահմանումից հանել «իրական» բառը,
- Նախագծից հանել «համերաշխության» և «հաշտեցման» վերաբերյալ բոլոր կարգավորումները:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
[1]Կանանց նկատամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի իրագործումը վերահսկող կոմիտեի ընդհանուր հանձնարարականներ 19 և 35
[2]CEDAW-ի կոմիտեի 33-րդընդհանուրբնույթի հանձնարարական, 58-րդկետ , հասանելի է առցանց https://tbinternet.ohchr.org/_layouts/treatybodyexternal/Download.aspx?symbolno=CEDAW/C/GC/33&