Ո՞վ է ստիպել Հայաստանի իշխանություններին գնալ Եվրամիության հետ համագործակցության համաձայնագրի ստորագրմանը. ոչ ոք, իրենք ստորագրել են, մի ամիս առաջ էլ հրապարակել են, որ մենք տեղյակ լինենք: Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նա միաժամանակ նկատեց`այդ համաձայնագրում գրված են խաղի կանոնները եւ հիմնական սկզբունքները եւ բնավ էլ պատահական չէ, որ նախաբանը բավական հագեցած է: Կարծում է, որ փաստաթղթում նման նախաբանի առկայությունն արդեն անկարեւոր են դարձնում մնացյալ կետերը:
Հիշեցնենք, համաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը`Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում: Կստորագրվի՞ այն, թե`ոչ, Հովհաննես Իգիթյանն ասում է`եթե ՌԴ-ի կողմից Սերժ Սարգսյանի վրա ճնշումներ րլինեն`կստորագրվի:
«Համաձայնագրում կոշտ ու կոպիտ պարտավորություններ չկան: Հայաստանը կարող է վաղն այն չստորագրել, եւ դրա համար որեւէ պատիժ չի լինելու: Մենք պարզապես հետ ենք մնալու խոշոր պրոցեսներից, կորցնելու ենք եւս մեկ կարեւոր հնարավորություն»,- ասաց Հովհաննես Իգիթյանը`կարեւորելով այն, որ ՀՀ իշխանությունները նախաստորագրել են մի փաստաթուղթ, որը արժեքային է: Ըստ բանախոսի, համաձայնագրում ընդգրկված ոլորտները փոխկապակցված են. հնարավոր չէ ունենալ առեւտուր՝ չունենալով ազատ շուկայական հարաբերություններ, մարդու իրավունքների պաշտպանություն եւ այսպես:
Նրա կարծիքով` կառավարությունից հնչող 2,5 տոկոս զարգացման մասին թվերը, անգամ որոշ մարդկանց հնչեցրած 4 տոկոսի տնտեսական աճը, Հայաստանին չեն փրկելու: «Մենք ուրախանում ենք, որ Ռուսաստանը թույլ է տալիս, որ մեր քաղաքացիները այնտեղ աշխատեն, այստեղ ընտանիք պահեն, ասում ենք՝ ապրի Պուտինը, որ թույլ է տալիս, որ մեր վարորդական իրավունքով մարդիկ այնտեղ աշխատեն: Բայց աշխարհի երկրներն այդպես չեն հարաբերվում: Տնտեսական հրաշքները լինում են այն ժամանակ, երբ պետությունը հնարավորություն է ունենում արտահանել աշխատանքի ուժի արդյունքը՝ ապրանքը: Մինչեւ վերջին նժդեհական ՀՀԿ-ականը պետք է հասկանան, որ ապրանքի արտահանումն է Հայաստանի ապագան, ոչ թե աշխատուժի արտահանումը»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
Մանրամասները`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ