«Սերժ Սարգսյանը Բրյուսել այցի ժամանակ ստորագրելու է համաձայնագիրը, և այս պահի դրությամբ որևէ վտանգ չեմ տեսնում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը վստահեցրեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Հարցին՝ Ղարաբաղի հարցում կամ ԵԱՏՄ-ին՝ Ադրբեջանի անդամակցության հետ կապված կա՞ անհանգստանալու բան, պարոն Սարգսյանը փարատեց մտահոգությունները՝ շեշտելով, որ Արցախի հարցով մտահոգվելու խնդիր չկա: Դառնալով Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին՝ ասաց. «ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ ցածր մակարդակում քննարկումներ են եղել, բայց Ադրբեջանի քաղաքական օրակարգում նման հարց երբեք չի եղել: Ադրբեջանը չի ցանկանում անդամակցել ԵԱՏՄ-ին, քանի որ վստահ է՝ ՀՀ-ի հետ ինչ-որ հարցերում պետք է հաշվի նստի, քանի որ այնտեղ ՀՀ-ն ունի վետոյի իրավունք»:
Իսկ ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի ռեպորտաժը պարոն Սարգսյանն անգրագետ համարեց ու նկատեց, թե դա դեռ չի նշանակում, որ ռուսական մամուլն է անդրադարձել այդ հարցին. «Անգրագիտությունը հասել էր նրան, որ այդ ռեպորտաժում ասվում էր՝ ՀՀ-ն պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին»:
Քաղաքագետ, The Armenian Interest (Հայկական շահ) գիտավերլուծական կենտրոնի փոխնախագահ Ռոբերտ Ղևոնդյանը կարծիք հայտնեց՝ բոլոր ռիսկերը եթե չլինեին նվազեցված, դժվար թե հրապարակվեր ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստը: Համեմատելով ներկայիս իրավիճակը և 2013-ին ստեղծված քաղաքական իրադրությունը՝ պարոն Ղևոնադյանը նշեց. «2013-ին Հայաստանն ընտրության առաջ էր կանգնած: Այսօր այդ ձևաչափը փոխվել է: Այսօր Հայաստանը վերականգնում է իր դերակատարությունն արտաքին քաղաքականության մեջ: Իսկ Ռուսաստանն, ընդհակառակը, շահագրգռված պետք է լինի, որ Հայաստանն ավելի զարգանա: Նույն ռուսական էլիտան ինքն է հասկանում՝ բռնատիրական տարբերակներով երկիրը կառավարել, չտանել ժողովրդավարական զարգացման, հեռանկար չունի: Ռուսաստանի շահը ոչ թե Հայաստանին խանգարելն է, այլ նպաստելը, որ ՀՀ-ում ժողովրդավարությունն ավելի շատ զարգանա»:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը փաստեց, որ լուրջ իրողություններ են տեղի ունեցել. «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվելիք այս նոր փաստաթուղթի պատրաստման ժամանակ հաշվի է առնվել այդ իրողությունը, հետևաբար, եթե ՌԴ-ի շահերի տեսանկյունից նայենք այդ ամենին, որևէ հակադրվող բան չկա, և փաստաթուղթը կստորագրվի»:
Հարցին՝ Հայաստանն ի՞նչ գին է վճարելու ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման համար, պարոն Պապյանը պատասխանեց. «Մենք արդեն այդ գինը վճարել ենք. ԵԱՏՄ-ի կազմում ենք: Եվ դա հաշվի է առնվել այս նոր փաստաթղթի տեքստը կազմելու ժամանակ: Փաստաթուղթը փաստաթուղթ, այլ բան է, թե դա ինչպես կյանքի կկոչվի: Իրականացնելու համար համաձայագրերի, փոխադարձ հուշագրերի տեսքով այլ փաստաթղթեր են պետք»:
Հարցին՝ պայմանագրի ստորագրումից հետո ի՞նչ է սպասվում Հայաստանին, պարոն Պապյանը պատասխանեց. «Այս փաստաթուղթը որոշակի հնարավորություն է ընձեռելու ՀՀ-ին: Հարցն այն է, թե որքանով կկարողանանք օտվել: Ակտիվ կողմը պետք է լինի Հայաստանը»:
Պարոն Պապյանը նաև նկատեց, որ լինելով ԵԱՏՄ կազմում՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը Հայաստանին գրավիչ է դարձնում: Ըստ նրա՝ դա նաև Ռուսաստանի համար է լավ: Ու եթե ՌԴ-ն ճիշտ քարոզչություն իրականացնի, թե տեսեք՝ նման հնարավորություն կա, դա ԵԱՏՄ-ն կդարձնի գրավիչ: Հայաստանի փորձը պետք է ներկայացնել որպես հաջողված պատմություն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի