Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուբսիդավորում ենք բնական մենաշնորհների ախորժակը»

Նոյեմբեր 23,2017 13:48

Եկող տարվա հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը բարձրանալու է 11 դրամ 41 լումայով: Երեկ այս մասին որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը. ջրի սակագինը գործող 180 դրամից դառնալու է 191.4 դրամ:

Ամիսներ առաջ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձնաժողովին հայտ էր ներկայացրել, ըստ որի՝ առաջարկում էր խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագներ սահմանել 194.3 դրամ` գործող 180 դրամի փոխարեն: Վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ հանձնարարել էր որոշ գերատեսչությունների ղեկավարներին «Վեոլիա ջրի» հետ քննարկել եւ լուծումներ գտնել սակագինը չբարձրացնելու հնարավորությունների համար: Վարչապետն ասել էր, որ այդ լուծումներից մեկը կարող է լինել, ասենք, «Վեոլիայի» կողմից տարածքների վարձակալման գների նվազեցումը:
Երեկ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը վստահեցրել է՝ սպառողների համար սակագինը կմնա նույնը, մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջը կառավարության նիստերից մեկին կներկայացնեն որոշման նախագիծ, որով սակագնի 11.4 դրամով թանկացումը սուբսիդավորվելու է:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ սակագնի բարձրացումն ակնկալելի էր: Մանուկյանը հիշեցրեց՝ Հայաստանի խմելու ջրի ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններն ամբողջությամբ «Վեոլիա ջրին» հանձնվեին, ու նրանց ներկայացրած մրցութային փաստաթղթերում սակագնային փոփոխության սցենարն արդեն իսկ կար, բայց ներկայացված սակագնի բարձրացման հայտում կային բաղադրիչներ, որոնք պայմանավորված էին գնաճով, էներգետիկ ծառայություններով եւ ջրօգտագործման ծավալներով. «Համենայնդեպս, մրցութային փաստաթղթերով, որի հիման վրա ընտրվեց միասնական օպերատոր, ամրագրված էր գնի բարձրացման սցենար (150 դրամից 155 դրամ՝ առանց ԱԱՀ-ի), բայց ոչ այն չափով, ինչը դրված էր սակագների բարձրացման հայտի մեջ»:

Մանուկյանի ներկայացմամբ՝ չնայած սա նշանակում է՝ ակնկալվում էր, որ սա կբերեր մոտ 7 դրամի թանկացման, սակայն սակագնի բարձրացման հայտում նշված էր դրա կրկնակին (14 դրամ). «Հայտի ուսումնասիրությունը չէր հիմնավորում 14 դրամ թանկացումը, օրինակ՝ հայտում նշվում էր, որ էլեկտրաէներգիայի ծախսը ավելացել է, սակայն միաժամանակ սակագների փոփոխության արդյունքում էլեկտրաէներգիայի դրամային ծախսը ավելի քիչ էր, քան 2016թ.-ին։ Իհարկե, հանձնաժողովը որոշեց 11.4 դրամով թանկացում, գուցե հավելյալ գործոններ կան, որոնք տեսանելի են թերեւս միայն իրենց»:
Ինչ վերաբերում է 11.4 դրամի սուբսիդավորմանը, Մանուկյանն ասում է՝ որքան որ ինքն է ուսումնասիրել, կառավարությունը վստահեցնում է՝ որ «Վեոլիա ջուր» ՓԲ-ի կողմից վճարվող վարձակալական/հավատարմագրային վճարները (ի դեպ, նախկինում էլ երբ միասնական օպերատոր չկար, վճար էր տալիս միայն «Վեոլիան») կուղղի բնակչության համար թանկացման ծածկմանը. «Այստեղ բովանդակային առումով ոչինչ չի փոխվում, զուտ աճպարարական հնարքներ են, որոնք պարբերաբար կիրառվում են, որպեսզի հասարակությանը հանգստացնեն, ասեն՝ դուք ձեր սեփական գրպանից ոչինչ չեք զգա: Մինչդեռ սա այնքան էլ այդպես չէ, որովհետեւ պետական բյուջեից այդ ակնկալվող եկամուտները կարող էին ուղղվել այլ սոցիալական ոլորտների բարելավմանը: Սա բացասական պրակտիկա է, որովհետեւ եթե հիմնավոր է թանկացումը, ուրեմն թող հիմնավորված լինի, իսկ բնակչության եկամուտների առաջանցիկ ավելացումը փոխհատուցի թանկացմանը: Իսկ այսպես մենք փաստորեն սուբսիդավորում ենք բնական մենաշնորհների ախորժակը, քանի որ բնական մենաշնորհների ղեկավարները կամայական պահի կարող են կամայական հայտ ներկայացնել, ասենք՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումների համար, պետությունն իր վրա վերցնի թանկացման արժեքը, եւ մեծ հաշվով այսպիսի քաղաքականությունից տուժում է բնակիչը, շահում է բնական մենաշնորհը»:

Մանուկյանի դիտարկմամբ՝ պետությունը պետք է մտածի բնակչության եկամուտների առաջանցիկ մեծացման ու խաղի կանոնների թափանցիկության մասին, հակառակ դեպքում սա կոռուպցիոն ռիսկեր է ծնում։

Բոլոր բնական մենաշնորհներում, ինչպես տնտեսագետն է նշում, կան ահռելի անարդյունավետ ծախսեր, եւ այս առումով պետք է լրջագույն ուսումնասիրություններ կատարվեն, պարտադրեն զտել պերճանքի համար ծախսերը:
Մանուկյանի ներկայացմամբ՝ ջրամատակարարման այս բնական մենաշնորհային ոլորտում կա 60%-ից ավելի կորուստ. «Եթե սակագինը չի ստեղծում այն մոտիվացիան, որ ես փորձեմ վարկերով կամ այլ գործիքակազմով իմ ողջ ռեսուրսներն ուղղել այս ցուցանիշը նվազեցնելուն, գոնե 15-20%-ի հասցնել կորստի գործակիցը, այլ պարբերաբար գնում ենք սակագնի բարձրացման, հետո սկսում ենք զարմանալ, թե՝ ինչո՞ւ ջրամատակարարման կամ էլեկտրաէներգիայի սպառումը նվազում է: Նման կարգի «ծակ դույլերը» ազդակ են, որ համակարգում կառավարումը կամ սակագնի մոտիվացիոն մեխանիզմները ճիշտ հենքերի վրա դրված չեն»:

Ըստ Մանուկյանի՝ ոլորտում 60% կորուստն անթույլատրելի թիվ է, եւ սա այն դեպքում, երբ այս նույն ոլորտի համար տարիներ շարունակ վարկեր են վերցրել ներդրումների համար. «Ինչո՞ւ պետական վերահսկողական մարմինները չեն ստուգել, թե ինչպես են ծախսվել այդ գումարները, ինչո՞ւ կորուստները չեն նվազել»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

23.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930