Նյու Յորքում 98 տարեկանում մահացել է պրոդյուսեր եւ «տաղանդներ հայտնաբերող» Ջորջ Ավագյանը, որը առանցքային նշանակություն է ունեցել ջազի այնպիսի լեգենդների պրոֆեսիոնալ կարիերայի վրա, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Մայլզ Դեյվիսը, Դյուկ Էլինգթոնը և մի շարք այլ երաժիշտներ:
Ինչպես հաղորդում է The New York Times-ը, Ավագյանը մահացել է Մանհեթենի իր տանը: Այդ մասին հայտնել է նրա դուստրը՝ մահվան պատճառները չնշելով:
«Ծանր սրտով հայտնում ենք, որ 98 տարեկանում կյանքից հեռացել է Ջորջ Ավագյանը: Նա ոչ միայն Լուի Արմսթրոնգի ընկերն էր և նրա հզոր ալբոմների պրոդյուսերը, այլև ընկեր էր Արմսթրոնգի թանգարանի համար: Իրական լեգենդ բոլոր լեգենդների մեջ»,- ասվում է Twitter-ում Լուի Արմսթրոնգի էջում տարածված հաղորդագրության մեջ:
Ջորջ Ավագյանը ծնվել է 1919թ. Ռուսաստանի Արմավիր քաղաքում, որտեղից նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: Իր կարիերայի ընթացքում Ավագյանը համագործակցել է Դյուք Էլինգթոնի, Մայլզ Դեյվիսի, Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի և այլ լեգենդար երաժիշտների հետ:
1960-ականներին Ավագյանը դարձավ Warner Bros կոնցեռնի երաժշտական բաժնի տնօրեն, իսկ հետո հիմնեց սեփական Avakian and Co. ընկերությունը:
1997թ. Մայլզ Դեյվիսի ալբոմի համահեղինակության համար Ավագյանը ստացել է «Գրեմմի»:
Լուսանկարում` Ջորջ Ավագյանը Լուի Արմսթրոնգի եւ Վ.Ս.Հենդիի հետ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ