2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Մուշեց Շուշանյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին մի խնդիր ներկայացրեց, որի մասին նախկինում տեղյակ չէր եւ խնդրեց համապատասխան կերպով արձագանքել դրան:
Մասնավորապես, ամբաստանյալներից Արմեն Լամբարյանը, Արթուր Սողոմոնյանը եւ Խաչատուր Գիչյանը ՔԿՀ-ից դատարան են տեղափոխվում մեկ «Գազել» տեսակի տրանսպորտային միջոցով, որում կալանավորների համար նախատեսված երեք առանձին խցեր կան:
«Դրանցում շարժվելու տարածություն անգամ չկա, «պրես» արված վիճակում են կալանավորները տեղափոխվում: Անգամ շնչելն է դժվար, որովհետեւ օդափոխության խնդիր կա»,-տեղեկացրեց Մուշեղ Շուշանյանը:
Նրա բնորոշմամբ՝ դա անձի արժանապատվությունը նսեմացնող փաստ է, որի առնչությամբ համապատասխան գնահատականներ է հնչեցրել Եվրադատարանը, եւ եթե այս կերպ շարունակվի, ինքը ստիպված կդիմի այդ իրավական ատյանին:
Խաչատուր Գիչյանն էլ հավելեց, որ «վիզը ծռված» վիճակում է ամեն անգամ դատարան բերվում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ