«Ի տարբերություն 2013 թվականի, երբ համաձայնագիրը հրապարակված չէր եւ փորձագետները, քաղաքացիական հասարակությունը չէին կարող պաշտպանել մի բան, որից տեղյակ չէին, այժմ մենք ունենք մի փաստաթուղթ, որը համարվում է Հայաստանի արդիականացման հենք: Շատերը ակնկալում էին, որ փաստաթուղթը 400 էջ չի կազմի, որովհետեւ սովոր էին եվրոպական հարևանության շրջանակներում տեսնել 10-20 էջանոց փաստաթուղթ, բայց այս 400 էջերի վրա հեքիաթ չէ, որ գրված է, հռչակագրային ձեւակերպումներ չեն, որ արված են»,- այսօր Ֆրիդրիխ Նաումանի ու «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Քննարկման նպատակն էր Արեւելյան գործընկերության գագաթաժողովից մեկ օր առաջ հասկանալ`կստորագրվի՞ այդքան բաղձալի`
Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր համաձայնագիրը: Հիշեցնենք, գագաթաժողովը կայանալու է վաղը`Բրյուսելում:
Անդրադառնալով բուն համաձայնագրի` մեզ համար կարեւոր դրույթներին, քաղաքագետը նկատեց. «Չկա մի ոլորտ, ներքին բարեփոխումների ոլորտ եւս, որտեղ Հայաստանի ու Եվրամիության դիրքորոշումները, հանձնառությունները, փոխադարձ պարտավորությունները, ամրացված, թարմացված չլինեն: Բայց սա չի նշանակում, որ փաստաթուղթը կարող է փրկել Հայաստանին հետընթացից որեւէ ոլորտում: Այն պարզապես լինելու է բռնելու տեղ հասարակության, քաղաքացիական հասարակության համար՝ հիշեցնելու Հայաստանի իշխանություններին, ԵՄ-ին՝ ստանձնած փոխադարձ պարտավորությունների մասին: Դա երբեք իդեալական չի աշխատել, բայց համաձայնեք, որ եթե մի բան այն չլինի, պետք է մեղադրենք մեզ»:
Մյուս կարեւորագույն ասպեկտը վերաբերվում է անվտանգությանը: Ըստ բանախոսի` 2016-ի ապրիլյան պատերազմից հետո հատկապես, նաեւ միջազգային հարթակներում Ադրբեջանի կեցվածքը տեսնելուց հետո, կարեւոր է դառնում, որ ԵՄ-ն իր անդամ 28 երկրների հետ համաձայնեցնում է արցախյան հարցում իր դիրքորոշումը, որպեսզի թույլ չտրվի հետագայում խնդրի կարգավորումը տեղափոխել այլ ատյաններ, մանեւրներ ու շեղումներ թույլ տալ: «Պատահական չէ, որ Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում հռչակագրում դրանից տարբերվող ձեւակերպումներ տալու: Հուսով եմ, որ Եվրոպայում հրաշալի հասկանում են, որ Ալիեւին այս պահին գոնե պետք է ոչ թե քաղաքական մոտեցումների փոփոխություն, այլ տեղեկանք՝ պատերազմի գործողություններն արդարացնելու համար: Ես հուսով եմ, որ վաղը չի գրվի այնպիսի դրույթ հռչակագրում, որը Ալիևի կողմից կմեկնաբանվի որպես տարածքային ամբողջականության գերակայություն, որպես պատերազմի իրավունք տվող տեղեկանք»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Նա վստահ է`վաղը համաձայնագիրը կստորագրվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ