Մեր հյուրն է Arev Film ստուդիայի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը
– Պարոն Վարդանյան, այսօր ի՞նչ է կատարվում մեր երկրում։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը։
– Սպասողական։
– Ինչի՞ն եք սպասում։
– Բոլորն են սպասում։ Եվ չգիտեմ, թե ինչի են սպասում։ Անվերջանալի կանգառում սպասող ուղևորների ենք նման։ Անընդհատ ինչ-որ բանի ենք սպասում, թե՝ լավ, թե՝ վատ։
– Հանկարծ Գոդոյին սպասող չլինենք։
– Գոդոյին ենք սպասում, ում ենք սպասում՝ չգիտեմ։ Բայց սպասում ենք։
Բայց այսքան սպասելը լավ բան չէ։ Երևի պետք է ճանապարհ ընկնել ու այն հարթելով ընթանալ։ Որպեսզի իմանաս, թե ուր ես գնում։
– Իսկ Դուք ձեր հույսը ինչի՞ հետ եք կապում, ում հետ եք կապում, հասարակության որ շերտի հետ։
– Միասին՝ բոլորի հետ եմ կապում։ Որովհետև մինչև բոլորը մասնակից չլինեն, ոչինչ չի ստացվի։ Ճիշտ է, տարբեր են ամենքը, բայց բոլորի մասնակցությունն էլ անհրաժեշտ է։ Մոտավորապես այսպես՝ ինչպես նախագծի համաձայն շենք ես կառուցում։ Եվ ամեն մեկն իրենով պետք է մասնակից լինի շենքի կառուցմանը։
Եվ եթե այս միասնականությունը չկա, ապա ոչինչ էլ չի կառուցվում, ընդամենը ժամանակավոր իրավիճակներում ժամանակավոր հարցեր են լուծվում։
– Բայց մեր ժողովուրդը շատ ուշ է արթնանում, հետո ինչ-որ տեղ համակերպված է, հանդուրժող է…
– Իմ պատկերացմամբ ժողովուրդը ջուր է, կամ նման է ջրի։ Այգեպանն է իր բահով ճանապարհ հարթողը, որով պետք է ջուրը հոսի։ Ու երբ այդ ջուրը այգեպանի շնորհիվ հասնում է այն ծառին, որը պետք է աճի ու պտղակալի, ահա այդ դեպքում է, որ երևում է ժողովրդի ֆունկցիան։
Այնպես որ, մեր երկրում այդ՝ բահով այգեպանների պակաս կա։ Որովհետև եթե անգամ բահ ունեցողներ էլ կան, ապա այդ բահով իրենց համար են գործում կամ ջուրն իրենց սեփական այգին են ուղղում։
Սա ես համարում եմ ճղճիմություն։ Այն նաև հենց քաղքենիությունն է։ Եվ այսօր ամենուր հենց քաղքենիությունն է տիրում մեր կյանքում, և՛ քաղաքականության մեջ, և՛ մշակույթում, և՛ հասարակական հարաբերություններում, հեռուստատեսային ոլորտում։ Քաղքենիությունը դարձել է դրոշ։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում