Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկորդային անկումից՝ ռեկորդային աճ. «168 ժամ»

Նոյեմբեր 23,2017 11:51

Վերջին օրերի տնտեսական լրահոսի գլխավոր թեման ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից 3 օր առաջ հրապարակված մակրոտնտեսական տվյալներն են, որոնց համաձայն՝ տնտեսական ակտիվությունն Հայաստանում 2017 թվականի հունվար-հոկտեմբԵրին՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ, աճել է 17%-ով։ Իսկ այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աճն ավելի տպավորիչ է՝ 17%։

Այս ցուցանիշները բավականին ոգևորել են տնտեսական բլոկի ղեկավարներին, ինչը զարմանալի չէ, որովհետև 7% տնտեսական ակտիվության աճը ռեկորդային է ոչ միայն ընթացիկ տարվա, այլև՝ վերջին 4 տարվա կտրվածքով (ավելի բարձր աճ վերջին անգամ գրանցվել է 2013 թվականի հունվար-ապրիլին՝ 7.2%)։ 7%-անոց աճը նաև թույլ է տալիս ենթադրել, որ տարվա կտրվածքով տնտեսական աճը կլինի ավելի բարձր, քան կառավարության կողմից կանխատեսվող 4.3%-ը։

Տարբեր գերատեսչություններ և կառույցներ մեկը մյուսից գեղեցիկ ինֆոգրաֆիկաներ են հրապարակում, որպեսզի ավելի լավ երևա, թե նախորդ տարիների համեմատ տնտեսական ակտիվության աճն ինչ տպավորիչ է։ Ոչ պակաս գեղեցիկ ինֆոգրաֆիկաներով ցույց են տալիս, թե ինչով է պայմանավորված այդ աճը՝ ներկայացնելով առանձին ոլորտների ցուցանիշները։

Այս ամենը՝ թե՛ աճը, թե՛ տվյալների վիզուալիզացիան ու ներկայացումը, իհարկե, լավ է։ Սակայն, երբ ասում ենք, որ տնտեսական աճը գրանցվել է այսինչ ոլորտի հաշվին, դա բավարար չէ։ Բավարար լինելու համար պետք է նաև հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված կոնկրետ այդ ոլորտի աճը, և որքանո՞վ է այն առողջ։

Հոկտեմբեր ամսվա տպավորիչ աճը հասկանալու համար ուղիղ մեկ տարի ետ գնանք։ 2016 թվականի այս օրերին մակրոտնտեսական ցուցանիշների առումով հակառակ տրամադրություններ էին. հունվար- հոկտեմբերի ցուցանիշներն ամենավատն էին վերջին մի քանի տարիների կտրվածքով։ Տնտեսական ակտիվության նվազումը սկսվել էր դեռ 2016-ի հուլիսից, սակայն անկումն առավելագույնի հասավ հենց հոկտեմբերին։ Մասնավորապես, 2016 թվականի հոկտեմբերին՝ 2015-ի հոկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվությունը նվազեց 7,7%-ով։ Իսկ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի կտրվածքով (աճողական) տնտեսական ակտիվության աճը կազմեց ընդամենը 0,3%։

Տնտեսական անցուդարձով հետաքրքրվողները կհիշեն, որ անկման հիմնական մեղավորը գյուղատնտեսությունն էր։ Նախ՝ 2016-ի սեպտեմբերին (նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ) գրանցվեց 20% անկում, իսկ հոկտեմբերին անկման տեմպը հասավ 30%-ի։ Այս անկումը բուռն քննարկման թեմա դարձավ։ Գյուղոլորտի ցուցանիշների անկման մասին լրագրողները հետաքրքրվեցին վարչապետ Կարեն Կարապետյանից, նախ՝ 2016-ի դեկտեմբերին՝ ԶԼՄ-ների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ, իսկ հետո արդեն՝ հունվարի 13-ին, վարչապետի ասուլիսի ժամանակ։ Վարչապետն այս անկումն այն ժամանակ պայմանավորեց 2 գործոններով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ։ Օբյեկտիվը եղանակային պայմաններն էին, իսկ սուբյեկտիվը՝ վիճակագրական տվյալների հավաքագրման հետ կապված խնդիրները, քանի որ գյուղատնտեսության ոլորտում վիճակագրական տվյալների հավաքագրումը կազմակերպվում է համայնքապետերի, մարզպետների միջոցով։ Ասել է թե՝ գյուղոլորտի ցուցանիշները կարող են իրականությունից էապես շեղված լինել։ Հետո Գյուղնախարարությունն ու ԱՎԾ-ն հանդես եկան պարզաբանումներով՝ գյուղոլորտի անկումը պայմանավորելով գլխավորապես կլիմայական պայմաններով և գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի հասունացման վեգետացիոն ժամանակաշրջանի կրճատմամբ։

Ինչո՞ւ այսքան մանրամասն կանգ առանք գյուղատնտեսության վրա։ Որովհետև այս տարվա հոկտեմբերի աճի չեմպիոնը հենց այս ոլորտն է։ Իսկ դա լիովին հասկանալի է։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2017 թվականի հոկտեմբերին՝ 2016-ի հոկտեմբերի համեմատ, աճել է 34.7%-ով և հավասարվել արդյունաբերական արտադրանքի ծավալին՝ 153,2 մլրդ դրամ։ Ամենից շատ հենց գյուղատնտեսությունն է նպաստել տնտեսական ակտիվության աճի արագացմանը։ Իսկ ինչի՞ հաշվին է գրանցվել գյուղոլորտի այս տպավորիչ աճը։ Ճիշտ է, նախորդ տարվա անկման. 2015 թվականի հոկտեմբերին գյուղոլորտի արտադրանքի ծավալը 147,3 մլրդ դրամ էր, 2016-ի հոկտեմբերին նվազել էր մինչև 102,7 մլրդ դրամ։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930