«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով վերջին շրջանում փաստաբանների կալանավորման եւ նրանց կաշառքի մասով մեղադրանք առաջադրելու դեպքերին, ասաց. «Այս դեպքերը պետք է հաղորդագրություն լինեն դատավորներին, դատախազներին, փաստաբաններին, քննիչներին եւ ոստիկաններին՝ հեռու մնալ կոռուպցիոն սխեմաներից»:
Հիշեցնենք, որ 2016 թվականին կաշառք վերցնելու համար կալանավորվեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, իսկ ահա կաշառքի միջնորդության համար մեղադրանք առաջադրվեց նաեւ փաստաբան Էլզա Զաքարյանին։
Սեպտեմբերի 17-ին հատուկ քննչական ծառայությունում կաշառքի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակում կալանավորվեց փաստաբան Գայանե Գուլոյանը։
Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի կաշառքի միջնորդության գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել փաստաբան Էդվարդ Չինարյանը։
Եվ վերջին դեպքը՝ նոյեմբերի 20-ին, կաշառքի միջնորդության գործով կրկին ՀՔԾ-ի կողմից կալանավորվեց փաստաբան Վաղինակ Աթոյանը, որի նկատմամբ երեկ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Փաստաբանների շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ։
– Պարոն Ջոհրաբյան, արդեն չորրորդ փաստաբանն է մեղադրյալի աթոռին հայտնվել։ Պատճառը կաշառքի միջնորդությունն է, որպեսզի իրենց պաշտպանյալին մեղմ պատիժ նշանակեն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը։
– ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի համաձայն՝ անձն անմեղ է, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճռով չի հաստատվել նրա մեղավորությունը։ 2017թ. կաշառքին առնչվող երեք տարբեր քրեական գործերն առնչվում են երեք փաստաբանի հետ։ Նշված փաստաբանների առնչությամբ քրեական գործերը դեռ չեն ավարտվել, հետեւապես չի կարելի ասել, որ նրանք հանցագործություն են կատարել։ Իմ տեղեկություններով՝ մեկ գործն արդեն դատարանում է, իսկ մյուս երկու գործերը գտնվում են նախաքննության փուլում։
– Փաստ է, որ արդեն 4-րդ փաստաբանն է նման կոռուպցիոն դրսեւորման գնում, ինչի՞ հետեւանք կարող է լինել այս ամենը։
– Ընդհանրապես կոռուպցիայի՝ որպես երեւույթի մասին խոսելիս՝ պետք է արձանագրել, որ այն ներխուժել է հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտները։ Դատաիրավակաև համակարգում կոռուպցիայի դրսեւորումներն ավելի անհանգստացնող են։ Մենք կոռուպցիայի դեմ պայքարի տեսակետից ունենք «ականներ» փաստաբանի վարքագծի կանոնագրքում, օրինակ՝ եթե փաստաբանը երաշխավորում է գործի ելքը, ապա դա հիմք է՝ արտոնագիրը դադարեցնելու համար:
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում