«Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարում անդրադարձել էինք «Դիլիջանի պետական բժշկական քոլեջի» տնօրենի մրցույթին, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 17-ին։ Այդ մրցույթում միաձայն հաղթել էր քոլեջի գործող տնօրեն Վարդան Գեւորգյանը, որը ներկայումս մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, եւ նրա մեղադրանքով քրեական գործը ներկայումս քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։
Իհարկե, քանի դեռ չկա անձին դատապարտող դատավճիռ, տվյալ մարդը համարվում է անմեղ։ Ուստի Վարդան Գեւորգյանի կողմից տնօրենի մրցույթին մասնակցելը իրավական տեսանկյունից խնդիր չի առաջացնում։ Այս դեպքում խնդիրը մրցութային հանձնաժողովն է։ Մարդիկ առանց կաշկանդվելու քոլեջի տնօրենի պաշտոնում հաստատել են մի մարդու, որը բացառված չէ, որ առաջիկայում պաշտոնեական դիրքի չարաշահման համար կարող է դատապարտվել։ Նման վերաբերմունքը կրթօջախի ղեկավար պաշտոնը զբաղեցնող անձի ընտրության նկատմամբ, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս։ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս մտահոգություն հայտնեց, որ խորհուրդները հաճախ ազատ չեն եւ գտնվում են ինչ-որ անձանց ազդեցության տակ։
– Դիլիջանի պետական բժշկական քոլեջում օրեր առաջ մրցութային խորհուրդը տնօրեն է ընտրել գործող տնօրենին՝ Վարդան Գեւորգյանին, ով ներկայումս մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Ինչպե՞ս է նման բան հնարավոր։
– Մեզ համար իսկապես խնդիր են խորհուրդները։ Հիմա կառավարություն ենք ներկայացնում նոր կարգը։ Այժմ խորհուրդներն իրավասու են ցանկացած լիցենզիա ունեցող մարդու, որը բաց մրցույթով դիմել է, ընտրեն։ Ձեր ասածի պարագայում, եթե քրեական գործ է առկա, մինչեւ որեւէ ձեւ մեղադրանք չի հաստատվում, նա անմեղ է։ Եթե մեղադրանքի արդյունքում կալանքի խնդիր է լինում, արդեն դատախազությունը դիմում է նախարարությանը, եւ դադարեցվում են նրա լիազորությունները։ Մարդը, եթե անգամ քրեական գործ է հարուցված, բայց չի կալանավորվում, նա մինչեւ դատավճռի կայացումն անմեղ է։
– Որքանո՞վ են դպրոցների այդ |սորհուրդներն ազատ գործում։ Ովքե՞ր են ընդգրկված դրանց կազմում։
– Իմ անձնական տպավորությամբ դպրոցական խորհուրդները, որոնք հիմա ձեւավորված են, կարիք ունեն արմատական բարեփոխման։ Դպրոցի տնօրենը պետք է ունենա ավելի մեծ պատասխանատվություն, եւ ընտրվելու ձեւաչափն այս խորհուրդների միջոցով պետք է փոփոխել։ Սա իմ մոտեցումն է, եւ մենք բարեփոխումներն իրականացնում ենք։ Այսօրվա խորհուրդներն այնքան թույլ են, որ հաճախ կարող է ընկնեն համայնքի ղեկավարի, դպրոցի տնօրենի, ԲՈՒՀ-ի ազդեցության տակ, եւ, ասենք, մեկ կամ երկու հոգին, որ նախարարությունը կամ մարզպետարանն ունենում է, անգամ չեն կարողանում խնդիրը լուծել։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում