Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի ներդրած գումարները որեւէ ազդեցություն չեն ունենալու սակագնային մարժայի վրա

Նոյեմբեր 23,2017 11:30

«Երկու տարի առաջ ռուսաստանյան Интер РАО-ից գնելով ՀԷՑ-ը՝ ցանցում կորուստները 13.3 տոկոս էին: Երեք ամսվա արդյունքներում 2015 թվականին ունեցել ենք 11.3 տոկոս, 2016 թվականը փակել ենք 9.9 տոկոս կորուստներով եւ 2017 թվականին ունենք արդեն 8.7 տոկոս կորուստ»,- երեկ Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերության երկու տարիների կատարած աշխատանքի արդյունքները ներկայացնելու եւ նաեւ այս տարվա 9 ամիսներն ամփոփելու նպատակով հրավիրած ասուլիսում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը: Ըստ նրա՝ կորուստների յուրաքանչյուր տոկոսային կետի նվազումը ընկերության համար խնայում է մոտ 4-5 միլիոն դոլար: ՀԷՑ-ի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջեւ հաստատված մեթոդիկայի համաձայն՝ 2028 թվականին կորուստների մակարդակը հասնելու է 6,4 տոկոսի: Սակայն մինչ այդ ընկերությունը ծրագրել է 2021-ին ունենալ 8% կորուստ, 2025-ին՝ 7%: Համեմատության համար պարոն Դարբինյանը նշեց, որ Մեծ Բրիտանիայում էլեկտրական ցանցերի կորուստները կազմում են 6.8 տոկոս, Ֆրանսիայում՝ 7.1 տոկոս:

«Տաշիր»-ի փոխնախագահը ներկայացրեց հանձնաժողովի հետ քննարկման արդյունքում հաստատված ընկերության 872 միլիոն դոլարի 10-ամյա ներդրումային ծրագիրը:
Հանրության մտահոգությունները փարատելու համար պարոն Դարբինյանն ասաց, որ ՀԷՑ-ի ներդրած գումարները որեւէ ազդեցություն չեն ունենալու սակագնային մարժայի վրա. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ մշակել ենք մեթոդիկա, որը մեզ թույլ է տալիս ներդրումներ կատարել, եւ դա մարժայի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա: Խոսքը սակագնի մասին չէ, խոսքը ՀԷՑ-ին տրամադրված մարժայի մասին է, ՀԷՑ-ը չի կարող սակագնի համար որեւէ պատասխանատվություն կրել»,- պարզաբանեց Կարեն Դարբինյանը` ընդգծելով, որ ներդրվող 872 միլիոն դոլարից 50 տոկոսը լինելու են միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ներգրավված գումարներ, մյուս 50 տոկոսը` «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցների հաշվին:
Պարոն Դարբինյանի ներկայացմամբ՝ ներդրումային ծրագիրը ներառում է 6 բաժին. բացի Երեւան քաղաքի մալուխագծերից, որի փոխարինումը, ըստ նրա, զուտ քաղաքաշինության տեսակետից շատ բարդ խնդիրներ է առաջացնում ողջ Հայաստանով, բոլոր մալուխագծերը, ենթակայանների սարքավորումները, օդային գծերն ամբողջովին փոխվելու են հաշվարկային սարքերով. «6-10-04 կիլովատտ լարման ցանցերում 267 միլիոն դոլարի սարքավորումների արդիականացում է լինելու, 35-04 լարման ցանցերում` 238 միլիոն դոլարի էլեկտրահաղորդման գծերի արդիականացում, ցանցի ընդլայնում` 115 միլիոն դոլարի, վթարավերականգնողական եւ վերակառուցման աշխատանքներ՝ 13 միլիոն դոլարի, էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգի ներդրում՝ 201 միլիոն դոլարի, ISO միջազգային ստանդարտների ներդրում՝ 37 միլիոն դոլարի»: Կարեն Դարբինյանի խոսքով՝ ներդրումային ծրագիրը երեք փուլից է բաղկացած`մինչեւ 2021 թվականը, 2021-ից 2025 թվականը եւ 2025-ից 2028 թվականը:

«Տաշիր» ընկերությունների խումբը մտադիր է խոշորածավալ ներդրումներ կատարել նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում: «Շնող» ՀԷԿ-ից բացի, ըստ ընկերության պատասխանատուների, քննարկվում է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հնարավորությունը:

«Բայց դա զուտ քննարկման փուլում է: Շատ հնարավոր է, որ հետագայում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում «Տաշիր» ընկերությունը եւս ներդրումներ կատարի»,- ասաց Կարեն Դարբինյանը:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիա արտահանելուն, ապա ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահն ասաց, որ նման մտադրություն ունեն, բայց դեռեւս կոնկրետ ուրվագծված ռազմավարություն չկա. «Բայց, իհարկե, մենք զբաղվելու ենք եւ արտահանումով: Ես ձեզ ասեմ, որ էլեկտրաէներգիայի արտահանումը էներգետիկ անվտանգության առումով Հայաստանի համար շատ կարեւոր գործոն է»:

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչ փուլում են էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգի ներդրման աշխատանքները, արդեն որքա՞ն բաժանորդ է միացել «խելացի» հաշվիչներին, ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն ասաց. «Արդեն նշեցինք, որ ընդհանուր առմամբ մեր ներդրումները կազմում են 872 միլիոն դոլարին համարժեք դրամ, որի 200 միլիոնը կամ 23 տոկոսը կազմում է էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգը: Մենք ունենք շուրջ 88 հազար հաշվիչներ, որոնք արդեն տեղադրված են, եւ վերջնական կարգաբերման աշխատանքներից հետո 88 հազար բաժանորդի հետ կապը կլինի էլեկտրոնային: Յուրաքանչյուր բաժանորդ կարող է տեսնել իր տվյալներն իր էլեկտրոնային կրիչով` լինի սմարթֆոն կամ հեռուստացույց»:

Ըստ պարոն Հարությունյանի՝ բացի այդ, բաժանորդները հնարավորություն կունենան ոչ միայն տեսնել, այլեւ վերլուծական տեղեկատվություն ստանալ եւ այն համեմատել նախորդ տարվա տվյալների հետ: Կարեն Հարությունյանը նշեց, որ դրա ներդրմամբ մարդկային գործոնը վերանալու է, եւ հոսանքազրկում, հոսանքի վերականգնում տեղի է ունենալու էլեկտրոնային եղանակով, ինչպես, օրինակ, հեռախոսի պարագայում է. «Մյուս կարեւոր ուղղությունն այն է, որ երբ ընդհանուր առմամբ ներդրված լինի այս համակարգը, հնարավոր կլինի ոչ թե հոսանքազրկել ամբողջությամբ, այլ, որպես նախնական քայլ, կասեցնել, սահմանափակել: Այդ բոլորը փոխադարձ վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումներ են»:

ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի խոսքով՝ ներկայում մոտ 7 հազար 300 աշխատակից ունեցող ցանցի արդիականացման արդյունքում աշխատանքից կազատվեն մոտ հազար աշխատակից: Նախորդ երկու տարվա ընթացքում ՀԷՑ-ից արդեն իսկ ազատվել է 900-ը, սակայն մեկ տարվա ընթացքում վճարվել է նրանց աշխատավարձերի 100 տոկոսը, եւս մեկ տարի՝ 50 տոկոսը: Ըստ նրա՝ ՀԷՑ-ի նախկին աշխատակիցները կներգրավվեն «Տաշիր» ընկերությունների խմբի մյուս ուղղություններում` արտադրություններում եւ այլ ոլորտներում, որպեսզի առավելագույնս լուծվեն նրանց սոցիալական խնդիրները:

«Առավոտի» այն հարցին, թե «Տաշիր» ընկերությունների խմբում ՀԷՑ-ն ընդգրկվելուց հետո որո՞նք են եղել ընկերության ամենամեծ ձեռքբերումները, Կարեն Դարբինյանն ասաց` պարզ, մաքուր, թափանցիկ աշխատանքը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

23.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել