Չնայած Ռուսաստանի այն հայտարարությանը, որ Սիրիայում ռազմական գործողություններն ավարտել է, փորձագետները համոզված են, որ Մոսկվան շարունակում է դատավոր լինել այդ երկրին վերաբերող որոշ հարցերում: BBC-ն փորձել է պարզել՝ ինչ հեռանկարներ են սպասվում Սիրիայում «Իսլամական պետության» հեռանալուց հետո:
Ի՞նչ է արել Ռուսաստանը Սիրիայում 2015թ-ից
Սոչիում նոյեմբերի 20-ին Վլադիմիր Պուտինի անսպասելի հանդիպումը Բաշար Ասադի հետ հայելային ճշգրտությամբ կրկնում է 2015թ. հանդիպումը, որն անցկացվեց անմիջապես այն բանից հետո, երբ Ռուսաստանը միջամտեց Սիրիայի ռազմական հակամարտությանը:
Այդ ժամանակ հակամարտության պատկերը միանգամայն այլ էր: Երկրում շարունակվում էր քաղաքացիական պատերազմը, սիրիական բանակը նահանջում էր «Իսլամական պետության» ճնշման տակ, որի զինյալները գնալով ավելի ընդարձակ տարածքներ էին գրավում:
Տարբեր ապստամբ խմբավորումների կողքին ակնհայտորեն կամ գաղտնի հանդես էին գալիս օտարերկրյա պետություններ՝ Պարսից ծոցի երկրները և ԱՄՆ-ը:
Փորձագետները տարակարծիք են այն հարցում, որ Ռուսաստանի միջամտությունը զգալիորեն փոխել է ուժերի դասավորությունը:
Նրա շնորհիվ կառավարական զորքերին հաջովեց վերադարձնել վերահսկողությունը Հալեպի և իսլամիստների կողմից գրավված այլ կարևոր քաղաքների վրա: Միաժամանակ, Սիրիական ժողովրդավարական ուժերը, որի կազմում մտնում են հիմնականում քրդերը, ԱՄՆ-ի աջակցությամբ ազատագրեցին Ռաքքան և Սիրիայի հյուսիս-արևելքը:
ԻՊ-ի վերահսկողության տակ է մնացել միայն Իդլիբ նահանգը:
Այս ձեռքբերումներն ամրապնդել են Ասադի դիրքերը, որոնք նախկինում բավականին երերուն էին թվում. այդպիսով, Ռուսաստանի ռազմական միջամտությունն ունի նաև քաղաքական հետևանքներ:
Ինչի՞ համար է Ռուսաստանին պետք Սիրիան
BBC-ի արաբական ծառայության վերլուծաբան Էդգար Ջալլադը բացատրում է, որ Ռուսաստանը հակամարտությանը միջամտել է մի քանի պատճառներով: Բայց դրանցից ամենակարևորն է՝ սեփական շահերի պաշտպանությունը տարածաշրջանում:
«Ռուսաստանը փորձում է ընդլայնել իր ազդեցության գոտին: Ընդ որում, Սիրիան Մերձավոր Արևելքում Ռուսաստանի վերջին պատվարն էր: Մյուս երկրները գտնվում էին ԱՄՆ-ի ազդեցության տակ: Ռուսաստանը ներքաշվեց հակամարտության մեջ, և այդ ներդրումն արդարացվեց. նա վերադարձրեց իր ազդեցությունը»,- ասում է Ջալլադը:
Ռուս զինվորականները գնում են, բայց մնում են
«Ահաբեկչության նկատմամբ լիարժեք հաղթանակը, բնականաբար, դեռ հեռու է: Բայց ինչ վերաբերում է Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ պայքարում մեր համատեղ աշխատանքին, այդ ռազմական գործողությունն իսկապես ավարտվում է»,- ասել է Պուտինը Սոչիում Ասադի հետ հանդիպմանը:
Ընդ որում, նրա հայտարարությունից չի հետևում, որ Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցնում է ներկայությունը տարածաշրջանում: Նա թողնում է ռազմաբազաներ, որոնք հնարավորություն են տալիս ռուս զինվորականներին ցանկացած պահի միջամտել հակամարտությանը, եթե Ասադն օգնության կարիք ունենա:
Ջալլադի խոսքով՝ Պուտինն իրեն լիարժեք կերպով իրավիճակի տերն է զգում:
Նրա հայտարարությունն ավելի շուտ ազդանշան է այն մասին, որ այժմ շահագրգիռ կողմերը պետք է անցում կատարեն քաղաքական գործընթացների քննարկմանը, և Ռուսաստանն իրեն այդտեղ տեսնում է որպես ակտիվ մասնակից:
Ե՞րբ և ինչպե՞ս կլուծվի Սիրիայի ճակատագիրը
ԱՄՆ-ը վերջնականապես հեռու է քաշվել Սիրիայի հարցով բոլոր լուծումներից և այդ լիազորությունները հանձնել Ռուսաստանին, ասում է Լոնդոնի համալսարանի՝ Արևելքի և Աֆրիկայի երկրների ուսումնասիրության դպրոցի պրոֆեսոր Ջիլբերտ Աչքարը:
Չորեքշաբթի Սոչիում տեղի ունեցան եռակողմ բանակցություններ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի ու Իրանի նախագահներ Ռեջեբ Թայիփ Էրդողանի և Հասան Ռուհանիի միջև: Հիմնական թեման սիրիական հարցն էր:
Դեկտեմբերի սկզբին դարձյալ Սոչիում տեղի կունենա Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը, որտեղ կքննարկվեն բոլոր շահագրգիռ կողմերի հետագա գործողությունները:
Պրոֆեսոր Աչքարի կանխատեսումներով՝ Սոչիի ֆորումի գլխավոր թեման կդառնա համաձայնագիրն այն մասին, որ 2011թ. հետո Սիրիա եկած բոլոր օտարերկրյա ուժերը պետք է լքեն երկիրը: Այդպիսով, Սիրիայում կմնան միայն ռուսական ռազմաբազաները:
Ի՞նչ է կատարվում երկրի ներքաղաքական կյանքում
Սկզբնապես Սիրիայի ընդդիմությունը ներկայացնում էին առանձին խմբեր, որոնք հաճախ տարաձայնություններ ունեին միմյանց հետ:
Սիրիական ընդդիմության՝ բանակցությունների հարցերով բարձրագույն կոմիտեն, որին աջակցում էր Սաուդյան Արաբիան, կոշտ դիրքորոշում էր զբաղեցնում՝ պնդելով, որ Ասադը պետք է հեռանա պաշտոնից:
Առավել պակաս ծայրահեղական էին այսպես կոչված Մոսկովյան և Եգիպտական խմբերը:
Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Բարձրագույն կոմիտեի միանգամից մի քանի բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում կազմակերպության ղեկավար Ռիյադ Հիջաբը, լքել են իրենց պաշտոնը:
Որոշ ղեկավարների խոսքով՝ նրանց որոշման պատճառ է դարձել միջազգային հանրության կողմից ճնշումը: Ընդդիմությունից ակնկալվում է, որ այն դեմ հանդես չի գա Ասադին և թույլ կտա նրան պահպանել այդ պաշտոնը:
Նոյեմբերի 22-23-ին երեք ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ կհանդիպեն Էռ-Ռիյադում: Այդ բանակցությունների հիմնական խնդիրն է՝ միավորել ընդդիմությունը: Հանդիպմանը ներկա կգտնվեն նաև ռուս դիտորդներ:
Ինչպես ասում է պրոֆեսոր Աչքարը, նոր ուժը պետք է լինի բավականին ճկուն, որպեսզի չդիմակայի Ասադին և նրան թույլ տա պահպանել պաշտոնը առնվազն անցումային շրջանում:
Ինչ վերաբերում է սիրիացիներին, ապա նրանց, Ջալլադի խոսքով, ձեռնտու է ցանկացած լուծում, որը հնարավորություն կտա դադարեցնել արյունահեղությունը և վերականգնել կյանքի նախկին ընթացքը:
«Սիրիացիներն այնքան են հոգնել պատերազմից, որ պարզապես սպասում են ցանկացած լուծման, որը թույլ կտա իրենց վերադառնալ տուն, վերականգնել տնտեսությունն ու ենթակառուցվածքները»,- ասում է նա:
Ի՞նչ են ուզում հիմնական դերակատարները
«Վաշինգտոնը Սիրիան չի դիտում որպես առանձնահատուկ շահերի գոտի: Նա պատրաստ է այն թողնել Ռուսաստանին: Սակայն մեկ պայմանով. Իրանը պետք է դուրս գա Սիրիայից և այնտեղից դուրս բերի իր զորքերը»,- ասում է Աչքարը:
«Դեռ նախքան նախագահ դառնալը Թրամփը հայտարարում էր, որ ինքը չի խոչընդոտի Սիրիայում Ռուսաստանի գործողություններին, և Ասադն իր համար միանգամայն հարմար է որպես նախագահ: Անգամ Օբամայի վարչակարգը կանաչ լույս էր տվել հակամարտությանը ռուսական միջամտությանը»,- շարունակում է նա:
Մյուս դերակատարները, ըստ փորձագետի, կարող են միայն հետևել այդ որոշմանը: Սաուդյան Արաբիան, օրինակ, դեմ չի գնա Վաշինգտոնին, չնայած որ հանդես էր գալիս Ասադին հեռացնելու դիրքերից և դեմ էր Ռուսաստանի միջամտությանը: Թուրքիան և Իրանն իրենց գործողությունները համակարգում են Ռուսաստանի հետ:
Եվս մեկ շահագրգիռ կողմ է Իսրայելը: Նա, ինչպես բացատրում է փորձագետը, փորձում է Ռուսաստանից երաշխիքներ ստանալ առ այն, որ Իրանի ազդեցությունը Սիրիայում կլինի սահմանափակ:
Այն բանից հետո, երբ Սիրիական ժողովրդավարական ուժերն ազատագրեցին Ռաքքան ԻՊ-ից, քրդական ուժերն ԱՄՆ-ի աջակցությամբ վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելքը: Նրանց ձեռքում են գտնվում, այդ թվում, նավթահանքերը, որոնք կարող են լուրջ խաղաքարտ դառնալ բանակցություններում:
Քրդերը դեռ հույս ունեն, որ կարող են ինքնավարություն ստանալ: Սակայն դրան դեմ է հանդես գալիս Թուրքիան, որը փորձում է խոչընդոտել քրդական ուժերի մասնակցությունը Սոչիի բանակցություններում:
«Դերակատարները կարող են Ռուսաստանի հետ համաձայն լինել կամ չլինել, բայց նրանք բոլորն էլ խոստովանում են, որ Ռուսատանը փոխել է իրավիճակը, և նրա հետ չի կարելի հաշվի չնստել»,- եզրափակում է Էդգար Ջալլադը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ