Ես չգիտեմ, թե ինչ պայմանավորվածություն են ձեռք բերելու տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողներն ու պատգամավորները (կառավարությունը)՝ հուսանք, որ կողմերը կհասնեն երկուստեք բավարարող փոխզիջումների: Բայց բանակի բարեփոխումների խնդիրն, անշուշտ, չի սահմանափակվում «սուտի գիտության» միջոցով բանակից ազատվելու սողանցքը փակելով: Ինձ թվում է՝ միաժամանակ պետք է խստագույն վերահսկողության տակ վերցնել առողջական խնդիրներով բանակից ազատելու գործընթացը, ինչպես նաեւ պաշտոնապես հրապարակել բոլոր նախարարների, պատգամավորների եւ նրանց համապատասխան տարիքի որդիների (թոռների) ցուցակները՝ հստակ նշելով, թե ովքեր են ծառայել, ովքեր՝ ոչ, եւ երկրորդ դեպքում նշելով, թե որն էր այդ տղաների չծառայելու պատճառը: Պետք չեն ինչ-որ գնահատականներ եւ, առավել եւս, պատիժներ՝ պարզ տեղեկատվությունը բավարար է:
Բայց դա էլ է քիչ: Նրանք, ովքեր օրինական հիմունքներով ազատվել են զինվորական ծառայությունից, պետք է հստակ իմանան իրենց անելիքը պատերազմի դեպքում: Դա որեւէ կապ չունի միլիտարիզացիայի հետ: Բազմաթիվ միանգամայն «խաղաղ» արեւմտյան երկրներ առաջնակարգ ուշադրություն են դարձնում այդ խնդրին՝ չդիմելով ինչ-որ արտակարգ միջոցառումների: Այդպիսի փորձ ունի, օրինակ, Ֆինլանդիան, որն աշխարհում առաջնակարգ տեղերում է ժողովրդավարության, խոսքի ազատության, կրթության որակի, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ կարեւոր ցուցանիշներով: Մոտ 5,5 մլն բնակչություն ունեցող երկիրն ունի 22 հազարանոց բանակ, բայց նաեւ 250 հազարանոց պահեստազոր՝ մարդիկ, որոնք հաշված ժամերի ընթացքում պատրաստ են անցնել ծառայության: Դա տասնամյակների ընթացքում հղկված համակարգ է, որն այստեղ չեմ նկարագրի՝ ցանկացողները կարող են ուսումնասիրել: (Դրա մասին, ի դեպ, արդեն գրվել է «Առավոտում»): Ապրիլյան պատերազմի ժամանակ հազարավոր հայեր ցանկություն են հայտնել հայրենի հողը պաշտպանելու, բայց նրանց ազնիվ մղումը կազմակերպելու, ուղղորդելու կարիք կա: Դա, ի դեպ, հնարավորություն կտա խուսափելու անիմաստ զոհերից:
Իհարկե, այդ բարեփոխումները հնարավոր չէ իրականացնել առանց հասարակության աջակցության: Ցավոք, հայաստանյան հասարակական կարծիքի վրա (հատկապես համացանցում) զգալի ազդեցություն ունեն մեր այն հայրենակիցները, որոնք այս 25 տարվա ընթացքում տարբեր պատճառներով եւ «հիմնավորումներով» հայտնվել են արտասահմանում ու հիմա ակտիվորեն դրսեւորում են իրենց «աբիժնիկական» հույզերը: Այդ քարոզչությունը Հայաստանում պարարտ հող է գտնում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթէ պաշտօնեայի որդին կամ թոռը ազատուել է բժշկական նկատառումներով, դուք չէք կարող կառավարութեանը «ստիպել» յայտնել պատճառը: Պէտք է պահել բժշկական գաղտնիութիւնը:
***
«Ռեզերվ» բառն անտեղի է՝ թէկուզ չակերտների մէջ: Գեղեցիկ բառ ունենք՝ ՊԱՀԵՍՏԱԶՕՐ:
***
Էմոցիան, ըստ իս՝ ՅՈՅԶՆ Է (ՀՈՒՅԶ) (էմոցիանալ=յուզական): Բայց դէ դուք, ինչպէս միշտ, կ’ասէք «ոչ, համամիտ չեմ, այստեղ տեքստային նրբութիւն կայ: Յոյզ բառը լիովին չի արտայայտում իմ գրածի իմաստը» 🙂
Իհարկե, հիվանդությունը չպիտի նշվի: Մնացած երկու դիտողությունները ճիշտ են, հիմա կուղղեմ:
Պատերազմի աշխուժացման հեռանկարով Հայաստանի պահեստազօրում պէտք է նկատի առնել նաեւ Սփիւռքի կամաւորները (Արտասահմանի բնիկ հայերի մասին է խօսքը, անոնք որ այդտեղ են մի քանի սերունդներէ ի վեր, եւ ոչ թէ այն դասալիքներուն մասին որոնք իրենց երկիրը լքած ու փախած են ամէն բանից) :
Այո, համաձայն, վիճելի շատ բաներ կան այդ ուղղութեամբ, եւ ամէն դէպքում՝ անցեալի մարտական կարողականութիւնը չունի այսօր նշեալ Սփիւռքը, սակայն ամբողջովին ալ աննշան, անտեսելիք բաղադրիչ մը չէ ան, նաեւ այս նիւթի մէջ: Եթէ ոչ առաջին գիծի վրայ, գոնէ որպէս երկրորդ- երրորդ գիծի յենարան, օժանդակ ուժ: