Որպես կանոն, մայրաքաղաքում աղբավայրի են վերածվում սեփականատեր ունեցող, բայց տարիներով անտերության մատնված անավարտ շինարարությամբ հողամասերը: Այդպիսի հատվածներում աղբահանություն գրեթե չի լինում, եւ միայն այն ժամանակ է աղբը հեռացվում, երբ այն անկառավարելի չափերի է հասնում: Այդպիսի մի մասնավոր տարածք ուղիղ մայրաքաղաքի կենտրոնում է` Հանրապետության փողոցում: Այստեղ արդեն տասնյակ տարիներ է՝ ո՛չ կիսավեր շինությունն է ապամոնտաժվում, տարածքը բարեկարգվում, ոչ էլ այն ընդհանուր փողոցից պատնեշով է առանձնացվում, որպեսզի աղբանոց չդառնա: Այս փողոցն ամենաբանուկ հատվածներից է, այստեղ մի քանի հյուրանոցներ ու հյուրատներ կան, որոնց ծառայություններից օգտվող զբոսաշրջիկներն իրենց առաջին տպավորությունը Երեւանից հենց այս փողոցից են ստանում:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Երեւանի քաղաքապետին հանձնարարեց գույքագրել այդպիսի տարածքները, որպեսզի որոշեն դրանց հետագա ճակատագիրը:
«Մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ շինություններ կան, տարիներ շարունակ շինարարություն չսկսած հողամասեր, որոնք աղավաղում են բնակավայրերի տեսքը»,- ասել էր վարչապետը:
Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
22.11.2017