ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը չի բացառում, որ այսուհետ Թուրքիան կփորձի առավել ակտիվորեն բարձրացնել Ջավախքում թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման հարցը եւ ճնշումներ բանեցնի Վրաստանի իշխանությունների վրա:
– Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահն ասել էր, որ քննարկելու է նրա հետ Արցախյան խնդիրը. «Ես այդ մասին կխոսեմ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, երբ մենք հանդիպենք։ Նրա վերաբերմունքը Ղարաբաղյան խնդրին շատ կարեւոր է։ Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա այդ հարցի վրա, այն հնարավոր կլինի հեշտությամբ լուծել»: Կարծում եք, որպես օրակարգային լուրջ հարց՝ ՌԴ ղեկավարն ընդհանրապես Էրդողանի հետ քննարկո՞ւմ է Արցախյան խնդիրը:
– Ընդգծեմ, որ Սոչի մեկնելուց առաջ Էրդողանը վերահաստատել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել նաեւ Արցախյան հակամարտության կարգավորման հարցը։ Թեեւ ես մամուլում չգտա այդպիսի տեղեկատվություն, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են Արցախյան հիմնախնդիրը, սակայն Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկու երկրների առաջնորդների միջեւ անցկացվել են բավական բարդ բանակցություններ, որոնց մանրամասները ենթակա չեն հրապարակման։ Ըստ ամենայնի՝ Էրդողանին այս հարցում որոշակիորեն ոգեւորել են Սիրիայի հարցում ՌԴ-ի ու Իրանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունները։ Արդեն նշեցի, որ տարածաշրջանային երեք երկրները Սիրիայի օրինակով փորձում են աշխարհին ցույց տալ, որ ունակ են իրենց ուժերով լուծել (կամ էական հաջողություններ գրանցել) տարածաշրջանի կնճռոտ հարցերը, եւ որ արտատարածաշրջանային ուժերը (ԱՄՆ) անելիք չունեն դրանցում։
Այժմ Էրդողանը թերեւս փորձում է նույնն անել նաեւ Հարավային Կովկասում՝ օգտագործելով «ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան» ու «ՌԴ-Իրան-Թուրքիա» եռակողմ ձեւաչափերը։
Այն, որ Էրդողանը հնարավոր է համարում Արցախյան հիմնախնդրի հեշտ լուծումը Պուտինի կենտրոնանալու դեպքում, նշանակում է, որ Էրդողանը փորձում է անտեսել առաջին հերթին ԱՄՆ-ին, ով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Այլ կերպ ասած՝ Էրդողանը Պուտինին ասում է՝ «ե՛կ միասին (երկուսով) լուծենք այս (Արցախյան) խնդիրը»։ Սիրիական հակամարտության պարագայում ՌԴ-ն մեծ ազդեցություն ուներ սիրիական իշխանության, իսկ Թուրքիան՝ սիրիական ընդդիմության վրա, ինչն էլ որոշ առումով հեշտացրեց նրանց պայմանավորվածություններն ու նրանց պլանների իրագործումն այդ երկրում։ Այժմ կողմերը կարող են իրենց այդ փորձը կրկնել նաեւ Արցախյան հակամարտության պարագայում՝ հաշվի առնելով, որ այս դեպքում էլ ՌԴ-ն ու Թուրքիան մեծ ազդեցություն ունեն հակամարտող կողմերի վրա։ Թուրքիան վերջին շրջանում շարունակ դժգոհում է, որ թեեւ ԵԱՀԿ ՄԽ անդամ է, սակայն չի մասնակցում բանակցային գործընթացին եւ ձգտում է ակտիվ մասնակցություն ունենալ դրան։
Թուրքիան փորձում է հասնել նրան, որ ԵԱՀԿ ՄԽ-ում կա՛մ վերացվի համանախագահությունը, եւ խմբի անդամ բոլոր երկրները ձեռք բերեն հավասար լիազորություններ, կա՛մ էլ փորձում է դառնալ ԵԱՀԿ ՄԽ անդամ (Էրդողանը կարող է հայտարարել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներում չկա մուսուլմանական երկիր, ինչն «արդար չէ»)։ Սակայն Թուրքիան ըստ ամենայնի լավ է հասկանում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ դառնալու իր փորձերը դատապարտված են ձախողման (հակամարտող կողմերից մեկին միանշանակ աջակցելու պատճառով Թուրքիան չի կարող լինել միջնորդ), եւ առավել հավանական ենք համարում, որ Թուրքիան կփորձի զարգացնել «ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան» (նաեւ՝ «ՌԴ-Իրան-Թուրքիա») ձեւաչափը։
Վերջին շրջանում ՌԴ-ն (արտգործնախարար Սերգեյ Լավրով) հայտարարում է, որ Թուրքիան «կարող է դրական դեր խաղալ» Արցախյան հակամարտության կարգավորման մեջ, որում զգալի առաջընթացի գրանցումն առանցքային կլինի Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար։ Փաստորեն, ՌԴ-ն երկու հարցում էլ կրկնում է Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումը։ Մինչդեռ ամիսներ առաջ ՌԴ-ն Թուրքիային մեղադրում էր Արցախյան հակամարտության մասին պատերազմի կոչեր հնչեցնելու եւ միակողմանի դիրքորոշում ունենալու համար։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեկնարկից հետո ՌԴ-ն փոխել է իր դիրքորոշումը։
Տարածաշրջանային երկրները կարող են նոր ձեւաչափի միջոցով փորձել հասնելու Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում զգալի առաջընթաց գրանցելուն, սակայն առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Թուրքիայի ու ՌԴ-ի այդ փորձերը եթե ոչ ներկա փուլում, ապա հետագայում պետք է որ մտահոգեն ԱՄՆ-ին, քանի որ տարածաշրջանային երկրների կողմից նորաստեղծ (եռյակ) ձեւաչափով հնարավոր բանակցությունների մեկնարկը կհիշեցնի Աստանայի ձեւաչափը, որը կփորձեն ծառայեցնել ԵԱՀԿ ՄԽ-ին այլընտրանք։ Ըստ իս՝ մեզ համար առաջին հերթին անհրաժեշտ է հասնել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը եւ ապա նոր փորձել առաջընթաց գրանցել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում եւ ոչ թե ընդհակառակը։ Հաջողության դեպքում դա կնպաստի ոչ միայն Հայաստան-Թուրքիա (ՆԱՏՕ) սահմանի բացմանը, Հայաստանի շրջափակման ճեղքմանը, ՌԴ-ից Հայաստանի բավական մեծ կախվածության նվազմանը, այլեւ Արցախյան բանակցային գործընթացում կուժեղացնի հայկական կողմի եւ կթուլացնի Ադրբեջանի դիրքերը, խնդիրներ կստեղծի թուրք-ադրբեջանական հարաբերություններում։ Այդ դեպքում կվերացվի այն տարբերակը, որ եթե հայկական կողմն Արցախյան բանակցային գործընթացի շրջանակներում տարածքային որոշ զիջումներ անի Ադրբեջանին, ապա վերջինս կհամաձայնի անդամակցել ԵԱՏՄ-ին, իսկ հայկական կողմը որպես «փոխհատուցում», բացի Արցախի միջանկյալ (անորոշ) կարգավիճակից, կստանա Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի (վերա)բացում։
– ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջնաժամկետ ներկայացրեց պաշտոնական Անկարային` 2009թ. կնքված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չվավերացնելու համար: «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով»,- ասել էր Սերժ Սարգսյանը` հավելելով, որ պատրաստ է առ ոչինչ համարել այդ փաստաթղթերը մինչեւ հաջորդ գարուն, երբ, ըստ էության, կլրանա իր պաշտոնավարման ժամկետը. «Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018թ. գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»: Պարոն Գաբրիելյան, պաշտոնական Անկարայի լռությունն այս առնչությամբ ի՞նչ է նշանակում, հնարավո՞ր եք համարում մինչեւ ապրիլի 24-ը որոշակի արձագանք պաշտոնական Անկարայի կողմից կամ դիվանագիտական խողովակներով ինչ-որ մեսիջների փոխանակում:
– Չեմ բացառում, որ 2018թ. ապրիլի 24-ի շեմին Էրդողանը հերթական հայտարարությունն անի Հայոց ցեղասպանության մասին, ինչը ոչինչ չի տա կողմերին։ Քանի որ չեմ ակնկալում մինչ այդ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում որեւէ շոշափելի առաջընթաց, ուստի եւ հավանական չեմ համարում, որ Թուրքիան կարձագանքի Սերժ Սարգսյանի կոչին։ Թուրքիայի համար Ադրբեջանի պահանջարկի շարունակական մեծացումը նույնպես բարդացնում է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելը (Ադրբեջանը շուտով կդառնա Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարար երկիրը՝ գերազանցելով Իրանը)։ Բացի այդ, Թուրքիայում արդեն բոլորը պատրաստվում են 2019թ. կայանալիք ՏԻՄ, խորհրդարանական ու նախագահական ընտրություններին, որոնք շատ կարեւոր են նաեւ անձամբ Էրդողանի համար։
Այդ ընտրություններից հետո Թուրքիան պետք է դառնա կառավարման նախագահական համակարգով երկիր. երկրի նախագահը կստանա աննախադեպ լայն լիազորություններ։ Դրա համար էլ այդ ընտրությունները կենաց ու մահու պայքար են լինելու Էրդողանի համար, ով ցանկանում է 2023թ. դիմավորել Թուրքիայի՝ թե՛ դե-ֆակտո, թե՛ դե-յուրե առաջնորդի կարգավիճակով։ Այդ համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը գնալն Էրդողանի համար կլինի քաղաքական ինքնասպանություն։ Կարծում եմ, որ Էրդողանն անելու է ընդհակառակը՝ բորբոքելու է ազգայնամոլական տրամադրությունները (հնարավոր է՝ նաեւ հակահայկական քայլերով), որպեսզի իր կողմը գրավի ազգայնամոլների լայն ընտրազանգվածը։ Ընդ որում՝ այդ հարցում նրա մրցակիցը կարող է դառնալ Թուրքիայի նախագահի մեկ այլ հավանական թեկնածու՝ հայտնի հայատյաց Մերալ Աքշեները, ով, ըստ ամենայնի, նույնպես շեշտը դնելու է ազգայնամոլական տրամադրություններ բորբոքելու վրա։ Չեմ բացառում, որ Էրդողանն ու Աքշեները նախընտրական շրջանում միմյանց հետ կմրցակցեն ազգայնամոլական տրամադրություններ բորբոքելով՝ ձգտելով իր ավելի կոշտ դիրքորոշմամբ անցնել մեկը մյուսից։
– Բաքվում հոկտեմբերի 30-ին կայացավ Հայաստանը շրջանցող խոշոր ենթակառուցվածքային ծրագրի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հանդիսավոր արարողությունը: 10 տարի տեւողությամբ շինարարությամբ հավակնոտ ծրագիրն արդեն իրականություն է, այժմ մեզանում քննարկվում է հարցը, թե հայերի համար արդյոք կստեղծվե՞ն տեխնիկական խնդիրներ, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ հայաբնակ Ջավախքի համար: Հնարավո՞ր եք համարում նման սահմանափակումների կիրառումը:
– Նախ նշեմ, որ ԲԹԿ-ի իրագործումը տեւեց 10 տարի որոշ առումով նաեւ նրա համար, որ Թուրքիան, ըստ իս, միտումնավոր ձգձգել է երկաթգծի իր հատվածի կառուցումը, քանի որ Ադրբեջանը չէր ցանկանում ազատ կամ արտոնյալ առեւտրի պայմանագիր ստորագրել Թուրքիայի հետ, չէր համաձայնում, որ Թուրքիան ազատ առեւտրի գոտի հիմնի Նախիջեւանի հետ եւ չէր համաձայնում Թուրքիայի քաղաքացիների համար վերացնել վիզային ռեժիմը (երկու խնդիրներն էլ կապ ունեն ԲԹԿ-ի հետ, որը սկզբնական շրջանում պետք է փոխադրի տարեկան 1 մլն ուղեւոր եւ 6.5 մլն տոննա բեռ)։ 2017թ. ԲԹԿ-ի բացումը, ըստ իս, հնարավոր դարձավ նրա շնորհիվ, որ Ադրբեջանն այս տարի լուրջ զիջումների է գնացել Թուրքիայի վերոնշյալ առաջին պահանջի հարցում։
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ջավախքի համար երկաթգծից բխող հնարավոր խնդիրներին՝ ես ակնկալում եմ, որ հետագայում կարող է մեծանալ թյուրքական տարրի ներկայությունը Ջավախքում՝ երկաթգծի երկայնքով ու հարակից շրջաններում։ Ախալքալաքի երկաթուղային կայարանում արդեն իսկ ծածանվում են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, ինչը իր հոգեբանական ազդեցությունն է ունենում ջավախահայերի վրա։ Չեմ բացառում, որ այսուհետ Թուրքիան կփորձի առավել ակտիվորեն բարձրացնել Ջավախքում թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման հարցը եւ այդ հարցում ճնշումներ բանեցնել Վրաստանի իշխանությունների վրա։
2017թ. նոյեմբերի 14-ին Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն տարածեց թուրք-մեսխեթցիների բռնագաղթեցման 73-ամյակի կապակցությամբ, որում նշեց, որ շարունակելու է աջակցել նրանց, եւ հույս հայտնեց, որ «թուրք-մեսխեթցիները հաջողությամբ կվերադառնան պատմական հայրենիք»։ Թուրքիան կփորձի Ջավախքում թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման ու Քվեմո Քարթլիում բնակվող ադրբեջանցիների միջոցով Վրաստանի հարավում «թյուրքական միջանցք (պատնեշ)» բացել դեպի Ադրբեջան՝ այդպիսով հյուսիսից օղակելով Հայաստանը։ Բացի այդ, Թուրքիան այժմ կարող է կառուցել «Կարս-Իգդիր-Նախիջեւան» (ԿԻՆ) երկաթգիծը (ի սկզբանե հայտարարվել էր, որ այն կառուցվելու է ԲԹԿ-ի նախագծի իրագործումից հետո), որն ադրբեջանական կողմի մտահղացմամբ՝ պետք է Նախիջեւանը դուրս բերի երկաթուղային շրջափակումից։ Դրա համար էլ չեմ բացառում, որ Թուրքիան կարող է վիզային ռեժիմի վերացման հարցը որպես նախապայման ներկայացնել Ադրբեջանին՝ ԿԻՆ երկաթգծի նախագիծը կյանքի կոչելու համար։ Ի դեպ, Թուրքիան կարող է Կարսից դեպի արեւմուտք (Անկարա ու Ստամբուլ) ձգվող երկաթգծի մի ճյուղը հասցնել Սեւ ծով (վերջին շրջանում շատ է խոսվում «Էրզինջան-Տրապիզոն» երկաթգծի կառուցման անհրաժեշտության մասին)։ Դա նշանակում է, որ «Էրզինջան-Տրապիզոն» եւ ԿԻՆ երկաթգծերի նախագծերի իրագործմամբ Թուրքիան կկարողանա հավակնել նաեւ Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքին մասնակցելուն։ Ի դեպ, ԲԹԿ-ով անցած առաջին գնացքը (բեռնված 600 տոննա ղազախական ցորենով) Բաքվից մեկնեց ոչ թե դեպի Թուրքիայի եվրոպական հատված ու ԵՄ, այլ դեպի միջերկրածովյան Մերսին նավահանգիստ։ Դա տեղավորվում է Ադրբեջանի ու Վրաստանի հետ համատեղ Թուրքիայի՝ «երեք ծովերի» (Կասպից, Սեւ եւ Միջերկրական) ռազմավարության համատեքստում, որի համաձայն՝ երեք երկրների միջեւ պետք է ստեղծվի միացյալ առեւտրային տիրույթ, եւ երեք երկրները պետք է միմյանց կապեն երեք ծովերը։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ ՄԱՀՀԻ ֆեյսբուքյան պաշտոնական էջի:
«Առավոտ»
22.11.2017