Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ասում են՝ դու չես խմում, որ մեզ «ծախես»

Նոյեմբեր 23,2017 15:30

Արտակարգ իրավիճակների նախարարության մի երիտասարդ աշխատակցի` Կամո Մկրտչյանի նկատմամբ այս օրերին ծառայողական քննություն է ընթանում: Կամո Մկրտչյանի հայրը` Ռոբերտ Մկրտչյանը, կանխատեսում է` տղային անպայման ազատելու են աշխատանքից. լսել է, որ որդուն քննելու համար Երեւանից Վեդի եկած քննիչներին վերադասները տարել «պատիվ են տվել»:

«Հա, հա կտեսնեք, որ կազատեն, նրանք վաղուց հարցերը լուծել են»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Ռոբերտ Մկրտչյանը:

Ինչպես հայրն է պատմում, ծառայողական քննություն սկսելու պատճառը առանց վերադասին տեղյակ պահելու Արցախ մեկնելու` Կամո Մկրտչյանի նախաձեռնությունն է: Սակայն ԱԻՆ երիտասարդ աշխատակիցը սա միայն առիթ է համարում: Նրա խոսքով՝ իր վերադասը` պետի տեղակալ Գագիկ Ղազարյանը, արդեն որքան ժամանակ է՝ իր դեմ դավեր է նյութում ու ամեն կերպ փորձում իրենից ազատվել:

Կամո Մկրտչյանի հայրը պատմում է, որ որդին 2013 թվականից աշխատում է արտակարգ իրավիճակների համակարգում, եւ այս չորս տարիների ընթացքում նրա աշխատանքից որեւէ դժգոհություն չի եղել, որդին որեւէ նկատողություն չի ստացել: Եվ երբ հոր խնդրանքով նախարարությունը Կամո Մկրտչյանին Մասիսի հրշեջ բաժանմունքից տեղափոխել է Վեդու հրշեջ ջոկատ, որդու նկատմամբ հետապնդումները սկսվել են, իսկ նախկին աշխատավայրում, ինչպես Կամո Մկրտչյանն է նշում, մի ընտանիքի պես են եղել, եւ որեւէ մեկը որեւէ մեկին չի փորձել վատություն անել: Ռոբերտ Մկրտչյանի խոսքով՝ իրենք բնակվում են Արարատի մարզի Սուրենավան գյուղում, եւ ամեն օր աշխատանքի գնալ-գալը որդու համար դժվարություններ է առաջացրել, հատկապես, որ Կամո Մկրտչյանը նոր է ընտանիք կազմել, երկու փոքրիկ երեխաներ ունի: Ուստի նախարարությունից ԱԻՆ աշխատակցի հոր, որը նաեւ Արցախյան պատերազմի ազատամարտիկ է ու մի որդուն էլ հենց այդ տարիներին կորցրել է, ընդառաջել են ու Կամո Մկրտչյանին տեղափոխել բնակավայրին ավելի մոտ: Սակայն տեղափոխվելուց հետո տղայի խնդիրները սկսվել են:

Ռոբերտ Մկրտչյանը պատմում է, որ որդու նկատմամբ հետապնդումները սկսվել են այն բանից հետո, երբ մի առիթով Լուսաշող գյուղ մեկնած հրշեջ ջոկատն աշխատանքը կատարելուց հետո գյուղապետի հյուրասիրությանն է մասնակցել:

«Երբ սեղան են նստել, պետի տեղակալը ինքը խմել է եւ ստիպել է, որ որդիս էլ խմի, Կամոն հրաժարվել է՝ ասելով, որ ինքը վարորդն է եւ չի կարող խմել, քանի որ անձնակազմ է տեղափոխում: Ասել է` դու չես խմում, որ մեզ ծախես: Մի քանի օր անց էլ կրկին մարտական հերթապահության ժամանակ պետի տեղակալ Գագիկ Ղազարյանը որդուս ուղարկել է պարտքով կոնյակ բերելու, իրենք խմել են, կրկին ստիպել են, որ Կամոն խմի, այդ ժամանակ նույնիսկ վիճաբանություն է եղել, սակայն այդ հարցն էլ են փակել: Մի խոսքով՝ աշխատանքի ժամանակ պարբերաբար խմիչք են օգտագործում: Եվ երբ իրենց համախոհներ չեն լինում, փորձում են ազատվել նրանցից»:

Կամո Մկրտչյանի խոսքով՝ ինքն այլեւս չի ցանկանում աշխատել այդ համակարգում, քանի որ դեմ է, որպեսզի աշխատանքի ժամանակ պարբերաբար ալկոհոլ օգտագործեն. «Հենց դրա համար էլ ընկել են իմ հետեւից, ուզում են հանեն, ես այլեւս ցանկություն էլ չունեմ այդտեղ աշխատելու»:

Ինչ վերաբերում է առանց վերադասի թույլտվության Արցախ մեկնելուն, ապա Կամո Մկրտչյանն ասում է, որ պետի տեղակալն իրեն թույլ է տվել, սակայն մոռացել է, քանի որ «խմած» է եղել, սակայն, ինչպես Կամո Մկրտչյանն է ասում, երբ «օյաղացել» է, հիշել է ու զանգել` հետ է կանչել, սակայն ինքն արդեն Արցախ հասնելիս է եղել եւ հետ չի դարձել: Նրա խոսքով՝ ինքը չի իմացել, որ Արցախը կարող են համարել այլ հանրապետության տարածք, եւ որ ինքը չի կարող այնտեղ մեկնել:

Ռոբերտ Մկրտչյանն անարդարացի է համարում համակարգում այսպիսի բարքերը` հատկապես, որ որդին բարեխիղճ աշխատող է եւ երիտասարդ կադր, օրուգիշեր անքուն մասնակցել է Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներին, սակայն վերադասի «ամբիցիաների» պատճառով ստիպված է այս իրավիճակում հայտնվել:
«Եթե այսպես շարունակեն աճող ընտանիքների նկատմամբ, լավ բանի չի բերի: Կամոն երկու արու զավակ ունի, որոնք ապագա զինվորներ են, բայց մենք ստիպված ենք մտածել այլ երկրում ապրելու մասին, քանի որ նման գործելաոճը հիասթափեցնում է: Մեծ որդիս Ռուսաստանում ծննդատան վարիչ է, վաստակավոր բժիշկ, միշտ հրավիրում է այնտեղ ապրելու, սակայն ես միշտ դեմ եմ եղել, նրան էլ ստիպում եմ, հայրենասիրական քարոզ եմ կարդում, որ գա Հայաստանում աշխատի, ապրի: Բայց երբ նման իրավիճակների ենք բախվում, ամեն ինչ փոխվում է»:

Ռոբերտ Մկրտչյանը արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին դիմում է գրել, որպեսզի որդուն տեղափոխեն Արարատի հրշեջ ծառայություն: Նրա խոսքով՝ եթե ծառայողական քննությունն արդար ընթանա, եւ նախարարությունն իսկապես ցանկություն ունենա ճշմարտությունն իմանալու, ապա ամեն ինչ կպարզի, ինչպես որ իրականում կա:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

22.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930