Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ձեր քաղաքականությունն այլ բան է ասում՝ կանգնեցնել արտագաղթը, էլ ո՞ւր գանք եւ ինչպե՞ս»

Նոյեմբեր 23,2017 15:00

Հաշմանդամ ազատամարտիկի կինը բաց նամակով
դիմում է նախագահին եւ վարչապետին

25 տարի աշխատել եմ Այգավանի միջնակարգ դպրոցում, որպես ռուսերենի մասնագետ, շատ լավ բնութագրությամբ: Ունեմ 3 տղա, որոնցից 2-ը մանկուց հաշմանդամություն ունեն: Ղարաբաղյան շարժման ժամանակ ամուսինս մասնակցել է Ֆիզուլիի մարտական գործողություններին: Այժմ նա էլ հաշմանդամություն ունի: Տղաս ծառայել է ՀՀ թեժ կետերից մեկում՝ Կոթիում:

Ուզում եմ պատմել Հայաստանում տիրող իրավախախտումների մասին: 2003 թվականից ապրում ենք Ռուսաստանի Դաշնությունում: Պարբերաբար՝ բուժման նպատակով գալիս ենք Հայաստան, որտեղ՝ Արարատի մարզ, գյուղ Արգավան, Գ. Ղուկասյան 5-6 հասցեում ունենք բնակարան: Այն սեփականաշնորհված է: Դեռ 90-ական թվականներից մենք ունեինք կցակառույց, քանի որ բազմանդամ ընտանիք էինք, իսկ հողհատկացում չէր կատարվում:

Հարեւանուհիս՝ Ասյա Նազարյանը, որի հետ զբաղեցնում ենք 1 բնակարան (1 սենյակ ինքը, 3 սենյակ՝ մենք), բարեհաջող վաճառելով որպես ուսուցիչ իրեն հատկացված տնամերձը, շարունակում էր ապրել բնակարանում եւ շանտաժների ենթարկել մեզ՝ թե եթե իր բաժինը իր ուզած գնով չգնենք, չի թույլատրի օրինականացնել մեր կցակառույցը: Եվ չնայած՝ շինությունն անցել էր առաջին պետական գրանցումը, ռեգիստրը եւ ստացել էինք ինքնակամի վկայականը, Ա. Նազարյանը 2011թ. մայիսին ձեռք է բերում դատարանի մի վերացական որոշում, որով մենք պետք է քանդեինք մեր ինքնակամը, որը իր մուտքի առաջ է, ընդհանուր մուտքը միայն իրենը համարելով: Դատարանը հաշվի չէր առել 09.09.2009թ. գյուղապետարանի գրությունն այն մասին, որ շինությունը ոչ ոքի չի խանգարում, սերվիտուտ չի առաջացնում, որոշման մեջ ներկայացրել էր, թե ոչ մի գրություն չեմ ներկայացրել: Մինչդեռ ինքս եմ տվել գրությունը քարտուղարուհուն, որն անմիջապես այն գրանցեց:

Վեդիի դատարանը խախտել է նաեւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5,6,78,118 հոդվածները, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածը, փաստաթղթերի հատուկ առաքման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը:
Դեռեւս 2003թ. Ա.Նազարյանի հայցն անհեթեթ համարելով, դատարանը մերժել էր նրա նույն հայցը: Այս անգամ նա բողոքում էր, թե մեր շինությունն ամրացման կարիք ունի: Մենք ամրացրինք, միեւնույն ժամանակ կատարելով նրա խնդրանքը՝ պատ շարել նրա դռների փոխարեն, որպեսզի ինքը մուտքը փոխի, դուրս գա իր մյուս մուտքով: Սակայն միտքը փոխեց՝ մեզ հասցնելով բավականին նյութական վնաս, կատարեց իրեն պետքական շինարարական աշխատանքները, թողնելով իրեն ընդհանուր մուտքը, խոհանոցի մուտքը եւ մյուս մուտքը:

Դատարանները՝ վերաքննիչ, վճռաբեկ, նույնիսկ բարձրաստիճան իշխանավորները մեր դեմ մի մոնոլիտ պատ էին, միայն պնդում էին, որ մենք կորցրել ենք բողոքարկման ժամկետները, քանի որ ՌԴ-ում ենք եղել: Այսինքն, մենք պատշաճ չենք տեղեկացվել ո՛չ դատի, ո՛չ որոշման մասին, նույնիսկ ներկայացուցիչ-փաստաբան չենք ունեցել:
Զարմանալի է, իսկ 2003 թվականին ՀՀ-ում չէի՞ն գործում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի հիշյալ հոդվածները, որ առանց ինձ դատ անեին: Խնդրեցինք գոնե ԴԱՀԿ-ին դատարանից պարզաբանել, թե որ մասը պետք է քանդվի, ինչն է խանգարում հայցվոր հարեւանուհուն: Չէ՞ որ երկրորդ հարկի մասին խոսք լինել չէր կարող, այն մետաղաբետոնե սյուների վրա էր հենված, ամրացված:

Եվ չնայած ԴԱՀԿ-ի ձեռքերի տակ կար քաղաքաշինության նախարարության պատասխանը, որ առաջին հարկը քանդելուց կվնասվի նաեւ երկրորդ հարկը, 2016թ. սեպտեմբերի 19-ին, երբ մենք հիվանդանոցում բուժվում էինք, ԴԱՀԿ-ն, կրկին առանց մեզ, քանդեց ամբողջ շինությունը եւ ավելին՝ հիմնական տան տանիքը եւ ջրատարը, որոնք կառուցվել էին 1990 թվականին: ԴԱՀԿ-ն արձանագրությունն ինձ ստորագրել տվեց ժ.19: 00-ին, բայց նույնիսկ այնտեղից է երեւում, որ մենք եկել ենք ժամը 14:45-ին, երբ ամեն ինչ ավերել էին: Ես հարցրեցի, թե ինչո՞ւ են ամբողջը քանդել, մեզ տարբերակներ էլ չեն առաջարկել: «Գործում ոչինչ կոնկրետ նշված չէ»,-պատասխանեցին ինձ:

ԴԱՀԿ-ի արարքը համապատասխանում է Քրեական օրենսգրքով սահմանված՝ պատասխանատվության ենթարկելու մասին հանցանքներին: Ես դիմել եմ Հատուկ քննչական ծառայությանը, հայտնելով, որ մեզ պատճառվել է 2 000 000 դրամի վնաս, որ իմ եւ իմ ընտանիքի անդամների (13 անձ, 3 տղաներս ամուսնացած են, ունեմ 5 թոռնիկ) իրավունքները ոտնահարված են ամբողջությամբ: Ես միակ սեփականատերը չեմ՝ ոչ ամուսինս, ոչ էլ տղաներս ոչ մի կերպ չեն ընդգրկվել ոչ դատավարության, ոչ ԴԱՀԿ-ի գործողությունների մեջ:

Մեր դեմ բացված քաղգործը սկզբից մինչեւ վերջ մանիպուլյացիա էր:
Ձեր քաղաքականությունն այլ բան է ասում՝ կանգնեցնել արտագաղթը: Էլ ո՞ւր գանք եւ ինչպե՞ս: Միայն տեսնեիք, թե ԴԱՀԿ-ից ինչ խումբ էր եկել այդ երկու 60-անց մարդկանց «սաստելու» համար:

Ուսուցչական սուղ միջոցներից էինք մեր վիճակը բարելավել, իսկ ՌԴ-ում աշխատած գումարով երեխաներիս ուսման վարձն եմ վճարել ՀՀ-ի բուհերում: ՀՀ-ում ենք անցկացրել մութ ու խավար տարիները, բայց Նազարյանի սադրանքներին չդիմանալով, լքել ենք երկիրը:

ՀՀ-ի դատարանները շարունակ մերժում եւ ձգձգում են իմ օրինական պահանջները՝ բնակարանի ընդհանուր կոմունալից օգտվելու մասին եւ նրա ապօրինի վերափոխումների մասին, նույնիսկ ՊՈԱԿ-ի եզրակացությունը հաշվի չի առնվում:

 

Լ. ԹԱՄԱԶՅԱՆ

«Առավոտ»

22.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930