Արթուր Յայլոյանը դատապարտվել է ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ 2000թ.-ից նա եղել է Արմավիրի մարզի Շահումյան Թ/Ֆ-ի համայնքի ղեկավարը: Արմավիրի մարզի դատարանի դատավճռով ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով։
Դատավճիռն ուժի մեջ մտնելու դեպքում նրա վարքագծի հետագա վերահսկողությունը դրվելու է Պրոբացիայի պետական ծառայության Արմավիրի բաժնի վրա։
Արթուր Յայլոյանից հօգուտ պետական բյուջեի կբռնագանձվի 5 միլիոն 336.630 դրամ` որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում։
Դատավճիռը բողոքարկման փուլում է եւ վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է դեկտեմբերին:
Դատարանը հաստատել էր, որ նա օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008-2016թթ. ընթացքում, ինչպես կնոջը, այնպես էլ սոցիալապես վատ պայմաններում բնակվող համայնքի բնակիչներ Է.Պետրոսյանին, Կ. եւ Կ. Խաչատրյաններին, Ս.Հարությունյանին եւ Ն. Մկրտչյանին հրամանագրել է գոյություն չունեցող աշխատատեղերում՝ գրադարանավարուհու, այգեպանի եւ գործավարի հաստիքների վրա, նրանց անվամբ գյուղապետարանի բյուջեից դուրս է գրել աշխատավարձեր: Ի դեպ, այդ գումարները նշյալ անձինք ստացել եւ տնօրինել են իրենց հայեցողությամբ:
Որպես գրադարանավար, համայնքապետի կինը ստացել է «աշխատավարձ»՝ 5.279.200 ՀՀ դրամի չափով:
Կին «այգեպանները» ստացել են չեղած այգում աշխատանքներ կատարելու համար 330 000 եւ 478 690 դրամ աշխատավարձ, իսկ բազմագործավարները ստացել են աշխատավարձ 506 180 դրամ, 269 760 դրամ եւ 772 800 դրամ:
Համայնքապետն իրենց ավագանու անդամ Հակոբ Դանիելյանի՝ 2015թ. սեպտեմբերից ՀՀ-ից բացակայելու ժամանակահատվածի համար, ավագանու նիստերին ու կայացված որոշումների կատարումն ապահովելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու պայմաններում, նրա փոխարեն ստորագրել է եւ ըստ գործի նյութերի՝ «շրջանառության մեջ է դրել իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր` ավագանու որոշումներ, կատարողական ակտեր»:
Դատախազը բողոք է բերել եւ պահանջում է 1 տարի փորձաշրջանը վերացնել եւ նշանակել համապատասխան պատիժ` ազատազրկման ձեւով:
Ռ. Մ.
«Առավոտ»
22.11.2017