Ասում է հայաստանցի ուսանողներին իր փորձը փոխանցող Universal Studio-ի երկարամյա աշխատակիցը
Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Արվեստի կառավարման ամբիոնի դասախոս, Լրացուցիչ եւ շարունակական կրթության կենտրոնի համակարգող Վարուժան Ավանեսյանը «Առավոտին» տեղեկացրել էր, որ Universal Studio-ում 25 տարի աշխատած Մարո Փարյանը գաղտնիքներ է բացում կինոյի եւ թատրոնի ինստիտուտի սաների համար: Նրա ջանքերով ներդրվել են հագուստի մոդելավորում, գրիմ, ռեկվիզիտների պատրաստում դասընթացները, ստեղծվել է լաբորատորիա, որը վերազինվել է Փարյան ընտանիքի միջոցներով:
«Մեր կենտրոնում միավորվում են ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթությունները: Դասընթացներն ավարտած ուսանողներից ոմանք հետագայում կդասավանդեն, կփոխանցեն այլոց իրենց ստացած հմտությունները: Ձեռնամուխ ենք եղել նաեւ մեր ինստիտուտի դասախոսների կարողություններին ուղղված դասընթացի, որը կտանի իրենց ուսումնական ծրագերի զարգացմանը եւ առաջխաղացմանը: Իսկ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից մագիստրոսներին մեդիակրթություն է դասավանդվում, նաեւ կարիերայի պլանավորման դասընթաց է նախատեսված»,-հայտնեց Վարուժան Ավանեսյանը:
Ինչ վերաբերում է Մարո Փարյանի ջանքերով ներդրված խառը ուսումնառության հիման վրա ձեւավորված՚ հագուստի մոդելավորում, գրիմ, ռեկվիզիտների պատրաստում դասընթացներին, Ավանեսյանի խոսքերով, բացի տեսական նյութերից, տիկին Փարյանը նաեւ գրքեր է տրամադրել, ինտերնետային հղումներ, որոնք լրացրել են դասընթացը: Փարյան ընտանիքը լաբորատորիայի համար 12 կարի մեքենա է բերել:
Մարո Փարյանից հետաքրքրվեցինք, թե որքան են ԱՄՆ-ում վճարում դասընթացի նման կուրս անցնելու համար: «Օրինակ, իմ աղջիկը կուլինարիա է սովորում եւ իր մեկ կիսամյակի վարձը 40 000 դոլար է կազմում` Արթ ինստիտուտում, որը նորաձեւության բաժին էլ ունի: Ընդ որում, նորաձեւության բաժնի սովորողները մի քիչ ավելի են վճարում, քան խոհարարական բաժնում սովորողները: Կան պետական համալսարաններ` նահանգային եւ ֆեդերալ հիմքերի վրա, որոնք համեմատաբար մատչելի են, դիցուք` կիսամյակի համար 20000 դոլար է, եւ իրենց որեւէ նյութ չի տրամադրվում, իրենք նախքան դասերի գրանցվելը պետք է համապատասխան նյութեր եւ գործիքներ ձեռք բերեն»,-ասաց մեր զրուցակիցը:
Մարո Փարյանը` պատասխանելով մեր հարցին, արդյո՞ք ուսանողներն արդարացրել են իր սպասելիքները, ասաց. «Ավելի շատ, քան կարող էի պատկերացնել: Մեր երիտասարդները չափազանց տաղանդավոր են, ուղղակի իրենց պետք է վարպետություն տրվի, մի փոքր ուշադրություն: Ես ուղղակի սիրահարված եմ իրենց»: Նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպես է Վարուժան Ավանեսյանին հաջողվել համոզել իրեն` փորձը փոխանցել Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի սաներին:
«Առաջին իսկ վայրկյանից երկու բառ Վարուժանի հետ փոխանակելուց հետո ես հասկացա, որ ինքն արթուն մտածելակերպ ունի, հեռատես է, պայծառ մտքի տեր, արտասահմանյան աշխատաձեւին քաջ ծանոթ է: Իմ շատ համեստ կարծիքով, ուսուցման մեթոդները, որով շարժվում են արտասահմանում, մի քիչ ավելի արդյունավետ են»,-հայտնեց տիկին Փարյանը:
Քրիստինա Նազարյանը, որ սովորում է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի բեմանկարչության բաժնում, արդեն երկրորդ տարին է մասնակցում դասընթացներին: Նա շատ հագեցած է համարում օրը, այս տարվա թեման էլ «Ալիսան հրաշքների աշխարհում»-ն է: Քրիստինան պատմեց, որ թեմայի շուրջ աշխատում են` ներառելով երեք դասընթացները:
Լուսինե Ստեփանյանը եւս նույն բուհի բեմանկարչության բաժնում է սովորում: Ասում է` քրտնաջան աշխատել են եւ երբեք գլուխ չեն պահել. «Չէինք պատկերացնում, որ երբեւէ կկարողանանք նման բաներ պատրաստել: Օրինակ, իմ մտքով չէր անցնում, որ մի օր լրագրից հագուստ կպատրաստեմ»:
Վարուժան Ավանեսյանի համոզմամբ, ճիշտ կազմակերպված կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներն իրենց արդյունքն անպայման տալիս են: «Մենք շատ դիմորդներ ենք ունեցել, բայց առաջին հերթին մեր ուսանողներին ենք այդ հնարավորությունը տվել: Հետագայում սա կարող է հանդես գալ որպես լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր այն ուսանողների համար, որոնք այլ բուհերում են սովորում, բայց ուզում են նման հմտությունների տիրապետել: Սա այն դեպքն է, որ դասընթացի ուղիղ տերը եւ մասնակիցը ուսանողն է, ուսանողն ուզում է մասնակցել դասընթացին, մասնակցում է»,-ասաց կենտրոնի համակարգողը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
22.11.2017