Երբ որ Տեր Հիսուսը խոսում էր դատաստանի մասին, եթե ուշադիր կարդաք Ավետարանները, կտեսնեք, որ ինքը հրատապության ու անհետաձգելիության զգացումով է խոսում այս մասին: Ասում է, որ Աստուծո դատաստանը մի այնպիսի բան է, որին պետք է շտապողականությամբ ու չափազանց լրջությամբ պատրաստվել: Սա վաղվան թողնելու գործ չի, որովհետեւ վաղը կարող է չլինել: Մեզանից ո՞վ կարող է ասել, թե տարիներ ունի: Աստուծո դատաստանի պատրաստվելու գործը հետաձգել չի կարելի, որովհետեւ հենց այսօր մեզանից ամեն մեկը պիտի բազում որոշումներ կայացնի, օրինակ, թե ինչ անել, ինչ ուտել, ինչքան ուտել, մարդկանց մասին ինչպես մտածել, ինչ լսել, ինչքան լսել, ինչ չխոսել, ինչպես զսպել բարկությունը, ներել, թե չներել, կաշառք վերցնել, թե պարզապես օգնել, մեկի տունը քանդել, թե պարզապես մարդուն մխիթարել, ընտանիքում ինչպես վարվել, երեխաների, ծնողների ու ամուսնու նկատմամբ ինչպես վերաբերվել եւ այսպես շատ ու շատ որոշումներ: Մենք այսպիսի որոշումներ պիտի ընդունենք ամեն օր:
Տեր Հիսուսը մեզ ասում է, որ այդ որոշումներից է կախված մեր հաջորդ քայլը, այսինքն՝ մեր գործերը: Իսկ գործերը, որ միշտ կրկնվում են, դառնում են մարդու սովորությունը: Իսկ սովորությունը ձեւավորում է մարդու բնութագիրը: Ու թե ինչ բնութագրով կկանգնես Աստուծո դատաստանի առաջ, կվորոշի քո հավիտենական հանգրվանը, թե դու կապրես դրախտում՝ Աստուծո հետ իր երանության մեջ, թե դժոխք կգնաս:
Սիրելի բարեկամ, մեր կյանքն իրական դրամա է, ուր ամեն վայրկյան մենք պետք է որոշումներ կայացնենք: Տեր Հիսուսն իր առակներում անչափ լուրջ էր այս դրամայի մասին, որոշումներ կայացնելու ու դրանց հետեւանքների մասին:
Մեր կյանքը չարի ու բարու տիեզերական ճակատամարտի մեջ է ու մեր որոշումներից է կախված մեր վերջնական հանգրվանը: Այս մասին Տեր Հիսուսի ամենախիստ զգուշացումները գալիս են առակների տեսքով, ուր նա մեզ հրատապ կերպով զգուշացնում է ամեն պահ ճիշտ որոշումներ կայացնել մեր մտքում ու գործել դրանցով, որպեսզի դրանք սովորություն դառնան ու մեր բնութագիրը ձեւավորեն Աստուծո առաջ:
Այս կյանքը ժամանակավոր է ու ժամանակավոր բաներով տարվելը, երբ անտեսում ես հավիտենական բաները, տանում է կորստյան: Շատ սխալ որոշում է, երբ դու միտքդ դնում ես ժամանակավոր բաների վրա, անտեսելով հավիտյան բաները: Դա նույնիսկ բանական չէ:
Երբ դու որոշում ես կայացնում, թե ինչին կարեւորություն տաս ու ինչին նվիրես քո ժամանակն ու մտքերը, հարցրու ինքդ քեզ, այն, ինչին դու նվիրվում ես, ժամանակավո՞ր է, թե՞ հավիտենական, անցողի՞կ է, թե՞ մշտական: Քեզ նվիրի աստվածային հավիտենական բաներին, որպեսզի մշտական ապրես Աստուծո հետ: Տերը մշտապես մեզ ցույց է տալիս, թե ինչքան կարեւոր են մեր որոշումները: Մեր մտքերը ծնում են գործեր, գործերը՝ սովորություններ, սովորությունները ձեւավորում են մեր բնութագիրը, իսկ բնութագիրը որոշում է մեր վերջնական հանգրվանը, թե դու կապրես Աստուծո հետ, թե՝ ոչ:
Ահա ձեզ հրավիրում եմ նորից կարդալ Տեր Հիսուսի 37 առակները այս լույսի տակ: Տեսեք, թե ինչպես է Տեր Հիսուսը տարբեր պարզ իրավիճակներում մեզ ցույց տալիս սխալ որոշումները ու սովորենցում կայացնել ճիշտ որոշումներ: Տեսնելով, թե նա ինչպես է մեզ հորդորում չհետաձգել այս բաները, մենք պետք է նույնպես հենց այսօր, ամենայն լրջությամբ, մոտենանք այս հարցին ու սկսենք ճիշտ որոշումներ կայացնել մեր առօրյա գործերի մեջ: Ամեն անգամ, երբ դուք մի բան մտածեք կամ մի գործ ձեռնարկեք, ինքներդ ձեզ հարցրեք՝ սուրբ մարդն այսպես կանե՞ր, Աստուծո զավակն այսպես կանե՞ր, երբ Աստված նայի ինձ այս բանը մտածելիս կամ անելիս, Նա ինչ կմտածի իմ մասին, եւ ճի՞շտ է, որ քրիստոնյան այսպիսի բան անի:
Սիրելի բարեկամ, անցյալ շաբաթ Youtube-ի իմ էջում սկսել եմ հատուկ խորագիր՝ «Տեր Հիսուսի Առակները» վերնագրով: Բոլորիդ հրավիրում եմ բաժանորդագրվել, որպեսզի առաջիկա օրերին վերլուծենք Տիրոջ առակները ու տեսնենք, թե ինչ որոշումներ կայացնել է նա մեզ սովորեցնում ամեն առակի մեջ:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
«Առավոտ»
22.11.2017