Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ երբեմն խանգարում է ներսիս ռեժիսորը»

Նոյեմբեր 23,2017 13:00

Ըստ Արա Գեւորգյանի, խաղացանկային թատրոնի առաքելությունը հանդիսատեսի ճաշակը բարձրացնելն է

Մշակույթի ոլորտում խորհրդային ժամանակներից ամենաերկարակյացը խաղացանկային թատրոններն են: Սակայն երբեմն կայանում են պրեմիերաներ, որոնք 3-4 ներկայացումից հետո դուրս են մղվում խաղացանկից: Բայց կան թատրոններ, որոնց որոշ ներկայացումներ մի քանի տասնամյակ խաղացանկում են, ինչպես օրինակ՝ դրամատիկական թատրոնում Պ. Սեւակի «Անվերջ վերադարձ», Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն» խանդիկյանական բեմադրությունները:

«Առավոտի» զրուցակիցը՝ հիշյալ թատրոնի դերասան Արա Գեւորգյանը թեմայի վերաբերյալ մեջբերեց Վախթանգովի հանրահայտ խոսքը. եթե չկա թատերական տոն, չկա ներկայացում: Հետո էլ հավաստիացրեց, թե 2003թ.-ից թատրոնում է եւ չի հիշում, որ ընդամենը 2 կամ 3 անգամ խաղացվի իրենց որեւէ ներկայացում: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ ներկայումս զբաղված է Գրիգոր Խաչատրյանի ռեժիսուրայով Ռեյ Կունիի «Զվարճալի կատակերգություն հյուրանոցում», Խուան Խոսե Ալոնսո Միլիանի «Ցիանակալիում կաթով կամ առանց կաթի» ներկայացումներում:

Արա Գեւորգյանը նաեւ ճանաչված է իր բեմադրություններով: Մասնագետները մտաբերում են նույնիսկ նրա առաջին աշխատանքը՝ Ջ. Քիլթիի «Սիրելի ստախոսը» (2013թ.), որոշ մոնոներկայացումները եւ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի խաղացանկային՝ Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը» (2016թ.): Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ չի՞ հանդգնում իր թատրոնում՝ դրամատիկականում ներկայացումներ իրականացնել, արվեստագետը պատասխանեց. «Ցանկություն կա, պատասխանատվությունը շա՜տ մեծ է, չէի ուզենա առաջին գործս տապալումս լինի: Ինչ վերաբերում է արտիստական թատրոնում Շեքսպիր բեմադրելուն, այդ թատրոնի խաղացանկում Շեքսպիր չկար, մինչդեռ Մհեր Մկրտչյանը ժամանակին նախաձեռնել էր «Կամակոր կնոջ սանձահարման» աշխատանքները… Իսկ դրամատիկականի խաղացանկում են անգլիացի հանճարի երկու գործ՝ «12-րդ գիշերը» եւ «Հուլիոս Կեսարը»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու ռեժիսոր-դերասանին ձգում են այլազգի հեղինակների գործերը, օրինակ, բարձրարվեստ էր իր ռեժիսուրայով ու խաղով Չեխովի «Ծխախոտի վնասի մեսին» մոնոպատկերը: Մեր զրուցակիցն ասաց, որ «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 2018թ. իրականացնել բեմադրություն ըստ Հրանտ Մաթեւոսյանի «Ջաղացը» պատմվածքի, որի հիմքում ընկած է Իսահակյանի «Համբերանքի չիբուխը»: Հարցին՝ դժվար չէ՞ այլ ռեժիսորի «ձեռքի տակ» աշխատելը, ստացանք հետեւյալ պատասխանը. «Դժվարության պահեր լինում են: Իհարկե, ինձ այդ դեպքում խանգարում է ներսիս ռեժիսորը… Փոքրիկ խորամանկ քայլեր էլ են լինում, ինչն անում եմ ներկայացման ժամանակ»:

Անդրադառնալով շուրջ քառորդ դար ժամանակ առ ժամանակ շրջանառվող մտքին, թե խաղացանկային թատրոնները իրենց սպառել են, Արա Գեւորգյանը ասաց. «Խաղացանկային թատրոնը բոլոր ժամանակներում, այսօր նույնպես, հանդիսատեսի ճաշակը բարձրացնելու խնդիր ունի: Իսկ հակառակ դեպքում մեզանում կգերիշխեն օճառային պղպջակները»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

22.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    Շատ հետաքրքիր հարցազրույց է: Շնորհակալություն Սամվել Դանիելյանին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930