Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում նախկին ամուսնու կողմից վնասվածքներ ստացած Լիլիթ Հովհաննիսյանը դեռ աշխատանքի չի վերադարձել: Նրա հայրը՝ Էդգար Հովհաննիսյանը, Aravot.am-ին ասաց, որ դստեր առողջականը դեռ ամբողջովին չի վերականգնվել:
Էդգար Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ դեռեւս առերեսումներ չեն եղել նախկին փեսայի, վերջինիս կողմից իր տուժած աղջկա ու մոր միջեւ, բայց առաջիկայում կառերեսվեն, սպասում են քննիչի նշանակած օրվան:
Ըստ Էդգար Հովհաննիսյանի՝ պատանդ վերցված երեք տարեկան երեխայի վիճակն էլ դեռ ամբողջովին վերականգնված չէ. «Էնքան էր վախեցել երեխան, որ մինչու հիմա միայն կարողանում է ասել՝ մամա, պապա, արի, մի գնա, ուրիշ բան էդ երեխան չի խոսում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ 2017թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 16:25-ին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Պարզվել է, որ այդ քաղաքացին Արգամ Հովիկյանն է, որը դանակի սպառնալիքով մանկապարտեզում պատանդ է պահել 3-ամյա երեխայի՝ պահանջելով հանդիպում իր նախկին կնոջ հետ:
Արգամ Հովիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով: Նա կալանավորված է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ