Գյումրու բրենդավորմամբ զբաղվող Deem Communications կազմակերպությունը մարտ ամսից հետազոտություններ է անցկացրել՝ պարզելու, թե ինչպիսին է Գյումրին սփյուռքահայերի ու Հայաստանի բնակիչների աչքերով, եղե՞լ են նրանք այս քաղաքում, թե՞ ոչ։ Կազմակերպությունը Գյումրու բրենդը ստեղծելու նպատակով հետաքրքրվել է, թե ի՞նչ գույներ ունի Գյումրին, ի՞նչ կենդանու հետ են նույնացնում, ի՞նչը կստիպի մարդկանց այցելել Գյումրի։ «Տարբեր են մարդկանց պատկերացնումները․ նրանք, երբ նշում են կենդանու, պարզաբանում են, թե ինչու են նշում։
Օրինակ՝ շատ է հիշատակվել արջը, որովհետև շատերի մոտ միանգամից ասոցացվում է Արթուր Ալեքսանյանի հետ, բազե, բնականաբար Գյումրիում շատ բազեներ կան, գայլը։ Նշվում է գյումրեցիների թասիբը, իսկ գայլը շատ թասիբով կենդանի է, մի կողմից գայլերը իրար մեջ շատ համախմբված են, մյուս կողմից՝ կարող են միայնակ լինել ու ինքնուրույն։ Իսկ գույներից հիմնականում նշել են ճարտարապետական գույները՝ սևը և մոխրագույնը։
Նշել են նաև դեղինը, ավազի գույնն ու կապույտը, շատ քիչ է հիշատակվում, բայց բավականին հետաքրքրիր ասոցիացիա է մանուշակագույնը, որը փյունիկի՝ մոխիրներից հառնող թռչունի գույնն է»,-ասաց նախագծի ղեկավար Կարինե Արոնյանը։
Իսկ թե ովքե՞ր են այն մարդիկ, որոնց մեջ հավաքված է Գյումրու դիմագիծը, հարցման ենթարկվածների մեծ մասը նշել են Մհեր Մկրտչյանին, Հովհաննես Շիրազին, Ավետիք Իսահակյանին, Արթուր Ալեքսանյանին, Տիգրան Համասյանին․․․
Հիշեցնենք, որ Գյումրու բրենդավորման նախագծի համար ներդրվել է 35 հազար եվրո, դեկտեմբերի սկզբին կներկայացվի բրենդավորման էսքիզը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ