Երեկ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ ոչ մարզական պահվածքի համար ազգային հավաքականի անդամ Ռայան Բոաթրայթը հեռացվում է թիմից: Սակայն բասկետբոլիստը զղջացել է դրա համար, ներողություն եւ հավաքականում խաղալու եւս մեկ շանս ստանալու հնարավորություն է խնդրել, ինչին մարզչական շտաբը եւ ֆեդերացիայի ղեկավարությունը ընդառաջ են գնացել՝ պայմանով, որ նման բան այլեւս չի կրկնվի:
Մեր բասկետբոլիստներն այսօր առավոտյան ժամանել են Տիրանա, որտեղ վաղը կհյուրընկալվեն Ալբանիայի ընտրանուն։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որ Ռայան Բոաթրայթը ազգային թիմի կազմում այս գիշեր մեկնել է Տիրանա ու նույնպես պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային՝ Ալբանիա- Հայաստան հանդիպմանը:
Խաղը կկայանա նոյեմբերի 23-ին, Երևանի ժամանակով 20:30-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀԲՖ-ի