«Ծառայողական քննություն պետք է իրականացվի եւ արդյունքները, իրականությունը պարզ կլինի»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ Արցախում ականի պայթյունից 3 զինծառայողի զոհվելու դեպքի առնչությամբ:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, թե պատասխանատվություն ո՞վ պետք է կրի այս դեպքի հետ կապված՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ քննություն է գնում, արդյունքները պարզ կլինեն եւ կիմանան. «Այս պահին կարեւոր չի ով ինչ է խոսում»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե այս դեպքի համար նրանց ընտանիքները 1000 դրամների հիմնադրամի շահառու կդառնա՞ն, նրանց փոխհատուցում կտրվի՞: Փոխնախարարը պատասխանեց, որ դա պարզ կլինի, երբ ծառայողական քննության արդյունքում հայտնի դառնան դեպքի հանգամանքները. «Ամեն ինչն էլ ունի իր լուծումները: Ցավոք, առաջնագծում լինում են նաև նման երեւույթներ: Մենք պետք է լիարժեք խորամուխ լինենք խնդրի մեջ եւ հետո պարզ կլինի` արդյոք դա որևէ մեկի՞ մեղքով է եղել, թե՞ անզգույշ գործողությունների հետեւանք էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ