Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կառավարության ներկայացուցիչները եւ պատգամավորները հանդիպեցին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ, որոնք դժգոհ են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով տարկետման իրավունքի սահմանափակումից:
Քննարկմանը մասնակցում էր նաեւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:
Լրագրողները քննարկումից հետո նախարարին հարցրեցին՝ քննարկմանը ներկա պատգամավորներից մեկի որդին տարկետումից է օգտվել եւ բանակում չի ծառայել, սա ինչպե՞ս կմեկնաբանեք, հիմա այդ մարդը կանգնել եւ բոլորին ասում է՝ «պիտի սաղդ գնաք բանակ», բայց իր տղան չի ծառայել: Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կմեկնաբանեմ, եթե չգիտեմ»:
Խոսքը, մասնավորապես, Ֆելիքս Ցոլակյանի մասին է, չի ծառայել նաեւ քննարկմանը մասնակցող Հակոբ Հակոբյանի որդին: Լեւոն Մկրտչյանը հորդորեց նրանց հարցնել, թե ինչու իրենց որդիները չեն ծառայել: Հարցին՝ որքանո՞վ է բարոյական, որ երբ նրանց որդիները չեն ծառայել, նրանք բոլորին պահանջում են ծառայել: Նախարարը ի պատասխան՝ հորդորեց այդպիսի հարցերով իրենց ձեռնարկած «լավ գործընթացը» չփոխել: Նա աասց. «Ես տեղյակ չեմ, մինչեւ փաստերը չիմանամ՝ չեմ մեկնաբանի»:
Ինչ վերաբերում է ուսանողներին, նախարարն ասաց, որ շատ հարգում է նրանց, որովհետեւ շատ մտահոգված են խնդրով եւ գաղափարախոսություն ունեն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ